Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»: Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը: Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես: Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի: Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»:
Ղուկ․ 1։26-33
Ղուկասի Ավետարանի Սուրբ Տիրամոր Ավետման տեսարանում Գաբրիել Հրեշտակը Փրկչի Ծննդի Ավետման հետ միասին նշում է նաև նրա անունը՝ Հիսուս։ Աստծու որդու անունը քրիստոնյաների համար հավատի խորհրդանիշն է, հանապազօրյա աղոթքների գլխավոր բաղադրիչը, քրիստոնեական ինքնության հիմքը։ Այն ունի լեզվական, մշակութային, պատմական և աստվածաբանական խորհուրդներ ու նշանակություն։ Հրեական ավանդույթում մանկանը անուն էին տալիս 8-րդ օրը՝ տղա երեխաների թլպատության ժամանակ։ Ըստ այդմ էլ՝ Փրկչին նույնպես անվանակոչում են 8-րդ օրը և հետևելով հրեշտակի պատվերին՝ կոչում Հիսուս։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 13-ին նշում է Փրկչի Անվանակոչության օրը։
Հիսուս անվան ծագումը
Հայերենի Հիսուս անունը սերում է հունարեն Ἰησοῦς (Իեսուս՝ Iēsous) ձևից։ Հունարենն իր հերթին փոխանցում է եբրայերեն / արամեերեն יֵשׁוּעַ (Եշուա / Յեշուա) անունը։
Եբրայերենում Հիսուս անունը համարվում է יְהוֹשֻׁעַ (Եհոշուա/Յեհոշուա) անվան հապավումը։ Այն նշանակում է «Տերը փրկություն է», «Տերը փրկում է» կամ «Տիրոջ փրկությունը»։
Հրեաստանում առաջին դարերում «Եշուա» անունը բավականին տարածված էր։ Այս անունն էին կրում ոչ միայն կրոնական, այլ քաղաքական գործիչները։
Հին Կտարակարանում Մովսեսի հետևորդների թվում հիշվում է Հեսուն (Եհոշուան), Աստվածաշնչի երկրորդական գրքերից մեկի՝ Սիրաքի գրքի հեղինակը՝ Բեն Սիրա Եուշան։ Սա վկայում է այն մասին, որ Հիսուս անունը մինչ Փրկչի անվանակոչությունը բացառիկ չէր, սակայն հենց Աստվածորդու շնորհիվ ստացավ փիլիսոփայական ու կրոնական կարևորագույն նշանակություն։
Հիսուս անունը տարածվել է ամբողջ աշխարհում և ստացել նոր տարբերակներ․
-
Jesus, Ջիզըս, Հեսուս- անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն
-
Ιησούς - հունարեն
-
Иисус - ռուսերեն
-
Isa - արաբերեն
-
Yesu / Yesu - Արևելյան Աֆրիկա
-
Yeshu / Yeshua՝ -եբրայերեն։
Հիսուս Քրիստոս․ անուն-ազգանո՞ւն
Աստվածորդու անունը հաճախ ընկալվում է որպես անուն և ազգանուն, սակայն «Քրիստոս»-ը ազգանուն չէ։
«Քրիստոս» բառը սերում է հունարենի χριστός բառից և նշանակում է օծյալ։
Այն համարժեք է եբրայերենի משיח -մաշիախ, Մեսիա բառին։
Ըստ այդմ էլ «Հիսուս Քրիստոս» նշանակում է՝«Հիսուս՝ օծվածը» կամ «Հիսուս՝ Մեսիան»։
Հիսուսի փրկչական առաքելությունը քրիստոնեական հավատքի ու ուսմունքի առանցքային տարրն էր։
Հիսուս Քրիստոս և ձուկ
Միջնադարյան քրիստոնեական գրականության ու պատկերագրության մեջ հետագայում ստեղծեցին «ΙΧΘΥΣ» ակրոնիմը, որը նշանակում է ձուկ, այն միավորում է հետևյալ բառերը՝
Ιησούς — Հիսուս
Χριστός — Քրիստոս
Θεοῦ — Աստծո
Υἱός — Որդի
Σωτήρ — Փրկիչ
Այս անվանումը դարձավ քրիստոնեության խորհրդանիշերից մեկը և գաղտնի նշան հալածվող քրիստոնյաների համար։