Արվեստի պատմության մեջ դժվար է գտնել ավելի հաճախ հանդիպող տեսարան, քան արևածագն ու մայրամուտը։ Դրանք կարելի է տեսնել թե՛ ռոմանտիզմի, թե՛ իմպրեսիոնիզմի գլուխգործոցներում։ Բացի այն, որ արեգակի դիրքի ու շարժման հետ կապված այս երևույթները գեղեցիկ են ինքնին, կան նաև այլ պատճառներ։

Ցորենի արտը բարձրացող արևով, 1889
Առաջին պատճառը, թերևս նկարչության համար կարևորագույն՝ լույսի փոփոխությունն է։ Արևածագի և մայրամուտի ժամանակ մթնոլորտը յուրահատուկ կերպով է բեկում արևի ճառագայթները՝ ստեղծելով գունային հարուստ անցումներ։ Նկարիչների համար սա միշտ եղել է գույների և լույսի հետ փորձարկումներ կատարելու լավագույն հնարավորությունը։

Կլոդ Մոնե, Էտրադա, Դը Ավալ ժայռը, մայրամուտ, 1885
Տպավորիչ են հատկապես իմպրեսիոնիստական բնապատկերենրը։ Կլոդ Մոնեն ու նրա ժամանակակիցները փորձում էին որսալ ոչ թե առարկան, այլ լույսի տվյալ վիճակը։ Ի դեպ, հենց Մոնեի «Տպավորություն․ արևածագ»(Impression, soleil levant, 1872) կտավից է ծնվել այս ուղղության` իմպրեսիոնիզմ անվանումը։

Արևածագն ու մայրամուտը խորհրդանշական մեծ ծանրաբեռնվածություն ունեն։ Այս բնապատկերները լայն հնարավորություն են տալիս խորհրդածելու ծննդի, կյանքի ծագման, անցողիկության, հիշողության և կյանքի ավարտի մասին։

Մայր մտնող արևը, բոցավառ երկինքը, հիացմունքից բացի, երբեմն տագնապներ ու վախեր է ծնում, ինչպես Էդվարդ Մունկի հայտնի կտավում է։
Ծագող կամ մայր մտնող արևի առինքնող պատկերեները ներշնչել են նաև հայ նկարիչներին։ Հատկապես տպավորիչ են Հովհաննես Այվազովսկու այս թեմաներով բազմաթիվ ծովանկարները:

Արևածագը Յալթայում, 1861
Բոսֆորի և Կոստանդնուպոլսի տեսարան, 1856
Այսօր էլ այգաբացն ու արևամուտը ներշնչում են նկարիչներին, քանի որ դրանք բնության այն հազվագյուտ պատկերներից են, երբ իրականությունը ավելի գեղեցիկ է թվում, քան երևակայությունը։