• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչո՞ւ էր Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ․ Շիրվանզադեի «Քաոսը»

Ինչո՞ւ էր Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ․ Շիրվանզադեի «Քաոսը»

Հայ գրականության ամենահայտնի վեպերից մեկի՝ «Քաոսի» առաջին նախադասությունը՝  «Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ էր», թերևս մեր արձակի ամենից ճանաչելի սկիզբն է։ Ինչո՞ւ էր հիվանդացել հայ մեծահարուստը, արդյոք նա՞ էր միայն հիվանդ, ի՞նչ իմաստներ է հեղինակը խտացրել այս նախադասության մեջ։ 
 
 
Ինչո՞ւ էր Մարկոս աղա Ալիմյանը հիվանդացել
 

Առաջին հայացքից պատասխանը  պարզ է․ ըստ բնագրի՝ թոքերի բորբոքում, սակայն նաև տարիքը, հոգսերը, լարված կյանքը, հարստությունը, ընտանեական խնդիրները։  Բայց վեպի գեղարվեստական աշխարհում հիվանդությունը ունի այլ՝  սոցիալական, բարոյական և  փիլիսոփայական մեկնաբանություն։ Մարկոս աղան սովորական անհատ չէր, այլ մի ամբողջ սոցիալական դասի մարմնավորում։ Նա կապիտալի կուտակման, տնտեսական պայքարի, շահի առաջնայնության խորհրդանիշ էր։ Այդ իմաստով նրա հիվանդությունը կարելի է ընթերցել որպես ամբողջ  համակարգի հիվանդության «ախտանիշ»։ Իսկ Բաքվի հասարակության այդ շերտը հիվանդացել էր, որովհետև  քայքայվել էր բարոյապես, այլասերվել էին մարդկային հարաբերությունները, մշտական մրցակցությունն ու միմյանց նկատմամբ  անվստահությունը խաթարել էին բնականոն շփումները։ Եվ ամենակարևորը, չկար հաստատուն որևէ արժեք․ մարդը ամեն պահի կարող էր կորցնել  հարստությունը, հեղինակությունը, ընտանիքը։ Այսինքն՝ ըստ Շիվանզադեի՝  Մարկոս աղան հիվանդ էր, որովհետև անառողջ էր այն աշխարհը, որն ինքը կառուցել էր։

 

Քաոսի վերջը՞, թե՞  սկիզբը

 

Սկզբում կարող է թվալ, որ Մարկոս աղայի մահով, ինչ-որ բան կփոխվի և դեպի լավը կգնա, սակայն, ընդհակառակը։ Այս հիվանդությամբ և մահով սկսվում  են այլ բարդ գործընթացները․ պայքար ժառանգության համար, ընտանիքի մասնատում,  նախկինում ծածկված արատավոր երևույթների հայտնի դառնալ։  Այսինքն հիվանդությունն ու մահն են քաոսի պատճառը, բայց միաժամանակ արդեն եղած, բայց քողարկված քաոսն է հիվանդության պատճառը։ 

 

Հիվանդ մարմին և հիվանդ քաղաք

 

Եթե վեպի առաջին նախադասության մեջ հերոսի անվան փոխարեն դնենք գործողությունների վայրի՝ Բաքվի անունը, կտեսնենք, որ Շիրվանզադեն կառուցում է ուշագրավ զուգահեռ Մարկոս աղայի և քաղաքի միջև։ Հիվանդությունը դառնում է  հասարակության մեջ տեղի ունեցող ավելի ծանր երևույթի նշան։ Հարց է առաջանում․ իսկ ո՞վ է մեղավոր այդ հիվանդության համար՝ քաղաքը, միջավայրը, ժամանակը, գուցե մարդի՞կ։ Վերջնական պատասխան տալը դժվար է։ Գուցե բոլորը միասին։ Քաոսը կար մինչ այդ էլ,  ուղղակի հիվանդությունը բացահայտում է այն։  Ըստ այսմ էլ՝ «Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ էր» նախադասությունը ոչ միայն դիպաշարի հաջող մեկնարկ է, այլև վեպի գաղափարական առանցքն ու այն ընկալելու բանալին։    

 

Ալեքսանդր Շիրվանզադե
ՔԱՈՍ
(հատված)
 
Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ էր։

Յոթ օր առաջ նա իր նոր կառուցվող տասնումեկերորդ տան վրա արհեստավորներին պատվերներ տալիս մարմնի մեջ զգաց անսովոր ցուրտ, եկավ տուն, պառկեց անկողին և այլևս չկարողացավ վեր կենալ։ Բժիշկները մարդուն ուշադիր քննեցին և միաձայն հաստատեցին թոքերի բորբոքում։

Լուրը նույն ժամին տարածվեց ամբողջ քաղաքում։ Ո՛վ չէր ճանաչում կալվածատեր և հանքատեր Մարկոս Ալիմյանին — այդ վաթսունհինգ տարեկան, կլորիկ մարմնով, ուռած թշերով, եռանդուն ու աշխույժ ծերունուն և չէր լսել նրա բազմավաստակ կյանքի խրատական պատմությունը։ Ուղիղ հիսուն տարի առաջ, թողնելով իր աննշան ծննդավայրը, եկել, հաստատվել էր այն փոքրիկ, աննշան ծովեզրյա քաղաքը, որին վիճակված էր մոտիկ ապագայում ստանալ համաշխարհային հռչակ՝ իր ստորերկրյա գանձերի շնորհիվ։

Այժմ տասնուիններորդ դարի վերջին քառորդում նրա մասին կազմվել էին կատարյալ առասպելներ։ Պատմում էին, որ նրա հոյակապ տան ներքնահարկում կա մի առանձին սենյակ՝ մթին ու սառն ինչպես շիրիմ։ Ոչ մի հողեղեն էակ նրա երկաթե դռներով ներս չի մտել։ Այնտեղ են դարսված Մարկոս Ալիմյանի ոսկիներով լի տոպրակները։ Ասում էին, որ ամեն գիշեր մռայլ ծերունին մեն-մենակ, ​երկայն թավիշե խալաթը հագին, գիշերային սև թասակը գլխին, ձեռին բռնած մի ճրագ, իջնում է վար, բաց է անում երկաթե դռները ժանգոտ բանալիով, համրում է տոպրակները և ավելացնում նոր ոսկիներ: Հավատացնում էին, թե այնտեղ մի պողպատե պահարանի մեջ փայփայելով պահում է այն տրեխները, որոնցով գաղթել էր իր ծննդավայրից տասնուհինգ տարեկան հասակում։ Ասում էին նաև այն, որ զատիկ ու ջրօրհնեք տոների նախընթաց գիշերը, մի զույգ մոմ վառելով, աղոթում է պահարանի վրա չոքած և օրհնում է նվիրական տրեխները։

Նրա հոյակապ տները, որ հպարտ ճակատներով կանգնած էին քաղաքի կենտրոնական փողոցներում, մի-մի փուշ էին դարձել քաղաքացիների աչքում, նրա բազմաթիվ հողերից բխող նավթը խեղդում էր և գործարանի ծուխը կուրացնում նրանց աչքերը։ Բայց մարդիկ գիտեին ինչպես զովացնել իրենց նախանձավառ սրտերը։ Չէ որ Մարկոս Ալիմյանը եղել է ջրկիր, հետո դռնապան, հետո խոհարար, հետո մրգավաճառ, այնուհետև գինեվաճառ և այլն, և այլն... Եվ ոչ մի գործ նա չի վարել ազնվաբար։ Գնալով Ռուսիա, նա այնտեղից բերել է կեղծ դրամներ և տգետների վրա սազացրել։ Նա խաբել է, գողացել է, գռփել ու կողոպտել է խեղճերին, նա նույնիսկ թունավորել է իր մի ընկերոջը։ Նա ժլատ է, նրա ձեռները դողում են գրպանից դրամ դուրս բերելիս, ապրել չգիտե, դրամն է նրա հավատը, հոգին, աստվածը։ Նրա ընդարձակ տունը, ուր ոչ մի օթյակ ծածկված չէ պաստառով, մռայլ բանտ է իր կնոջ ու զավակների համար։ Այնտեղ կահ-կարասի չկա, ծառա չկա, խոհարար չկա։ Նա իրեն տան համար պաշարեղեն ինքն է տուն բերում իր ձեռքով առավոտները կանուխ, որ ոչ ոք չտեսնե։ Նա գրպանում ունի երկաթաթելից շինած մի օղակ և միայն այն ձուն է գնում, որ այդ օղակով չի անցնում և շատ անգամ պտտում է ամբողջ շուկան այդ չափի ձվեր գտնելու համար։

Շատ շատերը գիտեին, որ այդ բոլորը մտացածին է, որ Ալիմյանի տանը ծառաներ էլ կան, խոհարար էլ, կահ-կարասի էլ, նույնիսկ փարթամ կահ-կարասի։ Գիտեին, որ եթե Մարկոս աղան մի օղակ ունի, այդ այն է, որով անխնա ​սեղմում է իր պարտապանների կոկորդը։ Բայց սև նախանձը կուրացրել էր մարդկանց և հնարում էին ամեն ինչ, որ կարող էր քիչ թե շատ հանգստացնել կյանքի անհաջողություններից ժանգոտված ու թթված սրտերը։

Սանձարձակ ծաղրում էին, զրպարտում, հայհոյում քաղաքի առաջին միլիոնատիրոջ, սակայն միայն հետևից։ Իսկ երբ աղան, կլորիկ փորը դուրս ցցած, բադի պես աջ ու ձախ հրհրվելով, գնում էր փողոցով կամ անցնում էր խանութից խանութ և կամ կլուբ էր մտնում, ամենքն աշխատում էին որսալ նրա հայացքը, որպեսզի բարևեն խոնարհ և արժանանան նրա արհամարհական պատասխանին։ Այնինչ Մարկոսը, այդ նախկին ջրկիրը, դնռապանը, ինքը ոչ ոքի բարևին չէր սպասում, բացի մեկից և այդ մեկը երկրի իշխանն էր — նահանգապետը։ Քսանուհինգ տարի էր, որ վերադարձնում էր իր ինքնասիրության և պատվի կորուստները, ընդունելով ուրիշներից այն, ինչ որ ինքը քսանուհինգ տարի շարունակ շռայլել էր իրենից մեծերին ու զորավորներին։

Եվ ահա այսօր մեռնում է անվանի քաղաքացին, խելացի մարդը, տոկուն վաճառականը, որ ամբողջ կյանքն անց է կացրել անդուլ գործունեությամբ, քրտինքը ճակատին, խիղճը հանձնած երկաթե սնդուկին և հոգին գրպանը դրած։

Նրա բնակարանը գտնվում էր քաղաքի կենտրոնում։ Տունը, հարկավ, սեփական էր: Այդ մի երկհարկանի շինություն էր սրբատաշ քարից, տափած, կպրածածկ տանիքով։ Ստորին հարկը բաղկացած էր խանութներից ու գրասենյակներից, վերինն ամբողջովին Ալիմյաններինն էր։

Օգոստոսի չոր և ջերմ օրերից մեկն էր։ Արեգակը թեքվել էր դեպի մուտքը և նրա վերջին ճառագայթները ողողել էին բուսականությունից զուրկ, անհրապույր քաղաքը և նրա առջև տարածված ծովի մակերևույթը։ Ծանր ու ճնշող է այդ քաղաքի արտաքին տպավորությունը։ Հեռվից դիտողին նա իր տափակ տանիքներով, մերկ փողոցներով, պատկերանում է այնպես, որ կարծես մի սոսկալի հրդեհ լափել է բոլորը, ինչ որ կարող է լափել կրակից և թողել է մի վիթխարի ​կմախք։ Շրջակայքն ավազուտ կամ նավթի լճերով ծածկված, այստեղ ոչինչ չի մեղմացնում արեգակի տրոպիկական տապը, նույնիսկ ծովը։ Քարե պատերը շիկանում են կիզիչ ճառագայթներից, ավազը խանձվում է, օդը դառնում հեղձուցիչ։ Բնակիչները շտապում են լողարանները և օրը մինչև երեկո ծովը լի է մերկ մարմիններով, որոնք մերթ փայլփլում են արեգակի տակ և մերթ սուզվում ջրի մեջ որպես դելֆիններ։

Ալիմյանների բնակարանի լուսամուտները դրսի կողմից նայում էին դեպի արևմուտք։ Ամառը, սկսած տասներկու ժամից նրանց փեղկերը միշտ ծածկված էին լինում մինչև մութ երեկո։ Այսօր նրանք բաց էին, բաց էին նաև ապակե փեղկերը և փողոցի տոթն առատորեն հոսում էր ներս։

Այնտեղ տիրում էին անսովոր շարժում և իրարանցում։ Ծառաներն ու գործակատարները շտապ-շտապ դուրս էին գալիս ու ներս մտնում, միմյանց հրամայում, միմյանց վրա բարկանում, զուր աշխատելով չաղմկել։ Տան մուտքի առջև րոպե առ րոպե կանգ էին առնում կառքեր և նրանց միջից դուրս էին գալիս Ալիմյանների ազգականները, բարեկամները, ծանոթները՝ կեղծ ու անկեղծ վշտակցության արտահայտությունը դեմքերի վրա։

Ամենքն շտապում էին մահամերձ միլիոնատիրոջ տունը, որ վերջին անգամ տեսնեն նրան և գուցե մի բան իմանան կտակի մասին։ Այնինչ մահամերձի ննջարանի դռները փակ էին։ Այնտեղ, մահճակալի շուրջը հավաքվել էին մեռնողի ընտանիքի անդամները, մի քանի մերձավորներ, ծխական քահանան և երկու-երեք բժիշկ։ Մյուս այցելուները խմբվել էին հյուրասենյակում։ Այդտեղ օդն այնքան խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել և չնայելով դրան, եկողը չէր ուզում հեռանալ։ Թանկագին պարսկական գորգերից բարձրացել էր նոսր փոշի։ Լուսամուտների թանձր ասվյա վարագույրների միջով ներս սփռվող արեգակի շողերը ոսկեզօծում էին այդ փոշին, օդի մեջ գոյացնելով թեք սյուներ, որոնք հետզհետե երկայնանում էին և հորիզոնական ձև ստանում։ Նրանցից մեկի ծայրը հասավ անկյունում մարմարյա վառարանի վրա դրած ​բրոնզե Ժամացույցին։ Փայլեց ձվաձև ապակե ծածկոցը և նրա տակ հրավառվեց գեղեցիկ կնոջ մի արձան վեհ ճակատով, թուրը ձեռին, մի ոտը դրած ամեհի առյուծի կոկորդին, որպես հաղթության աստվածուհի։

Այցելուների համբերությունը քանի գնում սպառվում էր։ Սպասում էին մահամերձի մահին, իսկ նա դեռ չէր մեռնում։ Ոմանք ստեպ-ստեպ թեքվում էին և փակ դռների բանալիի անցքով նայում դեպի մահամերձի սենյակը կամ ականջ էին դնում՝ ճգնելով մի բան տեսնել կամ լսել։ Հետո հեռանում էին, շշնջում միմյանց ականջին և գաղտուկ կատաղի հայացքներ ձգում սրա ու նրա վրա։ Բանն այն է, որ յուրաքանչյուրն իր սրտում գաղտնի աղոտ հույս ուներ՝ որևէ կերպ հիշված լինել Մարկոս աղայի կտակում։

Ննջարանի դռները հանդարտիկ բացվեցին, շշնջյունները վայրկենաբար ընդհատվեցին, ինչպես ագռավների կռկռոցը հրացանի ձայնից: Դուրս եկավ մի մարդ մոտ վաթսուն տարեկան, բարձրահասակ, առույգ ու խրոխտ։ Նրա մաքուր սափրված երեսը, դեմքի խոշոր գծերը, աչքերի սուր արտահայտությունը, խիտ հոնքերը և մանավանդ թանձր ու ալեխառն ընչացքը, որի ծայրերին միացած էին միրուքից մի-մի մաս և քունքերից քաշ ընկած բակերը — նիկողայոսյան զինվորականի տպավորություն էին գործում։ Նա հագած էր ռուս քաղաքացիական աստիճանավորի հնամաշ ու գունատ մունդիր ու կրծքի վրա քաշ արած մի կարմրագույն խաչաձև շքանշան:

— Սրաֆիոն Գասպարիչը,— ասացին այս ու այն կողմից և անմիջապես շրջապատեցին ծերունուն, որ դարձավ մի տեսակ թիկնապահներով պաշտպանված գոռոզ հրամանատար։

— Փո՛ւչ աշխարհ, փո՛ւչ աշխարհ, — արտասանեց աստիճանավորը, աչքերը շրջապատողների վրայով ուղղելով դեպի դիմացի պատն ու կրծքի շքանշանն ուղղելով,- մարդը հոգին չի կարողանում աստծուն տալ որդուն չտեսած․․․

Բոլորը միաձայն զարմացած հարցրին։— Մի՞թե մահամերձ աղայի բոլոր զավակները այս խորհրդավոր պահին նրա մահճակալի քով չեն։

​— Խոսքս մեծ որդու մասին է,— հառաչեց Սրաֆիոն Գասպարիչը, գլուխը տխրորեն շարժելով։

— Մեծ որդո՜ւն. Սմբատի՞ն,— հարցրին շրջապատողները, ավելի ու ավելի մոտենալով ծերունուն և իրարու հրելով։

— Այո՛, Սմբատին,— պատասխանեց Սրաֆիոն Գասպարիչը,— պիտի գա, րոպե առ րոպե սպասում ենք նրան: Մարդը մի շաբաթ առաջ նրա անունը լսելիս դեմքը թթվեցնում էր, հիմա հոգին չի տալիս չտեսած։

— Հեռագրե՞լ եք։

— Իհարկե։ Այսօր սպասում ենք։ Գնացքը ո՞ր ժամին է գալիս Մոսկվայից։

— Հինգ ժամին քառասուն րոպե անցած․․․

— Վեց ժամին հինգ րոպե է մնում, հիմա եկած պիտի լինի,— ասաց ծերուհին, նայելով իր ծոցի ժամացույցին և խումբը ճեղքելով, մոտեցավ լուսամուտներից մեկին:

Բոլորը հետևեցին նրան, միշտ իրարու հրելով ու իրարու առաջելով։

— Գալիս է,— գոչեց մեկը, որ ամենից թեթևաշարժը լինելով, ամենից արագ էր մոտեցել լուսամուտին։

Սրաֆիոն Գասպարիչը շտապեց նախասենյակ։ Մի քանի րոպե անցած վերադարձավ՝ հասակով իրենից մի փոքր ցած, առողջակազմ մի երիտասարդ տղամարդու հետ։ Բոլորը ճանապարհ տվեցին նորեկին, աջ ու ձախ բաժանվելով երկու շարքերի և շտապելով իրենց դեմքերին տալ ավելի տխուր արտահայտություն։ Նորեկը, վերցնելով իր հարդե նեղ եզրերով գլխարկը, բարևեց աջ ու ձախ, քաղաքավարի, բայց շատ սառը և շտապ քայլերով գնաց հիվանդի ննջարանը։ Ներկա եղողները նորից մերձեցան իրար՝ միանգամից փոխելով իրենց դեմքերի տխուր արտահայտությունը մի տեսակ արհամարհականի։

Մահամերձի մահճակալը դրված էր պատի տակ, լուսամուտի առջև։ Մի կողմում կանգնած էր մեռնողի կինն աղջկա հետ, մյուս կողմում՝ որդիները։ Ինքը մահամերձը նստած էր անկողնի մեջ, հենված փափուկ բարձերին, ծնկները մետաքսե վերմակով ծածկած, ուսերն ու կուրծքը կիսով ​չափ մերկ, գլուխն անզոր վար թեքած։ Բժիշկը նորից նրա կաշվի տակ մեջքի կողմից սրսկում էր ինչ-որ սթափեցուցիչ հեղուկ։ Անհրաժեշտ էր քանի մի րոպե ևս պահպանել կյանքը հյուծված ու քայքայված անոթի մեջ։

Մահամերձն աչքերը բաց արավ, գլուխը դանդաղորեն բարձրացրեց։ Նրա դեմքն արդեն ընդունել էր մահանիշ հողագույն ստվերագծեր, բերանի անկյունների բնորոշ ակոսներն այժմ հարթվել էին, կլորիկ երեսը երկայնացել էր, մնում էր ինչ-որ անհանգստության մի թույլ ժպիտ թառամած շրթունքների վրա։

Բժիշկը կամացուկ հաղորդեց նրան որդու ժամանման լուրը։ Նույն վայրկյանին եկվորը, մի կողմ ձգելով գլխարկն ու ճամփու պայուսակը, չոքեց ծերունու մահճակալի առջև և գլուխը թեքեց, որ համբուրե մեռնողի չոր, սառած ձեռը։

Կյանքի վերջին շողը լուսավորեց Մարկոս Ալիմյանի հողագույն դեմքը, աչքերը լայն բացվեցին, և մի անցողիկ ուրախություն վայրկենաբար պարպեց հոնեղ ճակատը, որ նրա վաթսունամյա գոյության ընթացքում երբեք չէր արտահայտել զվարթություն։ Արյունաքամ շրթունքների միջից արձակելով մի խուլ մրմունջ, թույլ ձեռներով գրկեց որդու գանգրահեր գլուխը և սեղմեց կրծքին, որքան կարող էր ամուր։

Տիկին Ալիմյանն սկսեց հեկեկալ։ Նրան հետևեց իր աղջիկը, հետո՝ որդիները։ Այժմ ծերունին կարող էր իր հոգին ավանդել, о՜о, ոչ հանգիստ, ինչպես կփափագեր, այլ մի անջնջելի վիշտ սրտի մեջ։ Ութ տարի էր նա չէր տեսել որդուն, անդրանիկ որդուն, որի վրա այնքան հույսեր էր դրել, որին սիրել էր ամենից ավելի և որին պիտի հանձներ իր բոլոր գործերը։ Եվ ոչ միայն չէր տեսել, այլև չէր ուզում տեսնել, նույնիսկ լսել անգամ նրա անունը։ Ա՜հ, ո՛րքան հուսախաբ արավ նրան այդ սիրված որդին և ո՛րքան տանջանքներ պատճառեց, որպիսի՜ հոգեկան մորմոք, որը թշնամիներից և նախանձամիտներից քաշելու համար հարկավոր էր գերբնական կամքի զորություն։ Անիծվի՛ այն օրը, երբ նա թույլ տվեց ի՛ր Սմբատին գնալ ուրիշ երկիր՝ ուսումը ​շարունակելու, անիծվի՛ նա, որ կորզեց իրենից իր որդուն․․․

Art 365

22.04.2026

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.