Արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող արվեստագետներից, թերևս ամենից շատ հենց գրողներն են հանդես գալիս կեղծանուններով։Հայ ու համաշխարհային գրականության պատմությունը լի է հեղինակներով, որոնց աշխարհը ճանաչում է ոչ թե իրական, այլ տարբեր հանգամանքներում ու պատճառներով ընտրված անուններով։ Շատ ընթերցողներ նույնիսկ չգիտեն, որ իրենց սիրելի գրողների անունները կեղծանուններ են։
Կեղծանունների օգտագործումը հին ավանդույթ է։ Որոշ դեպքերում հեղինակները ցանկացել են թաքցնել իրենց ինքնությունը քաղաքական կամ կրոնական պատճառներով։ Այլ դեպքերում նրանք պարզապես փորձել են պաշտպանել անձնական կյանքը։ Օրինակ` Վոլտերը, որի իրակա անունը Ֆրանսուա-Մարի Առուե է, կեղծանվան տակ թաքնվելով սուր քննադատության էր ենթարկում եկեղեցուն ու իշխանություններին։

Հատկապես հետաքրքիր է կանանց գրականության պատմությունը։ 19-րդ դարում շատ կին հեղինակներ ստիպված էին տղամարդկանց անուններով հրապարակել իրենց ստեղծագործությունները, քանի որ հասարակությունը լուրջ չէր վերաբերվում կանանց ստեղծագործություններին։ Այդպես էր օրինակ ֆրանսիացի վիպասան Ժորժ Սանդի դեպքում, որի իսկական անուն՝ Ավրորա Դյուպեն է։ Կամ Բրոնտե քույրերը իրենց ստեղծագործության վաղ շրջանում ներկայանում էին տղամարդկային անուններով։
Որոշ գրողներ ընտրել են ավելի հնչեղ կամ հիշվող անուններ։ Գրաշուկայում լավ կեղծանունը երբեմն դառնում է նույնքան կարևոր, որքան գիրքը։ Այդպես իր կեղծանունն է ընտրել Էրիք Արթուր Բլերը, որն ամբողջ աշխարհում հայտնի է Ջորջ Օրվել անունով։

Կեղծանունը կարող է նաև ստեղծագործական ազատություն տալ։ Հեղինակը հնարավորություն է ստանում առանձնացնել իր գրական կերպարը իրական մարդուց։ Որոշ հեղինակներ տարբեր ժանրերում ու տարբեր ժամանակներում հանդես են եկել տարբեր անուններով։ Օրինակ Սթիվեն Քինգը որոշ գրքեր հրատարակել է Ռիչարդ Բախման անունով, քանի որ ցանկանում էր ճշտել՝ արդյո՞ք իր գրքերի հաջողությունը պայմանավորված է գրականության որակով, թե բրենդ դարձած անունով։

Հետաքրքիր է, որ երբեմն կեղծանունն այնքան հայտնի է դառնում, որ իրական անունը մնում է ստվերում։ Այս դեպքում ստեղծվում է յուրահատուկ երևույթ․ հեղինակի ստեղծած անունը սկսում է ապրել սեփական կյանքով։

Հայ գրողներից շատերը նույնպես հանդես են եկել կեղծանուններով։ Կեղծանվան ընտրությունը պայմանավրոված է եղել ինչպես հասարակական-քաղաքական նկատառումներով, այնպես էլ գրական ավանդույթին տուրք տալով կամ ավելի հնչեղ, կարճ անուն ունենալու ցանկությամբ։ Ներկայացնենք հայտնի հայ գրողների իրական անունները, որոնք գուցե շատերին հայտնի չեն․