451 թվականի մայիսի 26-ին է տեղի ունենում հայոց պատմության ամենից նշանավոր ճակատամարտը՝ Ավարայրը։ Հայկական զորքերը բախվում են մեծաթիվ պարսկական բանակի հետ։ Ըստ այս իրադարձության մասին պատմող Եղիշե ու Ղազար Փարպեցի պատմիչների ճակատամարտը տեղի է ունենում Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին․
Այսպես կարգավորեց ու ճակատ կազմեց՝ սփռելով դաշտի ամբողջ երեսին, Արյաց զորքի դեմուդեմը, Տղմուտ գետի ափին։
Եվ երբ այս այսպես պատրաստվեց, երկու կողմերն էլ սրտմտությամբ և մեծ բարկությամբ զայրացան և գազանացած զորությամբ միմյանց վրա հարձակվեցին. երկու կողմերի աղմուկն ու աղաղակը ճայթում էր ինչպես իրար խառնված ամպերի միջից, և ձայների դղրդյունը շարժում էր լեռների քարանձավները։ Բազմաթիվ սաղավարտներն ու զրահապատված զորականների զենքերը փայլում էին ինչպես արևի ճառագայթների շողեր։ Նաև բազմաթիվ սուսերների շողալուց և բազմախուռն նիզակների ճոճվելուց կարծես ահագին կրակ էր թափվում երկնքից։ Որովհետև ո՞վ կարող է պատմել ահավոր ձայների մեծ իրարանցումը, և թե ինչպես վահանավորների թնդյունն ու աղեղների լարերի ճայթյունը առհասարակ խլացնում էին բոլորի ականջները։
Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին

Ճակատամարտի այս էպիկական նկարագրություններից զատ, հետաքրքիր է, թե ինչո՞ւ է ճակատամարտը տեղի ունենում Տղմուտ գետի ափին, ո՞րն է այդ գետը, որտե՞ղ է այն այսօր գտնվում։ Պատմական Արտազ գավառի Տղմուտ գետն այսօր նույնացվում է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Զանգիմար կամ Մակու գետի հետ (պարսկերեն՝ Rūd-e Zangemār)։ Ամենայն հավանականությամբ գետը «Տղմուտ» է կոչվում կապված տիղմի, պղտոր ջրերի հետ։ Գետը գոյություն ունի մինչ այսօր։ Այն շարունակվում է հոսել Իրանի հյուսիս-արևմուտքում Մակու քաղաքի մոտակայքում։

Ավարայրի ճակատամարտի վայրի ընտրությունը պատահական չէր։ Ըստ պատմական սկզբնաղբյուրների և ուսումնասիրությունների, այդ շրջանը գտնվում էր Սասանյան Պարսկաստանի և Հայաստանի սահմանագծի մոտ՝ Վասպուրականի հարավ-արևելյան հատվածում։ Ժամանակակից տեղագրությամբ այն համապատասխանում է Իրանի հյուսիս-արևմուտքի Չորս–Մակու շրջանին։ Այդ տեղանքով անցնում էին Պարսկաստանից Հայաստան եկող ռազմական ճանապարհները։ Բացի այդ գետի հովիտը հնարավորություն էր տալիս տեղավորել մեծ բանակներ, և բաց դաշտը հարմար էր հեծելազորի գործողությունների համար։
Ռազմավարական առումով կարևոր էր նաև, որ Տղմուտը գարնանը վարարող, ճահճոտ և տիղմաշատ գետ էր։ Դա կարող էր դժվարեցնել հատկապես պարսկական ծանր հեծելազորի և փղերի տեղաշարժը։
