Հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկի՝ Սուրբ Սարգսի տոնն ու պաշտամունքը տարբեր սովորույթներին ու ծեսերին զուգահեռ ունի իր ընդգծված սննդային բաղադրիչը։ Այսինքն՝ կան տոնի հետ կապված որոշակի ծիսական ուտելիքներ ու դրանց գործածությունը հիմնավորող ավանդություններ։ Ուշագրավ է, որ տոնին նախարդում է հնգօրյա Առաջավորաց պահքը, այսինքն ուտելիքի օգտագորխման սահմանափակումը, որը թեև Սուրբ Սարգսի հետ կապ չունի, սակայն, ժողովրդի մեջ տարածված է եղել հենց Սբ․ Սարգսի պահք անունով։ Պահքից հետո առաջին ուտելիքը, որ ուտում էին փոխինձն էր։
Փոխինձ ու խաշիլ
Բոված ցորենի ալյուրից պատրաստվող այս ծիսական ուտեստը ժողովրդի մեջ կոչվում էր նաև Սուրբ Սարգսի փոխինդ։ Ընդ որում նույն բովված ալյուրից երկու տեսակ ուտեստ էր պատրաստվում՝ փոխինձ, երբ ալյուրը շաղախում էին մեղրաջրով կամ խաղողահյութով, մյուսը՝ խաշիլ, որն ուտում էին յուղով։ Սակայն, ամեն փոխինձ ծիսական չէր համարվում։ Ծիսական էր այն փոխինձը, որի ցորենը խարկվել էր և ալյուրն էլ աղացվել էր Սուրբ Սարգսի տոնի նախօրեին։ Փոխինձի ալյուրը սփռում էին տախտակի վրա կամ ափսեի մեջ ու դնում տանիքին՝ ակնկալիքով, որ Սուրբ Սարգիսը գիշերը կգա և իր պայտի հետքը կթողնի։ Այս ընթացքում նաև աղոթք էին ասում․ «Մեռնիմ քի. ատենահաս բոզ ձիավոր սըփ Սարգիս. դու կգաս քու ձիու ոտ զարկիս մեջ»։
Ըստ ուսումնասիրողների, մասնավորապես Սարգիս Հարությունյանի այս սովորությամբ սրբազան ուտելիքը մատուցվում էր սրբին որպես զոհաբերություն։ Ըստ ժողովրդական հավատալիքների Սուրբ Սարգիսը սպիտակ ձիով իր հարսնացուի հետ շրջում էր տներով և որտեղ փոխինձ էր տեսնում, իր ձիու պայտի հետքը որպես օրհնություն թողնում էր փոխինձի վրա։
Փոխինձն ու հողմի աստվածությունը
«Փոխինդի ալյուրը և ալյուրն առհասարակ, որ հողմի կամ փոթորկի հին հնդեվրոպական աստվածությունների նվիրական կերակուրն է , խորհրդանշում է մանրափաթիլ գորշ կամ սպիտակ ձյունաբուքի ֆիզիկական երեւույթը, որի վկայությունն առկա է նաեւ ս.Սարգսի մասին պատմվող ավանդազրույցներից մեկում», -գրում է Ս․ Հարությունյանը։
Ըստ այդ ավանդության, մի մարդ ցանկանում է բռնությամբ ամուսնանալ իր սեփական դստեր հետ, աղջիկը հակառակվում է և օգնության է կանչում Սբ․Սարգսին։ Աղջիկը վազում ընկնում է նրա Սրբի գիրկը։ Սուրբն աղջկան առնում է ձիու գավակին։ Հոր հետապնդումից խուսափելու համար աղջիկը գրպանից փոխինդի ալյուր է հանում և շաղ տալիս օդի մեջ։ Հետո օգնության է գալիս Սբ․Սարգսի փոթորիկն, որը փոխինդը փչում է հոր աչքերի մեջ։ Ըստ մեկ այլ հավատալիքի, գարնանը կամ ամռանը, երբ կարկուտ է տեղում, այն դադարեցնելու համար տան մեծը՝ մի ծերունի կամ պառավ, շաղ էր տալիս փոխնդի ալյուր, ստացված այն ցորենից, որը խարկվել ու աղացվել է Սբ․ Սարգսի պասի ժամանակ։
«Այս արարողության նպատակը հավանաբար այն է եղել, որ ծիսական այդ փոխինդն իբրեւ փոթորկի խորհրդանիշ, կրկին փոթորիկ բարձրացնի և ցրի կարկտաբեր ամպերը», -գրում է Ս․ Հարությունյանը։
Աղի բլիթն ու սիրահարի ծարավ սիրտը
Այս տոնի մինչ օրս էլ կիրառվող սննդային գլխավոր բաղադրիչը աղի բլիթի ճաշակումն է։ Տոնին նախորդող ուրբաթ գիշերը երիտասարդները աղի բլիթ էին ուտում և հավատում, որ երազում կտեսնեն իրենց ապագա կնոջը կամ ամուսնուն, որն իրենց ջուր կտա։ Բացի այս որոշ վայրերում երիտասարդ աղջիկները շաղախված փոխինձից պատրաստած բրդուճ էին դնում տանիքին ու հետևում, թե որ տանիքի վրա կթռչի բրդուճը վերցրած ճնճղուկը։ Այս միջոցով էլ կանխորոշվում էր, թե գյուղի որ տանն է ապրում ապագա փեսացուն։
Աղբյուրը՝ Սուրբ Սարգիս, (Նստաշրջանի նյութեր), Երևան, 2002։