• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչպե՞ս Հիչքոքը սովորեցրեց կինոյին խաղալ հանդիսատեսի նյարդերի հետ

Ինչպե՞ս Հիչքոքը սովորեցրեց կինոյին խաղալ հանդիսատեսի նյարդերի հետ

«Սարսափեցնում է ոչ թե ռումբը, այլ սպասումը, որ այն կարող է պայթել»։ Այս միտքը լավագույնս  բնութագրում է Ալֆրեդ Հիչքոքի կինոյի փիլիսոփայությունն ու մեթոդը։ Անգլիացի ռեժիսորը ոչ միայն ստեղծել է կինոյի պատմության ամենահայտնի թրիլերները, այլև հիմնովին փոխել կինոյի ազդեցության ու ընկալման մասին պատկերացումները։  Այսօր նրան իրավամբ անվանում են «սասփենսի վարպետ» (Master of Suspense)։ Կինոգետները նրա ազդեցությունը տեսնում են  Մարտին Սկորսեզեի, Սթիվեն Սփիլբերգի, Դևիդ Ֆինչերի, Քրիստոֆեր Նոլանի և այլ կինոռեժիսորների ստեղծագործություններում։

1899 թվականի օգոստոսի 13-ին Լոնդոնում ծնված Հիչքոքը կինոաշխարհ մտավ որպես ֆիլմերի տակագրերի և  գովազդի ձևավորող, ապա արագորեն յուրացրեց սցենարի, մոնտաժի և բեմադրության գաղտնիքները։ Ավելի քան վեց տասնամյակ տևած կարիերայի ընթացքում նա նկարահանեց հինգ տասնյակ լիամետրաժ ֆիլմ՝ դառնալով համաշխարհային կինոյի ամենաազդեցիկ գործիչներից մեկը։

Ա․ Հիչքոքի գլխավոր հայտնագործությունը ոչ թե սյուժեն էր, այլ հանդիսատեսը։ Նա հասկացել էր, որ վախն առաջանում է ոչ այնքան անակնկալից, որքան սպասումից։ Ռեժիսորի ամենահայտնի մեկնաբանություններից մեկի համաձայն՝ եթե սեղանի տակ հանկարծ ռումբ պայթի, դա ընդամենը մի քանի վայրկյան տևող ցնցում է, իսկ եթե հանդիսատեսը նախապես գիտի, որ ռումբ կա, բայց հերոսները այդ մասին չգիտեն, սպասման վայրկյանը վերածվում է լարվածության։ Այդ սկզբունքը Հիչքոքը դարձրեց կինոլեզու և շրջեց թրիլերի պատմությունը։

 

Ալֆրեդ Հիչքոքի երեք ֆիլմ, որ պետք է անպայման դիտել

 

«Պատուհան դեպի բակ»
«Rear Window» (1954) 
 

Կոտրված ոտքով լուսանկարիչը օրեր շարունակ պատուհանից հետևում է հարևանների կյանքին և սկսում կասկածել, որ նրանցից մեկը սպանություն է կատարել։ Այս ֆիլմը սովորական դետեկտիվ չէ։ Հիչքոքը ստիպում է, որ ամբողջ պատմությունը տեսնենք գլխավոր հերոսի աչքերով։ Մենք նույնպես սկսում ենք հետևել մարդկանց, կասկածել, ենթադրություններ անել։ Այդպիսով, հանդիսատեսն այլևս պարզապես դիտորդ չէ. նա դառնում է պատմության մասնակից, իսկ ֆիլմը՝ մարդու հետաքրքրասիրության և գաղտնիքներ բացահայտելու մոլուցքի փայլուն ուսումնասիրություն։

 

«Գլխապտույտ»
«Vertigo» (1958)

 

Շատ կինոգետներ «Գլխապտույտ»-ը համարում են Հիչքոքի ամենախորը ստեղծագործությունը։ Այն պատմում է նախկին ոստիկանի մասին, որը տառապում է բարձրության վախից և աստիճանաբար հայտնվում իրականության ու պատրանքի սահմանագծին։ «Vertigo»-ն միաժամանակ և՛ թրիլեր է, և՛ հոգեբանական դրամա և՛ սիրո պատմություն։ Սակայն իրական թեման՝ մոլուցքն է՝ կողքինին վերափոխելու ցանկությունը։ Ֆիլմի յուրահատուկ գունային լուծումները, տեսախցիկի շարժումները և հայտնի «vertigo effect»-ը մինչ օրս դասավանդվում են կինոդպրոցներում։

 

«Փսիխո»
«Psycho» (1960) 
 

Եթե այսօր ցնցող սպանությունները կամ անսպասելի սյուժետային շրջադարձերը սովորական են թվում, ապա 1960 թվականին դրանք ներկայացնող «Psycho»-ն իսկական հեղափոխություն էր։ Ա․Հիչքոքն այստեղ ցույց տվեց, որ իրական սարսափը հաճախ ծնվում է ոչ թե այն բանից, ինչ տեսնում ենք, այլ նրանից, ինչ ենթադրում ենք։ 

 

Art 365

13.08.2026

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.