Ավետիք Իսահակյանի թոռ՝ գրականագետ Ավիկ Իսահակյանի` «Սոֆյա՝ Ավետիքի բարի հրեշտակը» գրքում ուշագրավ տեղեկություններ կան 20-րդ դարասկզբին Շուշիում ապրող հայերի, նաև Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու կառուցման մասին։ Մասնավորապես գրականագետը պատմում է, որ Ավետիք Իսահակյանի կնոջ՝ Սոֆիայի պապի՝ Քոչիենց Մուղդուսի Օհաննեսի անունը գրված է եղել Սուրբ Ղազանչեցոցի մայր գմբեթի վերին մասում, քանի-որ նա եղել է եկեղեցու կառուցման մեկենասներից մեկը։ Ներկայացնում ենք հատված Ավիկ Իսահակյանի՝ «Սոֆյա՝ Ավետիքի բարի հրեշտակը» գրքից (2024):
ՇՈՒՇԻ ԲՆՕՐՐԱՆ
Վարպետի ապագա կինը՝ Սոֆյան, որ ծնվել էր Շուշիում, ուներ հինգ եղբայր՝ Սմբատը, Իոսիֆը, Պավելը, Իվանը, Գաբրիելը, և երկու քույր՝ Եվգենյան ու ամենակրտսերը՝ Փառանձեմը։ Բոլոր ութ զավակներն էլ ծնվել էին հայոց Ղարաբաղի մայրաքաղաք Շուշիում, այն Շուշիում, որի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու կառուցմանն իր ամենաակտիվ մասնակցությունն էր բերել Սոֆյայի հոր՝ Մանասի հայրը՝ Քոչիենց Մուղդուսի Օհաննես ապերը՝ ուղիղ շառավիղը ղարաբաղյան ամենահայտնի տոհմերից մեկի՝ Քոչիի (1682-1752) – Փիրիի (1725-1787) -Մայիլի (1753-1818) – Այրումի (1783-1872)։ Օհաննես ապերը Մուղդուսի կոչումը ստացել էր Շուշիից ոտքով Երուսաղեմ ուխտավորության գնալու առաքելությամբ։ Օհաննես ապոր անունը գրված է եղել որպես եկեղեցու հիմնադիր հինգ բարեգործներից մեկը՝ մայր գմբեթի վերին մասի շրջանակում։ Մուղդուսի Օհաննես ապերը ծնվել է Շուշիում 1812 թ. և կնքել իր մահկանացուն 1895 թ.։ Նա ամուսնացել է զանգեզուրյան նշանավոր իշխանաց տոհմի՝ Օրբելյանների շառավիղ Բեղումե Օրբելյանի հետ։ Ղարաբաղի և Զանգեզուրի այս երկու նշանավոր տոհմերի ներկայացուցիչներն ունեցել են հինգ որդի և երեք դուստր՝ բոլորն էլ ծնված Շուշիում։ Սոֆյայի հոր գերդաստանը հայտնի էր ողջ Ղարաբաղում։ Սոֆյայի պապը՝ Քոչիենց Մուղդուսի Հովհաննես ապերը, իր նպաստն է բերել նաև Շուշիում Կանացի գիմնազիայի և Կոնսերվատորիայի ստեղծմանը:

Տիկնոջ՝ Բեղումեի հետ իրենց մասնաբաժինն են ունեցել Ալավերդու պղնձի հանքերում։ Հովհաննես ապերը երիտասարդ տարիքում մի խումբ երկրացիների հետ ոտքով ուխտի է գնացել Երուսաղեմ՝ Ավետյաց երկիր, և նրա ձեռքին Երուսաղեմի խաչն էր դաջված, և ստացել էր Մուղդուսի կոչում։ Հովհաննես ապերը հարգված մարդ էր ողջ Ղարաբաղում, անվանի առևտրական, նա եղել է Շուշիի այն բնակիչներից, որոնք 1860-1880-ական թվերին իրենց գումարներով կառուցեցին Շուշիի հրաշակերտ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Հովհաննես ապերը իր ավագ զավակին՝ Մանասին, ինչպես և բոլոր մյուս իր զավակներին ոտքի է կանգնեցրել և, շրջապատված բազում զավակներով, 1895թ.՝ 83 տարեկանում, կնքել իր մահկանացուն, և հողին հանձնվել Շուշիի հայոց գերեզմանոցում։
Սոֆյայի հայրը՝ Մանասը, Հովհաննես ապեր Քոչարյանցի առաջնեկն էր, որ ծնվել էր Շուշիում 1848 թվին, հայրական գծով Ղարաբաղի մելիքներից Քոչիենց տոհմից էր, մայրական գծով՝ Սյունյաց իշխանաց Օրբելյանների տոհմից։ Մանասը Շուշիում ամուսնացել էր իր հոր մոտիկ ընկերներից մեկի` Մինաս Մամիկոնովի դստեր՝ Եվգենյայի (1861-1940) հետ, և ճիշտ իր հոր նման ունեցել հինգ որդի և երեք դուստր, ամենաավագը Սոֆյան էր՝ ծնված 1884 թ. փետրվարի 29-ին՝ ուրբաթ օրը (նահանջ տարի)։ Մանասը հորից ժառանգել էր մանուֆակտուրայի (կերպասեղենի) առևտրի գործը, ուներ մեծ խանութ Շուշիում և բանուկ առևտուր էր անում Եվրոպայի հետ, մասնավորապես Մարսելի նավահանգստով Բաթում էին բերում ապրանքները: Ծանրակշիռ, շատ գրագետ մարդ էր։ Առևտրական գործերը լավ էին գնում, ասում էին, որ առաջին մարդատար մեքենան Շուշիում Մանասն էր բերել Փարիզից՝ կարմիր գույնի ամերիկյան Ֆորդ։
