Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Կորյունն իր՝ «Վարք Մաշտոցի» երկում, հայոց գրերի ստեղծման պատմությունը ներկայացնող Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, հետագա շրջանի այլ հեղինակներ, թեև բավական մանրամասն ներկայացնում են մեր այբուբենի ստեղծման քաղաքական-հասարակական պայմանները, ընթացքը, սակայն շատ հարցեր մինչ օրս էլ գաղտնիք են ու քննարկման առարկա։ Օրինակ՝ ի՞նչ սկզբունքով են ստեղծվել մեր այբուբենի բոլորին քաջ հայտնի տառանունները, արդյո՞ք կամայական անվանումներ են, թե որոշակի իմաստ ունեն ու որոշակի սկզբունքների արտահայտություն են։ Հին այբուբենները՝ փյունիկյանի, հունականի, որոշ տառանուններ, իմաստներ ունեն, կամ այդպես են մեկնաբանվում։ Հայերենի տառերի անվանումները, դրանց ստեղծումը, այստեղ թաքնված իմաստները բազմաթիվ ու բազմապիսի մեկնաբանությունների են ենթարկվել։ Արդյո՞ք դրանք ինքնուրույն ու ինքնատիպ են, թե փոխառյալ, որն է դրանց կազմման սկզբունքը։ Ի՞նչ է գաղտնագրված այդ անվանումներում։
Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենի տառերի անվանումներն են՝
Այբ Դա Է Ժէ Խէ Հո Ճեն Նու Չա Ռա Տիւն ւիուն
Բեն Եչ Ըթ Ինի Ծա Ձա Մեն Շա Պե Սե Րե Փիւր
Գիմ Զա Թո Լիւն Կեն Ղատ Յի Ո Ջե Վեւ Ցո Քե
Ուսումնասիրողները տառերի անվանումները բխեցրել են տարբեր աղբյուրներից։ Հր․ Աճառյանի կարծիքով այբուբենի առաջին տառի՝ Այբ-ի անունը ծագում է սեմական Ալեփ-ից և հունակա Ալֆա-ից, Գիմ-ը՝ Գամմա-ից, Է-ն՝ էփսիլիոն-ից և այլն։ Մյուս տառանվանումներն, ըստ մեծ լեզվաբանի, Մաշտոցը ստեղծել է սեմական ու հունական այբուբենների նմանությամբ։
Մեկ այլ ուսումնասիրող՝ Պ․Պողոսյանն իր «1600-ամյա գաղտնիքներ» գրքում կարծիք է հայտնում, որ տառանուններից ոչ մեկը փոխառված չէ այլ լեզվից, այլ ստեղծել է Մաշտոցը՝ որոշակի օրինաչափությամբ։ Հեղինակը նշում է, որ տառանունների մեծ մասը միավանկ է և զուրկ իմաստից։ Սա էլ Պ․ Պողոսյանը համարում է տառանուն կազմելու Մեսրոպ Մաշտոցի սկզբունքը: Որոշ տառանվանումներ հեղինակը հետագա սխալների արդյունք է համարում։ Օրինակ՝ Ի տառի Ինի անվանումը, որը աղբյուրներում կա նաև միավանք ձևով, Ին տարբերակով: Ըստ Պ․ Պողոսյանի Մաշտոցի՝ տառանուններ կազմելու գլխավոր սկզբունքը եղել այն, որ ձայնավոր տառի հնչյունին ավելացրել է բաղաձայն, իսկ բաղաձայն տառի հնչյունին՝ ձայնավոր։ Այս ձևով էլ ստացվել են միավանկ անվանումները։ Օրինակ՝ Ա-ի Այբ անվանումը ստացվել է Այ-ից (յ-ն հավելվել է, Ո-ի Ոյ անվան օրինակով), որին հավելվել է հաջորդող բաղաձայնը՝ Բ։ Ը-ի անվանումը ստացվել է Ը-ին հաջորդող Թ բաղաձայնի հավելմամբ: Սակայն Ե-ի դեպքում հաջորդող բաղաձայնը չի հավելվել, քանի որ այդ դեպքում կստացվեր եզ բառը, մինչդեռ, ըստ սահմանված սկզբունքի, տառանունը, ըստ Պ․ Պողոսյանի պետք է իմաստ չարտահայտեր։
Իսկ բաղաձայների դեպքում համակարգն ավելի բարդ է։ Նախ, ըստ Պ․ Պողոսյանի, Մաշտոցը տառերը բաժանել է ինը խմբի․ տառանուններում Ա և Է ունեցող տառեր, Ե, Ի, Ը ձայնավորներով տառեր, Ո և Ւ ձայնավորներով տառեր և այլն։ Բաղաձայնների մի մասը ձայնավորով է ավարտվում դայ, զայ, ժէ, խէ և այլն, իսկ մյուս մասը՝ բաղաձայնով՝ ղատ, բեն, գիմ, կեն, մեն, լիւն, տիւն, փիւր: Կան իհարկե որոշ բացառություններ, օրինակ Գիմ-ի դեպքում վերջին բաղաձայնը Պ․ Պողոսյանը բացատրում է նրանով, որ Գի ձևով այն կզուգադիպեր գի (գիհի) բառին։ Կամ եթե ավելացվեր ն-ը, կստացվեր Գին, որը կրկին բառ է, իսկ գլխավոր սկզբունքն, ըստ հեղինակի այն է, որ տառանունը որևէ հասկացություն չներկայացնի։ Այսպես ստեղծվել են Գիմ, Վեւ և Փիւր անունները։
Տառանվանումների իմաստավորված լինելու տեսանկյունից է դրանք վերլուծում Վահան Սարգսյանը։ Ըստ ուսումնասիրողի Այբ անունը կապված է արփի, արև, արեգակ, այգ բառերի հետ։ Հնչունափոխությունը այս տեսքն ունի՝ արփի-արբի-այբ։ Նույն սկզբունքներով Բարի-բեն, գարիմ(կարմիր)-գիմ, դար(բարձր)-դա, եկ(արի)-եչ։ Այս դեպքում ըստ Վ․Սարգսյանի այբուբենի առաջին հինգ տառանվանումները՝ արևին ուղղված ողջույնի խոսք են՝ «Բարև, կարմիր, արև, դուրս արի»։
Ռուբեն Թարումյանն իր «Հայոց տառերը» գրքում՝ ամփոփելով նախորդ ուսումնասիրությունները, ավելապես տեսնում է և տառանվանումների փոխառություններ այլ այբուբեններից, սակայն կրճատումներով ու հնչյունափոխություններով, նաև ըստ հեղինակի, կան եղած նախայբուբենի հետ կապը մատնանշող շատ այլ օրինաչափություններ։ Նաև որոշ անվանումներում հնարավոր է գտնել ինչ-որ հնագույն իմաստների, որոնք այսօր շատ դժվար է վերականգնել։
Աղբյուրը՝ Ռուբեն Հակոբյան (Թարումեան), Հայոց տառեր, Երևան, 2017։