• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչո՞ւ գրվեց Մխիթար Գոշի Դատաստանագիրքը

Ինչո՞ւ գրվեց Մխիթար Գոշի Դատաստանագիրքը

 2025 թվականի ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ներկայացրած հայտով խորհրդի անդամ երկրների  որոշմամբ միջնադարյան հայ իրավաբանական մտքի բացառիկ հուշարձանը՝ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքն» ընդգրկվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։ Այս իրադարձությունը նշանակալի է հայ միջնադարյան նշանավոր վարդապետի, առակագրի, օրենսգետի ու աստվածաբանի և նրա «Դատաստանագիրքը» մեզանում ու արտերկրում հանրահռչակման, ընդհանրապես հայ միջնադարյան հարուստ գրավոր մշակույթի ներկայացման տեսանկյունից։ 

 

Հայ ընթերցողը Մխիթար Գոշին առավելապես գիտե որպես առակների հեղինակ, սակայն այս նշանավոր վարդապետը 12-13-րդ դարերի հայ հոգևոր, քաղաքական ու մշակութային կյանքի առաջատար դեմքն է։ Նա ջերմ հարաբերություններ ուներ ժամանակի ազդեցիկ իշխանների, մասնավորեապ Իվանե և Զաքարե Զաքարյանների հետ, վերջինիս խոստովանահայրն ու խորհրդատուն  էր և այս իշխանների օգնությամբ էլ հիմնել է Նոր Գետիկ վանքը՝ Գոշավանքը։ Գոշի մասին ավանդություններ են հյուսվել։ Ի մասնավորի Կիրակոս Գանձակեցի պատմիչը վկայում է․ 

Այնպես պատահեց մի անգամ, որ նրա սպասավորները վանքի պետքերի համար գինի բարձած գալիս էին։ Բասիլա անունով մի ոմն վրացի եկավ ու կամենում էր բռնի կերպով նրանցից գինի առնել, որովհետեւ Իվանեի գործակալն էր անտառի վրա ու պահում էր նրա իջեւանատեղը։ Սպասավորները ասում են նրան. «Մեզ նեղություն միտա, որովհետեւ մենք Գոշի մարդիկն ենք»։ Մականունով այսպես՝ Գոշ էին կոչում նրան, որովհետեւ շատ քիչ էին նրա մազերը։ Իսկ այդ թշվառականը հայհոյելով անարգեց նրանց ու Գոշին։ Երբ հասավ հայհոյության այն տեղը, ուր Գոշի անունը պետք է անարգանքով հիշատակեր, անմիջապես համրացավ եւ կապվեց լեզուն, ծռվեցին նրա շրթունքները, եւ այդպես մնաց շատ օրեր, մինչեւ որ հառաչանքներով թողություն խնդրեց։ Եւ ամեն ոք, ով տեսնում էր այդ պատժված մարդուն, գովում էր Աստծու ծառա Գոշին: Մխիթար Գոշը թողեց իբրեւ հիշատակ ու շիրմաքար՝ բազմաթիվ իմաստախոհ գրքեր: 

 

«Գիրք Դատաստանի»-ին օրենքների ժողովածու է, որը ստեղծվել է 1184 թվականին։ Գրքի ստեղծման պատճառը՝ այլադավան միջավայրում հայերի իրավունքների պաշտպանությունն է, սոցիալական հարաբերությունների կարգավորումը, քրիստոնեական արժեքների տարածումն ու հասարակությանը տարբեր ախտերից բժշկումը։ Դատաստանագրքի օրենքները հիմնված են Հին ու նոր կտակարանների, հայկական կանոնական ու սովորութային իրավունքների վրա։ Տարբեր խմբագրություններով մեզ հասած ժողովածուի օրենքների թիվը՝ 251-254 է։ Հայ հասարակության հոգևոր ու աշխարհիկ բոլոր շերտերին առնչվող այս օրենքների ժողովածուն հայ միջնադարյան կյանքի մի բացառիկ հանրագիտարան է, որտեղ կարող ենք գտել կյանքի ու կենցաղի հետ առնչվող անչափ ուշագրավ մանրամասներ ու տեղեկատվություն։ Գրքի երկրորդ գլխում հեղինակը ներկայացնում է գրքի գրման պատճառներն ու նպատակները, որոնք ներկայացնում ենք ստորև․

 

ԳԼՈՒԽ Բ
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԱՅՍ ԱՄԵՆԸ ԻՆՉՈ՞Ւ ԳՐԵՑԻՆՔ ԿԱՄ
Ո՞ՒՄ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՔ

 

Որովհետեւ թեպետ ասվեց, թե Տիրոջից հարկավոր գրով մեզ դատաստան անելու ավանդ չկա, սակայն այժմ այդ կամեցանք մենք անել, որովհետեւ բազմաթիվ անգամներ պարսավանքներ լսեցինք ոչ միայն այլահավատներից, այլ նաեւ քրիստոնյաներից, որ ասում են, թե, իբր ըստ Ավետարանի բնավ դատաստան չկա, այդպես անգիտանալով
աստվածային կամքին, որ իրենց ներսում է: Եվ նրանց այդպիսի կարծիքի պատճառով երկու անգամ ի հայտ է գալիս չարի ախտը, առաջինը, որ իբր օրինադիրը անիմաստությամբ է վարվել, երկրորդը, որ չի կամեցել զուգահավասար կենցաղավարել մարդկային ազգերին:
Եվ երկրորդ, որ իր էությամբ մեր մեջ օրենքներով չարությունը հանգցրեց եւ կատարելություն տվեց անկատարությանն հոգու եւ տվեց վշտակցությունը սիրո՝ ատելության փոխարեն:
Երրորդ. որովհետեւ հեղգության պատճառով անվարժներ կան օրենքներին եւ մարգարեներին եւ Ավետարանին, որոնց զորությունից հեռու մնալով, հեղգությամբ ապրողները անկարող եղան ընտրել դատաստանի գիրը, որ արժանի վարքերով ապրելու ժամանակ, իբրեւ քնից կարթնացներ նրանց՝ դատաստանի գրվածքների ձեռքով:
Չորրորդ՝ որովհետեւ նվազեց հմտությունն ու փորձառությունը ըստ ժամանակի եւ ազգերի եւ աշխարհները փոփոխվեցին ըստ պատահմունքների եւ չմնացին անշարժ՝ ըստ օրենքների, մարգարեների եւ Ավետարանի:
Հինգերորդ՝ որովհետեւ /այդ պատճառներով/ այժմ չի ներգործում Հոգին Սուրբ, ինչպես որ ժամանակին Դանիելի եւ Սողոմոնի վրա էր ներգործում եւ կամ, ինչպես Կորնթոսի հավատացյալների ու այլոց՝
Սուրբ Հոգով ճշմարիտ դատաստան անելու համար: Նրանք Հոգին առաջնորդ ունենալով՝ անկարոտ էին օրենքների գրվածքներին, որովհետեւ Հոգու շնորհիվ օրենքները նրանց սրտերում էր, ինչպես որ մարգարեի միջոցով էր խոստացվել: Ըստ որի առաքյալներն եւս նախապես չէին կամենում գրի միջոցով Ավետարանը քարոզել, մինչեւ այն ժամանակ, երբ գրով տալու կարիքն զգացվեց: Ըստ այդմ էլ գրով դատաստան չավանդեցին, քանզի այնժամ քարոզչությամբ փութաջանորեն հետամուտ էին ամենահարկավոր, ամենաանհրաժեշտ բաներին: Թողեցին նրանք բնության օրենքներով եւ քաղաքական կրթությամբ ընթանան, եւ այլոք էլ նախնիների ասածներով էին դատաստանները քննում: Իսկ գրելն այժմ պատճառ ունի, որ ամեն կողմից եղած վրիպություններն են դատաստանների հարցերում, որպեսզի այդ վրիպությունները շտկվեն:
Վեցերորդ՝ որովհետեւ դատաստանի իրողությունները երդման են հանգեցնում, մի բան, որ Տիրոջ կողմից թույլ չտրվեց, սակայն որն այժմ հաճախ, գործ ընդ գործի ետեւից եւ վայրապար վարվող դատաստանների ժամանակ կամ առանց դատաստանի հավատացյալները չարաշահում են: Նման իրողություններից ելնելով կամեցանք, ոչ թե
Տիրոջ հրամանը լուծանել, այլ խնդիրները լուծելու համար դատաստանի օրենքներն ու կանոններն հաստատել, ըստ հարկավորության նաեւ՝ ներել դատաստանի ժամանակ:
Յոթերորդ՝ որովհետեւ գրով դատաստան չլինելու պատճառով, քրիստոնյաները գնում, դիմում են այլահավատներին, ըստ մարգարեի հետեւյալ հանդիմանության՝ մի՞թե Իսրայելի մեջ Աստված չկա, որ գնում հարցնում են Ճանճիկին: Այս մասին առաքյալն եւս հանդիմանում է, ասելով՝ եւ եղբայրն է եղբոր դեմ դատ բացում, այն էլ անհավատների մեջ:
Ութերորդ՝ այժմ էլ տեսնում ենք՝ բազմաթիվ են եւ եպիսկոպոսներից, եւ վարդապետներից, եւ քահանաներից, եւ գլխավոր աշխարհականներից, որ երեսանց, կաշառքի համար եւ տգիտությամբ թյուրում են ճշմարիտ դատաստանները: Եվ այս ամենի համար հոժարեցինք գրել գիրքը դատաստանների:
Իններորդ՝ որովհետեւ մարդու բնությունից ելնելով, որքան էլ շատ հոգով կամ տարբեր զբաղմունքների մարդկանցով կամ ցնորներով եթե կամենանք ուղիղ դատաստան անել՝ չենք կարողանա՝ մոռացությունից, ու եթե այդպես վարվեինք, հետո պիտի փոշմանած ետ դառնայինք, ասելով, ուղի՞ղ դատաստան արեցինք, թե՞ ոչ: Այլ. որպեսզի այսպիսի բաներ մեզանում չլինեն, այս էլ էր պատճառ, որ գրեցինք այս գիրքը դատաստանների, որպեսզի կարծիքներով դատաստան չանենք եւ ոչ էլ դիմենք այլազգիներին՝ մեզ համար դատաստաններ անելու, այլ ընդհակառակը, նրանց բերանը կփակենք, որպեսզի
դարձյալ մեզ հերձվածներ չխոսեն, նաեւ չբամբասեն, թե՝ իբր իրավունքների գիր չունենք: Եվ նրանք, այլազգիները /ոչ քրիստոնյաները/, որ մեր մեջ են ուսանել եւ գրել սովորել, մեր բարվոք գրվածքները չարաչար աղավաղելով են ընթերցում:
Տասներորդ՝ քանի որ, երբ Տեր Աստված ստեղծեց Ադամին, օր օրի շնորհները Սուրբ Հոգու զորանում էին մեզ վրա: Իսկ սատանան ասաց, թե Աստծո Հոգին էլ մարդկանց վրա չմնաց, նրանց մեղքերի պատճառով, երբ մեղանչեցին Աստծո դրախտում: Եվ այս պատճառով Քրիստոսը մարմնացավ կույսից եւ առաքյալների ձեռքով գրեց մեզ համար Ավետարանը փրկության եւ կանոններ գրեց ձեռքով մեր Սուրբ Հայրերի, ովքեր Սուրբ Հոգով գիտեցան մարմնի կրքերն ու բծերը եւ գրեցին հոգեւոր դեղերը:
Տասնմեկերորդ՝ որովհետեւ դատավորները միշտ երկնչում են Աստծուց, նրանք գիտեն, որ կանգնելու են երկնավոր դատավորի առջեւ, ուստիեւ ճշմարիտ եւ ուղիղ գրով թող կատարեն դատաստան մարդկանց համար:
Տասներկուերորդ՝ եւ մարդիկ, որ գան դատավորի առջեւ, երկյուղեն Աստծուց եւ դատավորներին չկաշառեն եւ թյուրել չտան ճշմարիտ դատաստանը, քանզի ծածկագետ Աստված տեսնում է նրանց գործերը եւ Նրա առջեւ ամենքս էլ կանգնելու ենք դատաստանի: Եվ ովքեր, որ այժմ թյուրում են դատաստանները՝ կաշառելով դատավորներին եւ դատաստանի եկածներին, Քրիստոսի առջեւ են կանգնելու եւ Նա կսեւացնի երեսը նրանց, ովքեր թյուրեն Աստծո գրվածքների դատաստանները:
Այս տասներկու գլուխները պարունակում էին այն պատճառները, որ եղան դատաստանի այս գիրքը գրելու համար:

Բնագրի աղբյուրը՝ Մխիթար Գոշ, Դատաստանագիրք,

փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի Երևան, 2001։

Art 365

02.05.2025

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.