Մինչ ամբողջ աշխարհը քննարկում է Հոմերոսի «Ոդիսական» պոեմի՝ Քրիստոֆեր Նոլանի նոր էկրանավորումը, պոեմի ու ֆիլմի հարաբերությունը, դերասանների ընտրությունը, հունական հին մշակույթի ներկայացվածությունը ֆիլմում, ժամանակն է հիշել, թե ի՞նչ հիմնական հասկացությունների վրա է կառուցված «Ոդիսականը»։ Առաջին պլանում գտնվող արկածային սյուժեից ու տպավորիչ կերպարներից բացի պոեմի ընկալման տեսանկյունից անչափ կարևոր է մշակութային-փիլիսոփայական այն հասկացությունների իմացությունը, որոնց վրա խարսխված է «Ոդիսական» գաղափարկան աշխարհը։ Առանձնացրել ենք այդպիսի առանցքային հինգ հասկացություն, որոնք նորովի կբացահայտ են համաշխարհային գրականության այս գլուխգործոցի հմայքն ու նշանակությունը։ Նաև ցույց կտան հին հունական աշխարհայացքի, հին հույնի մտածողության առանձնահատկությունները, որոնք լայնորեն արտացոլվել են Հոմերոսի այս պոեմում։
1․Νόστος (Nostos) - վերադարձ տուն
«Ոդիսականը» պարզապես ծովային արկածների պատմություն չէ։ Դրա առանցքը նոստոսն է՝ հերոսի վերադարձը հայրենիք։ Հին հույների համար տուն վերադառնալը ոչ միայն ֆիզիկական ճանապարհ էր, այլև ինքնության վերագտնում, ընտանիքի, իշխանության և աշխարհի կարգի վերականգնում։ Ոդիսևսի տասը տարվա թափառումները հենց այդ վերադարձի գինն են։
2․Μῆτις (Metis) - խելք, խորամանկություն, իմաստություն
Եթե «Իլիականի» գլխավոր առաքինությունը ուժն է (βία, bia), ապա «Ոդիսականի» հերոսը հաղթում է մետիսի շնորհիվ։ Ոդիսևսը հաղթահարում է ամենադժվար փորձությունները ոչ թե կամ ոչ միայն ֆիզիկական ուժով, այլ խորամանկությամբ, ռազմավարական գիտելիքներով և իրավիճակին արագ հարմարվելու կարողությամբ։ «Ոչ ոք» անունով կիկլոպ Պոլիփեմոսին ներկայանալը մետիսի ամենահայտնի օրինակներից է։
3. Ξενία (Xenia) - հյուրասիրության սրբազան օրենք
«Ոդիսականի» ամենակարևոր գաղափարներից մեկը քսենիան է՝ հյուրի և տանտիրոջ փոխադարձ պարտավորությունների սրբազան օրենքը։ Այս օրենքը գտնվում է աստվածների հոր՝ Զևսի հովանու ներքո։ Պոեմում գրեթե յուրաքանչյուր նոր հանդիպում փորձություն է՝ արդյոք մարդիկ կհարգե՞ն քսենիայի օրենքը։ Նրանք, ովքեր խախտում են այն, օրինակ՝ Ոդիսևսի կնոջ՝ Պենելոպեի փեսացուները, անխուսափելիորեն պատժվում են, իսկ հյուրասեր կերպարները ստանում են աստվածների բարեհաճությունը։
4. Κλέος (Kleos) - անմահ փառք
Հունական ու շատ այլ էպոսների հերոսի կյանքի գլխավոր նպատակներից մեկը կլեոսն է․ հին սերնդի հերոսների համար դա փառքն, որը ապրում է նույնիսկ մահից հետո։ Սակայն, «Ոդիսականը» վերաիմաստավորում է այս գաղափարը։ Ստորգետնյա աշխարհում Աքիլլեսը խոստովանում է, որ նախընտրելի է կենդանի լինել, քան՝ մահացածների մեջ ամենափառավորը։ Այսպիսով, Հոմերոսի այս պեմը քննարկում է պատերազմի միջոցով, փառքի հասնելու նշանակությունը, դրան հակադրելով կյանքի արժեքը, մարդու անհատական բարօրության, ընտանեկան երջանկության գաղափարները։
5.Πειρασμός (Peirasmos) - փորձություն, գայթակղություն
Ոդիսևսի ճանապարհորդությունը կարելի է ընկալել որպես շարունակական փորձությունների ու գայթակղությունների շարք։ Լեստրիգոնները, Սիրենների երգը, Կիրկեի կախարդանքը, Կալիպսոյի անմահության առաջարկը հերոսին ստիպում են ամեն անգամ ընտրություն կատարել։ Նրա ամենամեծ հաղթանակը հրեշներին հաղթելը չէ, այլ սեփական ցանկությունները զսպելն ու տուն վերադառնալու նպատակը չկորցնելը։
Հեղինակ՝ Շուշան Մարուքի