• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Մարիամ․ անվան ծագումն ու նշանակությունը

Մարիամ․ անվան ծագումն ու նշանակությունը

 «Մարիամ» անունն  այն սակավաթիվ անձնանուններից, որ ունի միաժամանակ լեզվական, կրոնական ու մշակութային շերտեր։ Այն հանդիպում է հին եբրայական, արամեական, հունական, լատինական, արաբական և հայկական աղբյուրներում՝ պահպանելով իր հիմնական հնչյունական կառուցվածքը։ Գրեթե բոլոր ժողովուրդները, որոնք գործածում են այս անձնանունը, այն ընկալում են ոչ միայն որպես կանացի անուն, այլև որպես հոգևոր և մշակութային խորհրդանիշ։

 

Պատմություն և ծագում

 

Անվան ամենահին հաստատված ձևը հանդիպում է Աստվածաշունչում՝ որպես «Միրիամ (Miryām)»։ Միրիամը Մովսես-ի քույրն էր։ Միրիամը Հին Կտակարանի կարևոր անձերից է։ Նա համարվում է Իսրայելի պատմության առաջին հայտնի կին մարգարեն։ Ավանդության համաձայն՝ նա հետևում է նորածին Մովսեսին Նեղոս գետում, կապ է հաստատում փարավոնի դստեր հետ և նպաստում է ապագա մարգարեի փրկությանն ու դաստիարակությանը։ Եգիպտոսից դուրս գալուց, Կարմիր ծովն անցնելուց  հետո, Միրիամը առաջնորդում է կանանց  և ղեկավարում նրանց երգն ու փառաբանությունը։ Այս դրվագներից հնարավոր է ենթադրել, որ «Մարիամ» անունը սկզբնապես կապված է եղել ոչ միայն մայրության, այլև կանանց առաջնորդության հետ։  Եբրայերենում անունը գրվում է՝ מרים (Miryām)։ Այս անունը հետագայում անցնում է արամեերենին ու ասորերենին՝  «Maryam»։ Հունարենում կիրառվում  Μαριάμ (Mariam) - Μαρία (Maria) ձևերով։ Լատիներենում գործածվում է «Maria»։ ձևով։  Այս շղթայի միջոցով անունը տարածվում է Եվրոպայում, իսկ քրիստոնեական ավանդույթի մեջ ամրապնդվում է Մարիամ Աստվածածնի  շնորհիվ։

 

Իսլամում

 

Իսլամական ավանդույթում, մասնավորապես Ղուրանում Մարիամը   միակ կինն է, որի անունը հիշատակվում է ուղղակիորեն և բազմիցս։ Նրան է նվիրված մահմեդականների Սուրբ գրքի 19-րդ սուրահը։  Ղուրանում Մարիամը ներկայացվում է որպես  Աստծո ընտրյալ, բնութագրվում որպես  մաքուր և բարեպաշտ,  հոգևոր առումով  բարձր։ Այստեղ էլ նա ներկայացվում է որպես Հիսուս Քրիստոսի՝ Իսայի մայր։  Ղուրանի համաձայն՝ Մարիամը մեծանում է տաճարում, ստանում է հատուկ հոգևոր պաշտպանություն և դիմակայում է  հասարակական ճնշումներին։ Նա ներկայացվում է ոչ միայն որպես մայր, այլ որպես ինքնուրույն  անհատ։ Թեպետ Ղուրանում հիշատակվում են նաև այլ կանայք (օրինակ՝ մարգարեների կանայք, Մովսեսի մայրը, փարավոնի կինը), նրանք երբեք չեն նշվում անուններով։ Այս հանգամանքը ևս ընդգծում է Մարիամի բացառիկ կարգավիճակը իսլամական ավանդույթում։

 

Հայերենում

 

  Հ. Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանում» «Մարիամ»-ը ներկայացված է որպես հայոց մեջ  վաղուց արմատավորված անուն, որը ներմուծվել է քրիստոնեության ընդունումից հետո՝ եկեղեցական և աստվածաշնչյան ավանդույթի միջոցով։ Հայերենը, ի տարբերություն արևմտաեվրոպական լեզուների, պահպանել է անվան հին սեմական «մ» վերջավորությունը, ինչպես արաբերենում և արևելյան մի շարք լեզուներում։ Այս փաստը վկայում է, որ հայերեն «Մարիամ»-ը առավել մոտ է անվան նախնական ձևերին, քան, օրինակ, «Մարիան»։

 

Ստուգաբանություններ

 

 «Մարիամ» անունը միանշանակ ստուգաբանություն չունի։  Ըստ որոշ լեզվաբանների, անունը կարող է կապ ունենալ հին եգիպտական «mr / mry» արմատի հետ, որը նշանակում է «սիրելի», «սիրված»։ Այս վարկածը հիմնավորվում է այն փաստով, որ Մովսեսի պատմությունը կապված է եգիպտական միջավայրի հետ։  Եբրայական  մեկնողական ավանդույթում տարածված է երկու հիմնական մոտեցում.

ա) «Դառնություն» (mar)։ Եբրայերեն mar նշանակում է «դառը»։ Ըստ այս ստուգաբանության, անունը արտացոլում է հրեաների դառը կյանքը Եգիպտոսում։

բ) «Ապստամբություն» (meri)։ Եբրայերեն «meri / marah» նշանակում է «ապստամբել»։ Այս մեկնությունը կապվում է Միրիամի ակտիվ  բնավորության ընկալման հետ։  Այս մեկնությունները կրում են ավելի շատ խորհրդանշական, քան մաքուր լեզվաբանական բնույթ։

 Միջնադարում Սուրբ Հերոնիմոսի և այլ հեղինակների կողմից անունը մեկնաբանվել է որպես՝ «ծովային կաթիլ» (stilla maris), նաև՝ «ծովային աստղ» (stella maris)։ Վերջինս դարձել է Աստվածածնի հայտնի բնութագրիչներից մեկը։

«Մարիամ» անունն ունի  շատ տարբերակներ.

• Maryam (արաբ., պարսկ.)

• Mariam (հայ., վրաց.)

• Maria (լատ., եվրոպ.)

• Mary (անգլ.)

• Marie (ֆրանս.)

• Miriam (եբր.)

Այս բազմազանությունը ցույց է տալիս անվան բացառիկ կենսունակությունը տարբեր լեզուներում և մշակույթներում։

 

Հոգևոր խորհուրդը

 

 Մարիամ անունը համաշխարհային մշակույթում դարձել է  մայրության, մաքրության,  հավատքի, ներքին ուժի, հավատարմության ու  զոհաբերության խորհրդանիշ։ Այն միավորում է երեք մեծ կրոնական համակարգերի  հզոր կանացի կերպարները՝ Միրիամ՝ Մովսեսի քույր, Մարիամ Աստվածածին՝ քրիստոնեություն,  Մարիամ՝ Իսայի մայրը՝ իսլամ։ Սա անվանը տալիս է  բացառիկ համամարդկային  նշանակություն։ 

shushan karapetyan

07.02.2026

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.