• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչո՞ւ Հովհաննես Թումանյանը քառյակներ գրեց

Ինչո՞ւ Հովհաննես Թումանյանը քառյակներ գրեց

Հովհաննես Թումանյանի ստեղծագործության մեջ առանձնանում են նրա փոքրածավալ, սակայն անչափ տպավորիչ ու առինքնող ստեղծագործությունները՝ քառյակները։ Քառատող այս գործերը Ամենայն հայոց բանաստեղծը սկսել է գրել 1916 թվականից սկսյալ, մինչ՝ 1922 թվական։ Բանաստեղծի կենդանության օրոք տպագրվել է  46 քառյակ,   շուրջ երեք տասնյակն էլ մնացել են անտիպ կամ սևագրությունների մեջ։ Առաջինը անգամ քառյակներն առանձին ժողովածուով հրատարակվել են Թիֆլիսում 1920 թ.։  Այդ՝ «Քառյակներ» գրքույկում հրապարակվել են  երեսուն գործ։ 1920-1921 թթ․ գրված քառակները հրատարակվել են Կոստանդնուպոլսում լույս ընծայված  ժողովածուում։ Բանաստեղծի կենդանության ժամանակ վերջին անգամ երեք քառյակ հրատարակվել են «Նորք» հանդեսում՝ 1922 թվականին։  
Պահպանվել են այս բանաստեղծությունների ստեղծման շարժառիթների ու դրանց գեղարվեստական առանձնահատկությունների մասին Հովհաննես Թումանյանի վկայությունները։ Ի մասնավորի, «Ինչու սկսեցի քառյակներ գրել»  գրության մեջ բանաստեղծը նշում է․

«1915 թվի սեպտեմբերին սպանվեց եղբայրս—Ռոստոմը։ Ռոստոմը բնականից բանաստեղծ մարդ էր. շատ լավ գիտեր արևելյան նաղլերը—պոեմները թուրքերեն—Ասլի Քյարամ, աշըղ Ղարիբ և այլն, և այլն և շատ բայաթի, ու միշտ նվագում էր ու երգում։

Մահից հետո զարմանալի կենդանի նրա ձենը մնաց ականջիս մեջ ու երգում էր շարունակ։ Էդ երգերից ազդված սկսեցի բայաթիներ գրել–քառյակներ և սկսեցի հենց իրենցից— Արտաշը—(հետն էլ հայրենիքի կարոտը, ծղրիդ և այլն)։

1918-ի սկզրներին ընդունեցի ազգային խորհրդի լիազորությունը և ընդհատվեց երկար։

Ապա տակն ու վրա։—

Նրանից հետո էլ Արտիկիս կորուստը գուժեցին նույն թվի դեկտեմբերին—և միառժամանակ նորից լռեցի, ապա թե փոխվեց և՛ տրամադրությունը, և՛ ձևը»։

Այս և կյանքի վերջին շրջանի անձնական ու ազգային կյանքում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցություններն ու տպավորություններն են ծնունդ են տվել այս բյուրեղացած ու առինքնող ստեղծագործություններին, որոնք այսօր էլ հիացնում են իրենց խորությամբ ու գեղարվեստական կատարելությամբ։ Ներկայացնում ենք Հովհաննես Թումանյանի քառակների մի փունջ։

 

 ***

Ի՜նչ իմանաս Ըստեղծողի գաղտնիքները անմեկին — 
Ընկեր տըվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին. 
Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես,
Որ Իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին:

 

 ***

Խայամն ասավ իր սիրուհուն. «Ոտըդ ըզգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա՝ որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…»
Հե՜յ, ջա՜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի։

 ***

Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.

Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։

Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին…

Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տըվողին…

 

 ***

Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,

Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու`

Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ

Դեպ Արևելքն աստվածային — հայրենիքը իմ հոգու...

 

 ***

Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում,

Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,—

Զարմանում եմ, թէ` ո՜վ Շըռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,

Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից։

 

 ***

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.

Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,

Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,

Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

Hayk Hambardzumyan

23.03.2026

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.