«Լևոնի երգ» անվանումով մեզ է հասել հայ միջնադարյան մի ուշագրավ վիպական-պատմական երգ։ Այս ստեղծագործության պատմական հիմքը Կիլիկիայի թագաժառանգ Լևոնի(1236-1289)՝ Հեթումյան արքայատոհմի երկրորդ գահակալի գերության պատմությունն է։ Այսպես, Հեթում Ա թագավորը Սև լեռների շրջանում՝ Մառիի 1266 թ․ ճակատամարտում պարտություն է կրում Եգիպտոսի Բիբարս կամ Ֆնդխտար սուլթանի կողմից։ Թագավորի որդիներից մեկը՝ Թորոսը սպանվում է, իսկ մյուս որդին՝ Լևոնը գերի է ընկնում։ Որդուն ազատելու համար Հեթում թագավոր սուլթանին որպես փրկագին է տալիս Հալեպ քաղաքը և միաժամանակ նրա միջնորդությամբ թուրքական գերությունից ազատում և Եգիպտոս են վերադարձնում մի զորավարի։ Եգիպտոսի սուլթանը այս ամենից հետո գերությունից ազատում է Լևոնին, որ վերադառնում է հայրենիք և 1270 թ. դառնում է Կիլիկիայի հայոց թագավոր:
Աւա՜ղ զԼէոնն ասեմ,
Որ տաճկաց դուռն ընկել գերի։
Իմ լուս, իմ լուս, իմ Սուրբ Կոյս,
Սուրբ Խաչն օգնական Լէոնիս և ամենուս
Սուլթանն ի մոյտան(հրապարակ) ելել
Իր ոսկի գանտըն կու խաղայ։
Խաղաց, ի Լէոնն երետ,
«Առ խաղա, ու տուր դատայիդ(հայրիկիդ):
Լէո՛ն, դու տաճիկ լինիս,
Ես ու իմ տատաս(հայրս) քե գերի»։
Լէոնն ի բերդին նստել,
Դաստառակն(թաշկինակ) աչիցն կուլա․
«Քերավանդ(քարավանդ) որ ի Սիս կ'երթա
Դուն խապար տանիս պապայիս»։
Ոնց որ պապն ալ զայն լսեց
Շատ հեծել հանեց երամով.
Եկավ ի սուլթան ելավ
Շատ գետեր եհան, արընեց:
Իառ գիր Լէոն որդին,
Ու հասավ սրտին մուրատին։
Իմ լուս, իմ լուս, ու Սուրբ Կոյս։
Ուշագրավ է, որ է ըստ երգի, սուլթանը արքայավայել է վարվում Կիլիկիայի թագաժառանգի հետ, նրան մասնակից դարձնում իր գունդ-հոլ խաղին։ Սա թերևս այն խաղն է, որ էպոսում խաղում են Մելիքն ու Դավիթը։ Սուլթանն այնքան է համակրում է Լևոնին, որ առաջարկում է դավանափոխ լինել և մնալ, սակայն մերժում է ստանում։ Երգի կրկնակն ըստ էության խնդրանք-աղոթք է Սուրբ Աստվածածնին Լևոնին պահապան լինելու ու Սուրբ Խաչի զորությամբ ազատագրման։
