Գրականության ոլորտում տրվող աշխարհում ամենահեղինակավոր մրցանակը՝ «Նոբելյանը» սահմանվել է 1901 թվականից։ Այն ոչ միայն համաշխարհային հռչակ է ապահովում այդ մրցանակի դափնեկիրներին, նաև գրողներին մեծ դրամական պարգևատրում է տրվում։ Աշխարհի գրեթե բոլոր գրողները ցանկանում են ստանալ Նոբելյան գրական մրցանակ, սակայն կան նաև տարբեր պատճառներով այդ մրցանակից հրաժարված հեղինակներ։ Բացի քաղաքական պատճառները, եղել է նաև դեպք, երբ հեղինակը կարևորել է իր անկախությունը, քանի-որ մտածել է, որ դրամական պարգևատրումը կարող անդրադառնալ իր գաղափարների, հայացքների ու ստեղծագործական ազատության վրա։ Այդ սկզբունքներով Նոբելյան գրական մրցանակից 1906 թվականին հրաժարվում է Լև Տոլստոյը։
Հավակնո՞րդ, թե՞ մրցանակակիր
«Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա», «Հարություն» և այլ նշանավոր վեպերի հեղինակ Լև Տոլստոյը Նոբելյան մրցանակի հավակնորդների թվում է եղել հինգ անգամ՝ 1901 թվականից, երբ սահմանվեց այդ մրցանակը։ Վերջին անգամ՝ 1906 թվականին էր, երբ շատ մեծ էր նրա՝ այդ մրցանակը ստանալու հավանականությունը։ Իմանալով որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան իրեն է առաջադրել մրցանակի համար, Լև Տոլստոյը նախապես հրաժարվեց մրցանակից։ Նա նամակ գրեց իր ծանոթ, ֆինն թարգմանիչ և գրող Արվիդ Յարնեֆելթին, խնդրելով այնպես անել, որ իրեն չտրվի այդ մրցանակը․
«Շնորհակալ եմ հիշելու համար, սակայն այդ պարգևը միայն կխաթարի իմ կյանքը։ Ես չեմ ուզում, որ իմ անունը կապվի նյութական շահերի կամ պաշտոնական փառքի հետ», -գրում է Լ․ Տոլստոյը։
Ճգնավորն ու փիլիսոփան
Կյանքի վերջին տարիներին Լև Տոլստոյն ապրում էր մեկուսացման մեջ, գրեթե ճգնավորական կյանքով։ Ըստ այդմ էլ՝ համոզված էր, որ Նոբելյան մրցանակի գումարը կխաթարի իր հոգեկան խաղաղությանը։ Չնայած հրաժարմանը, նա նաև նշել է, որ եթե այդուհանդերձ, մրցանակը իրեն շնորհվի, ապա խնդրում էր գումարն օգտագործել բարեգործական նպատակներով՝ տալ աղքատներին կամ ռուս բանվորներին։ Մեծ գրողի համոզմամբ ՝ գրողի վարձատրությունը ոչ թե նյութական բարիքներն են, այլ հոգևոր՝ ընթերցողների մտքի և հոգու փոփոխությունը։ Թեև այս հրաժարումը կարելի է նաև նեղացածության կամ հպարտության վերագրել, սակայն թերևս կարևոր էին ավելի խորքային՝ հոգևոր ու բարոյական դրդապատճառները։
Լ․ Տոլստոյը հավատում էր, որ արվեստն ու գրականությունը պետք է ծառային մարդկանց բարօրությանը, ոչ թե դառնան անձնական փառքի ու բարեկեցության ապահովման միջոց։
«Դա ինձ ազատեց այդ գումարը տնօրինելու դժվարություններից։ Այդ գումարը, ինչպես ամեն փող, իմ կարծիքով, կարող է միայն չարիք բերել, և երկրորդ՝ ինձ համար մեծ պատիվ էր և մեծ հաճույք պարգևեց այդքան մարդկանց կողմից համակրանքի այդ արտահայտությունը․․․», -գրում է հետագայում Լ․ Տոլստոյը։