Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթի, հայ ժողովրդի համար սրբազան լեռան՝ Մեծ Մասիսի կամ Արարատի շուրջ հյուսվել են ավանդություններ ու զրույցներ։ Բացի«Ազատն ի վեր ի Մասիս» որսի գնացած ու քաջքերի կողմից շղթայված Արտավազդի ու Նոյյան տապանի ավանդությունները, հայ պատմիչների երկերում պահպանված որոշ ավանդություններ ստուգաբանում են լեռան անվան ծագումը։ Ի մասնավորի, Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ լեռան Մասիս անվան ծագումը կապում է Հայկի սերունդներից՝ Ամասիայի անվան հետ։
«Զլեառնն Ամասիա անուանէ իւրով անուամբ Մասիս»(Ամասիան լեռն անվանում է իր անվամբ՝ Մասիս)։
Անվան այս ստուգաբանությունը տեղավորվում է մեր նախնիների ազգաբանական մտածողության տրամաբանության մեջ, երբ աշխարհագրական տարածքը, լեռները, գետերը և բնակավայրերը կապվում էին առասպելական նախնիների անունների հետ։ Այդ կերպ տեղանունը դառնում էր տոհմական հիշողության մի մասը, իսկ տարածքը՝ նախնիների պատմության կենդանի վկայությունը։
Մասիս անվան ծագման երկրորդ ավանդությունը պահպանվել է է 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի երկում, մասնավորապես այդ գործի Անանուն պատմիչին վերագրվող հատվածում։ Այս ավանդության մեջ Մասիսի անվան ծագումը կապվում է ոչ թե Հայկի սերունդների, այլ Հին կտակարանի Աբրահամ նահապետի ընտանիքի հետ։ Պատմության կենտրոնում Մասեկն է՝ Աբրահամի հարճը։ Ավանդության հիմքում ընկած է Ծննդոց գրքի երկու դրվագ․ առաջինում Աբրահամը խոսում է իր ժառանգ չունենալու մասին և հիշատակում է իր ընդոծին Եղիազարին՝ Դամասկոսցուն։ Երկրորդում պատմվում է, որ Աբրահամը իր հարճերից ծնված որդիներին պարգևներ է տալիս և հեռացնում Իսահակից՝ ուղարկելով դեպի Արևելքի երկիր։
Աստվածաշնչյան այս տեղեկություններից էլ ձևավորվում է Մասիս անվան ստուգաբանության Սեբեոսի տարբերակը։ Ըստ պատմիչի հաղորդած ավանդության՝ Մասեկը (Մարսեակ․ այս հերոսն ու անունը հազվադեպ են հանդիպում թարգմանություններում ու ձեռագրերում) հեռանում է Դամասկոսից՝ փախչելով Իսահակից, և բնակություն հաստատում երկու լեռների ստորոտում։ Այնուհետև Մասեկն իր անունով է կոչում այդ լեռները։ Ավանդության մեջ նրա երեք որդիներից մեկը կոչվում է Փառոխ և նույնացվում է Եղիազարի հետ։ Նրա անվան հետ է կապվում Ազատ լեռան անվանումը, իսկ Փառոխտն ու Փառականը ներկայացվում են որպես բնակավայրի և որսատեղիի անուններ։ Այսպիսով՝ Մասիս, Ազատ, Փառոխտ և Փառական տեղանունները միավորվում են մեկ ծագումնաբանական պատմության մեջ։
Այս ավանդությունները և այլ աղբյուրներ ուսումնասիրել է հայտնի հայագետ Գևորգ Աբգարյանը։ Ըստ նրա, Մասեկի ավանդությունը
պատահականորեն չի հայտնվել հայկական պատմագրության մեջ։ Ըստ ուսումնասիրողի նպատակ է եղել Աստվածաշնչի աշխարհագրությունը կապելու հայկական իրականության հետ։ Ծննդոց գրքում Աբրահամի՝ իր հարճերից ծնված որդիներին դեպի Արևելք ուղարկելու մասին պատմության մեջ նրանց բնակության հստակ աշխարհագրական վայրը նշված չէ։ Սա հնարավորություն էր տալիս ավանդության հեղինակին Արևելքը նույնացնելու Հայաստանի հետ։
Գ․ Աբգարյանը նկատում է, որ հեղինակը Մասիս անվան ծագման բացատության հետ միասին փորձում է մեկնաբանել նաև Մասիսի հետ գործածվող Ազատ անվանումը և այն կապում է Մասեկի որդի Եղիազարի անվան հետ։ Գ․Աբգարյանը ձեռագրային քննությամբ բացահայտում է, որ այս տեղեկության մի մասը հետագա ընդօրինակությունների ընթացքում սխալ տեղում է հայտնվել։ Մաշտոցյան Մատենադարանի № 2639 ձեռագրում պահպանված հնագույն ընթերցումը հնարավորություն է տալիս վերականգնելու նախադասության սկզբնական կառուցվածքը։
Ուշագրավ է, որ հայ մատենագրության մեջ Մասեկը հետագայում նաև որպես տղամարդ է ներկայացվում։ Օրինակ՝ 16-րդ դարի բանաստեղծ Սիմեոն Ապարանցին իր «Վիպասանություն» երկում Մարսեակին ներկայացնում է որպես երեք որդիների հայր։
«ըզՄարսակէ սկիզբն արարեալ,
Աբրահամու ընդոծին լեալ,
Ի Սահակէ ապստամբեալ,
Դամասկոսէ ի Հայք չըւեալ»։
Ամասիայի և Մասեկի մասին պատմությունները հին ու միջնադարյան հեղինակների՝ տեղանունը բացատրելու փորձերն են։ Դրանք արժեքավոր են հայկական առասպելաբանության, պատմական հիշողության և միջնադարյան աշխարհընկալման ուսումնասիրության համար, բայց պարտադիր չէ, որ արտացոլեն բառերի իրական լեզվական ծագումը։ Բանագետ Արմեն Պետրոսյանը առաջարկում է Մասիս անվան ավելի հին՝ միջագետքյան զուգահեռների հետ կապվող մեկնաբանություն՝ այն համադրելով աքքադերեն Māšu անվան հետ, որը կապված է «երկվորյակ» իմաստի հետ։ Այս տեսակետի շրջանակում ուշադրություն է դարձվում նաև Մասիսի երկգագաթ կառուցվածքին։ Սա հետաքրքիր վարկած է, որը Մասիսը դիտարկում է ոչ միայն հայկական, այլև Հին Մերձավոր Արևելքի առասպելաբանական աշխարհագրության համատեքստում։ Այնուամենայնիվ, անվան ստուգաբանության հարցը պետք է համարել գիտական քննարկման առարկա, այլ ոչ թե վերջնականապես լուծված խնդիր։
Աղբյուրներ՝ Գևորգ Աբգարյան, Մասիսի անվանադրության ավանդություններն ըստ Մովսես Խորենացու և Անանունի, «Էջմիածին», 1971։
Armen Petrosyan, Biblical Mt. Ararat: Two Identifications, Comparative Mythology, Vol. 2, Issue 1, 2016․