Տարբեր ժամանակներում, ժողովուրդները՝ կապված իրենց կենցաղի ու պատմության, աշխարհի ու տիեզերքի մասին բազմազան պատկերացումների ու հավատալիքներ հետ, տարվա սկիզբը տարբեր օրեր են համարել։ Հունվարի 1-ը որպես տարեսկիզբ առաջին անգամ նշվել է մ․թ․ա 45 թվականից, երբ հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը հաստատեց նոր օրացույցը, որը նրա անունով էլ կոչվում է Հուլիան։
Այլ ժողովուրդներ տարեսկզբի համար պարբերական այլ իրադարձություններ են հիմք ընդունել։ Օրինակ, եգիպտացիների համար տարվա սկիզբը կապվում էր Սիրիուս աստղի երևման հետ, որն ուղեկցվում էր Նեղոսի վարարմամբ։ Ըստ մատենագրական աղբյուրների, հին հայերի համար տարվա սկիզբը օգոստոսի 11-ին էր։ Այդ օրը հիշատակվում է որպես տոն՝ Նավասարդ անունով։ Նույն կերպ է կոչվում նաև տարվա առաջին ամիսը։
Նավասարդը՝ որպես հեթանոս հայերի գլխավոր տոն և ամիս հիշատակում են Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին, Հովհան Մամիկոնյանը, Գրիգոր Մագիստրոսը և այլք։ Մասնավորապես կարող ենք հիշել Գրիգոր Մագիստրոսի Թղթերում պահպանված Արտաշես Ա թագավորի կյանքի վերջին դրվագի վիպական հատվածը․
Ո՞տայր զծուխ ծխանի
Եւ զառաւօտն նաւասարդի
Զվազելն եղանց եւ զվարգելն եղջերուաց.
Մեք փող հարուաք
Եւ թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն է թագաւորաց։
Ըստ Ագաթանգեղոսի, հենց Նավասարդի օրն է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Արածանիի ջրերում մեկ ամբողջ օր մկրտել Տրդատ թագավորին, արքայական ընտանիքն ու արքունիքը։ Նավասարդի օրը հիշատակել են պտղաբերության ու բերքի հովանավոր, նաև հյուրընկալության աստված համարվող Վանատուրին։ Նավասարդյան տոնախմբությունները տևել են մի քանի օր։ Այդ ընթացքում տեղի են ունեցել մրցություններ, ռազմախաղեր, զոհաբերություններ հեթանոսական աստվածներին և հատկապես աստվածների հայր Արամազդին։
Նավասարդ բառը տարբեր կերպ է ստուգաբանվում․ ըստ պահլավերեն-պարսկերենի՝ Նավա-սարդ՝ նոր տարի և սանսկրիտ՝ Նավա-սարատա՝ Նոր ջրերի տոն։
Ուշագրավ է, որ ըստ հայ միջնադարյան աստղագետ, մաթեմատիկոս ու տոմարագետ Անանիա Շիրակացու, Նավասարդը Հայկ Նահապետի որդին էէ։ Այս համատեքստում Հայկը թերևս գերագույն աստված է համարվել և տնօրինել է նաև ժամանակը։ Ըստ այդմ էլ՝ հենց նրա զավակների անուններով էլ հին հայերը կոչել են իրենց ամսանունները՝ Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ և այլն։ Այս անվանումները թեև չեն համապատասխանում Մովսես Խորենացու պատմությունից մեզ հայտնի Հայկի զավակների անուններին, սակայն այսպես է ընդունված եղել միջնադարում։
Որովհետև Հայկ անունով ոմն աղեղնավոր՝ ազգից հսկաՀաբեթի՝ Նոյի որդու, Բաբելոնից գալով տիրեց հայոց։Եվ բնակվեց Հայաստանում և նրա անունով կոչվեցին հայերը։ Նույնպես և նրա որդիներին և դստրերին անուններ տվեցին, որոնց անունները դրվեցին ամիսների վրա՝ որպես մեծարումն հոր և զավակների և դրանք են՝ Նավասարդի, Հոռի, Սահմի, և Մահեկի, Արեգ և Մարեր դուստրերն էին Հայկի։ Տրե, Քաղոց, Արաց և Հրոտից՝ որդիներն էին Հայկի։
Անանիա Շիրակացի