• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ո՞վ է Ջաննի Ռոդարիի Չիպոլինոն․ կոմունիզմն ու մանկական հեքիաթը

Ո՞վ է Ջաննի Ռոդարիի Չիպոլինոն․ կոմունիզմն ու մանկական հեքիաթը

Իտալացի նշանավոր մանկագիր Ջաննի Ռոդարին(1920–1980) հեղինակել է մանկական գրականության դասական գործեր համարվող «Չիպոլինոյի արկածները», «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում», «Հեքիաթներ հեռախոսով», «Երկնագույն նետը», «Անտեսանելի Տոնինոն» և այլ գրքեր։ Այս ստեղծագործությունների մեջ առանձնանում է  «Չիպոլինոյի արկածները» (Le avventure di Cipollino, 1951) վիպակը, որի  գլխավոր հերոս սոխուկ Չիպոլինոն հեղինակի ստեղծագործություններում առաջին անգամ հայտնվում է 1940-ական թվականների վերջին՝ փոքրիկ պատմվածքներում ու բանաստեղծություններում, որոնք հրատարակվում էին «Il Pioniere» մանկական պարբերականում։ Աստիճանաբար արդարության, սոցիալական հավասարության համար պայքարող այս հերոսի աշխարհն ընդլայնվում է, հայտնվում են նոր սյուժեներ ու կերպարներ և, ի վերջո, ստեղծվում է սոխուկի ու նրա ընկերների արկածների մասին պատմող մի մեծ գիրք, որը լույս է տեսնում 1951 թվականին։

 

Բանահյուսություն և Կոմունիստական գաղափարներ

 

Սոխուկի կերպարը պատահական չէր ընտրված․ «cipolla»՝ իտալերեն «սոխ» է նշանակում, ավելին՝ իտալական  բանահյուսության մեջ սոխը հենց հասարակ մարդու  խորհրդանիշն է․  պարզ,  ուժեղ, արդար, պայքարող, արժանապատիվ։ Բանահյուսական այս կերպարն ու դասային պայքարի որոշակի շեշտադրումները հոգեհարազատ էին կոմունիստական հայացքներ ունեցող հեղինակին։ Ռոդարին այս գրքի ստեղծման տարիներին  աշխատում էր կոմունիստական «L’Unità» թերթում և որոշում է ստեղծել մի հեքիաթ, որտեղ այլաբանական առակի կամ հեքիաթի լեզվով, մատչելի ու նուրբ հումորով երեխաներին պատկերացում տրվի դասերի հավասարության ու պայքարի, համերաշխության, ընկերասիրության, արդարության մասին։ Միաժամանակ՝ խուսափելով ընդգծված քարոզչականությունից, Ռոդարին որպես հերոսներ ընտրում է մրգերն ու բանջարեղենը, որոնք առաջին հերթին ծիծաղ են շարժում և այդպես  որոշակիորեն կոտրում են քաղաքական ու կուսակացական գաղափարախոսական շեշտադրումները։ 

 
Շերտավոր մարդն ու բարի սիրտը

 

Հեքիաթի բովանդակությունն ըստ էության ճշնված խավերի պայքարն է իշխանության դեմ, սակայն չկա ատելություն, բռնություն և այլն։ Ռոդարիի հերոսները իրենց իրավունքների համար պայքարում են խելքով, հնարամտությամբ, խիզախությամբ, նվիրումով, բռնությանը հակադրում են բարությունը։ 

Այս ընդհանրական ու կարևոր գաղափարները Չիպոլինոյին սիրելի են դարձնում ամբողջ աշխարհում։ Նա իտալական բանահյուսության պարզ հերոսից վերաճում է ընդհանրապես մարդու խորհրդանիշի, որն ինչպես սոխը բացվում է շերտերով, մինչև կհասնես միջուկին՝ սրտին, որտեղ էլ թաքնված է ճշմարտությունը։ 

Ջանի Ռոդարիի սոխուկ-հերոսը՝  ծնվելով ետպատերազմական դժվար ժամանակներում մարմնավորում է հեղինակի ու շատ ընթերցողների սոցիալական արդարության երազը և հիշեցնում, որ խելքը, խիզախությունն ու բարի սիրտը ամենից հզոր զենքներն են աշխարհում։

Ներկայացնում ենք հատված Ջանի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» գրքից։

 

Գլուխ քսանվեցերորդ

Որտեղ պատմվում է թվաբանություն չիմացող մի Լիմոնուկի մասին


Մի անգամ առավոտյան Չիպոլինոյին ապուր բերող Լիմոնուկը ամանը գետին դնելով, խստությամբ ասաց․

― Քո ծերուկը վատ է զգում իրեն։ Նա շատ հիվանդ է։

Չիպոլինոն ուզում էր հոր մասին ավելի շատ բան իմանալ, բայց Լիմոնուկը խուսափելով միայն ասաց, որ ծեր Չիպոլոնեն խցից դուրս գալ չի կարող։

― Նայի՛ր, մարդու բան չասես, թե ես քեզ հետ խոսել եմ, ― ավելացրեց Լիմոնուկը, ― թե չէ ինձ դուրս կանեն այստեղից, իսկ ես ընտանիք եմ պահում։

Չիպոլինոն խոստացավ լռել։ Ասնեք, առանց խոսք տալու էլ նա չէր ուզենա վտանգի ենթարկել այդ հասակն առած, ընտանիքավոր մարդուն, որը Լիմոնի զգեստ էր հագել։ Պարզ էր, նա բանտում ծառայում էր միայն այն պատճառով, որ երեխաներին կերակրելու համար ուրիշ աշխատանք չէր ճարել։

Զբոսանքի օր էր։ Կալանավորները դուրս եկան բակ և շրջան կազմած սկսեցին պտտվել։ Լիմոնուկը տակտով թմբկահարում էր․

― Մե՛կ, ե՛րկու, մե՛կ, ե՛րկու։

«Մե՛կ, ե՛րկու», ― ինքն իրեն կրկնում էր Չիպոլինոն։ ― Իմ փոստատարն անհետ կորավ, կարծես գետնի տակն անցավ։ Արդեն տասն օր է ինչ գնացել է, իսկ վերադարձի ոչ մի հույս չկա։ Նա իմ նամակները ոչ ոքի չի տվել, այլապես Խլուրդն հիմա այստեղ կլիներ։ Մե՛կ, ե՛րկու․․․ Հայրս հիվանդ է, ուրեմն՝ փախչելու մասին չարժե մտածել։ Հիվանդին ինչպե՞ս կարելի է բանտից դուրս տանել, ինչպե՞ս բուժել։ Ո՞վ գիտե, թե ինչքան պիտի թաքնվենք անտառում կամ ճահճում՝ առանց օթևանի, առանց բժշկի ու դեղերի․․․ Ա՜խ, Չիպոլինո, ազատության մասին մտածելդ թո՛ղ և պատրաստվիր երկար տարիներ, գուցե և ամբողջ կյանքդ, բանտում անցկացնելու․․․ եվ մահից հետո էլ մնալու այստեղ», ― մտովի ավելացրեց նա, նայելով բանտի գերեզմանոցին, որ երևում էր բակը շրջապատող պարսպի փոքրիկ պատուհանից։

Այդ օրը զբոսանքը սովորականից ավելի տխուր էր անցնում։ Կալանավորներն իրենց զոլավոր բաճկոններով ու վարտիքներով կուչ եկած շրջում էին բակում։ Ոչ ոք չէր փորձում ամեն անգամվա նման գոնե մի քանի խոսք փոխանակել ընկերոջ հետ։

Բոլորը ազատություն էին երազում, բայց այդ օրը ազատությունը այնքա՜ն հեռու էր թվում։ Ավելի հեռու, քան արևը, երբ նա անձրևոտ օրերին թաքնվում է ամպերի հետևում։ Եվ կարծես նրանց ջգրու, սկսեց բարակ սառը անձրև մաղել։ Կալանավորները ցրտից ուսերը ցնցելով, շարունակում էին իրենց զբոսանքը, որը բանտի օրենքներով, ինչ եղանակ էլ լիներ, պետք է տեղի ունենար։

Հանկարծ Չիպոլինոն լսեց, կամ գուցե նրան թվաց, թե մեկը կանչում է իրեն։

― Չիպոլի՜նո, ― ավելի պարզ կրկնվեց ծանոթ ձայնը, ― հետևյալ շրջանը կատարելիս այստեղ մի քիչ կանգ առ։

«Խլուրդն է, ― մտածեց Չիպոլինոն, և ուրախությունից ամբողջ արյունը խփեց երեսին, ― նա եկա՛վ, նա այստե՛ղ է»։

Բայց ինչպե՞ս վարվի հոր հետ, որը փակված է խցում։

Չիպոլինոն այնքան էր ուզում շուտ հասնել այնտեղ, որտեղից լսեց ծանոթ ձայնը, որ տրորեց առջևից գնացող բանտարկյալի կրունկը։ Սա ետ դարձավ և փնթփնթաց․

― Նայիր, թե ոտքդ ուր ես դնում։

― Մի՛ նեղացիր, շշնջաց Չիպոլինոն, ― հաղորդիր բոլորին, որ քառորդ ժամից բոլորս բանտից դուրս կգանք։

― Խելքդ թռցրե՞լ ես, ― զարմացավ բանտարկյալը։

― Արա, ինչ քեզ ասում են, հաղորդիր, որ բոլորը պատրաստ լինեն։ Մենք զբոսանքը չվերջացրած՝ կփախչենք։

Բանտարկյալը մտածեց, եթե հաղորդի էլ, ոչ մի վատ բան չի լինի։

Մարդիկ դեռ մի պտույտ չէին կատարել, երբ զգացվեց, որ նրանց քայլերն ավելի առույգ ու հաստատ դարձան։ Մեջքներն ուղղվեցին։ Նույնիսկ թմբուկ խփող Լիմոնուկն այդ նկատեց և որոշեց այդ առթիվ գովել կալանավորներին։

― Ա՛յ, այդպես լավ է, ― գոռաց նա, ― ա՛յդ֊պե՜ս, այդ֊պե՜ս, կուրծքներդ դո՛ւրս, փորներդ նե՛րս։ Ուսներդ ետ․․․ մե՛կ, ե՜րկու, մե՛կ, ե՜րկու․․․

Այդ արդեն ոչ թե կալանավորների զբոսանքի էր նման, այլ ռազմական վարժության։

Երբ Չիպոլինոն հասավ այն տեղը, որտեղից Խլուրդը նրան կանչում էր, նա քայլերը դանդաղեցրեց և ականջ դրեց․

― Ընդհատակյա անցքը պատրաստ է, ― գետնի տակից լսեց նա, ― քեզ միայն պետք է մի քայլ դեպի ձախ թռչել և հողը քո ոտների տակ փուլ կգա։ Մենք վերևում միայն մի բարակ շերտ ենք թողել․․․

― Լավ, բայց արի սպասենք մինչև մյուս պտույտը, ― կամաց ասաց Չիպոլինոն։

Խլուրդն էլի ինչ֊որ բան ասաց, բայց Չիպոլինոն արդեն անցել էր։

Նա նորից տրորեց առջևից գնացող կալանավորի ոտքը և շշնջաց․

Հաջորդ պտույտին, երբ ես կխփեմ քո ոտքին, դու մի քայլ գնա դեպի ձախ և թռիր։ Միայն թե ուժեղ կթռչես։

Կալանավորն ինչ֊որ բան էր ուզում հարցնել, բայց այդ րոպեին թմբկահարը նայեց նրանց կողմը։

Հարկավոր էր մի կերպ նրա ուշադրությունը շեղել։ Ամբողջ շրջանով մեկ շշուկներ պտտվեցին, և բանտարկյալներից մեկը բարձր ճչաց․

Ա՜յ․․․

― Ի՞նչ պատահեց, ― նրա կողմը շուռ գալով, գոռաց Լիմոնուկը։

― Կոշտուկս տրորեցին, ― լացակումաց պատասխանեց կալանավորը։

Այն ժամանակ, երբ Լիմոնուկը սպառնագին նայում էր հակառակ կողմը, Չիպոլինոն մոտենում էր այն տեղին, որտեղ գտնվում էր խլուրդների ստորանցքի մուտքը։ Նա ոտքի թաթը կպցրեց առջևից գնացող ընկերոջ ոտքին։ Սա թռավ ձախ ու տեղն ու տեղը անհայտացավ։ Գետնին մնաց մի բավականաչափ լայն անցք, այնպես որ մարդ հանգիստ կարող էր ընկնել այնտեղ։ Չիպոլինոն շրջանով մեկ կարգադրություն հաղորդեց։ Յուրաքանչյուր պտույտին կթռչի նա, որին ես ոտքով կխփեմ։

Այդպես էլ գնաց։ Յուրաքանչյուր պտույտը կատարելիս, մեկն ու մեկը թռչում էր դեպի ձախ և անհետ կորչում։ Որպեսզի Լիմոնուկն այդ չնկատի, կալանավորներից որևէ մեկը հակառակ կողմից ճչում էր․

― Ա՜յ, ա՜յ․․․

― Ի՞նչ պատահեց, ― խստորեն հարցնում էր Լիմոնուկը։

― Կոշտուկս տրորեցին, ― լսվում էր միշտ միևնույն պատասխանը։

― Այսօր ձեր արածը միայն այդ է, անընդհատ իրար ոտք եք տրորում։ Ուշադիր եղեք։

Հինգ֊վեց պտույտից հետո, Լիմոնուկն սկսեց մտահոգված նայել իր շուրջը պտտվող կալանավորներին։

«Տարօրինակ է, ― մտածում էր նա, ― ես կարող եմ երդվել, որ մարդիկ քչացան»։

Բայց հետո մտածեց, որ միայն այդպես թվում է իրեն։ Ո՞ւր կարող էին նրանք գնալ։ Դարբասը փակ է, պատերը բարձր։

― Բայց էլի ինձ թվում է, թե քչացան, ― մռթմռթաց նա։

Ցանկանալով համոզվել, որ սխալվել է, Լիմոնուկը սկսեց կալանավորներին հաշվել, բայց նրանց թիվը մեկ ավելանում էր, մեկ պակասում։ Վերջապես նա թողեց այդ գործը, որպեսզի վերջնականապես ամեն ինչ չխառնի։ Եվ այստեղ նա նայեց շրջանին ու սարսափահար սկսեց աչքերը տրորել։ Մի՞թե այդ հնարավոր բան է։ Կալանավորները համարյա երկու անգամ պակասել էին։

Նա աչքերը հառեց երկինք, որպեսզի տեսնի, թե կալանավորներից որևէ մեկը այնտեղ չի՞ թռել, բայց հենց այդ ժամանակ մեկն էլ թռավ ստորանցքի մեջ և մի ակնթարթում անհետացավ։

Հիմա ընդամենը քսանութ հոգի էր մնացել։ Նրանց մեջ էր նաև Չիպոլինոն, որը չէր դադարում հոր մասին մտածելուց։ Ամեն անգամ, երբ նրա աչքի առաջ մի կալանավոր էր անհայտանում փոսի մեջ, նրա սիրտը ճմլվում էր․ «Ա՜խ, եթե սա իմ հայրը լիներ»։

Բայց ծեր Չիպոլինոն փակված էր իր խցում, նրան ազատելու մասին մտածելն անգամ ավելորդ էր։

Վերջապես Չիպոլինոն որոշեց այնպես անել, որ բոլոր կալանավորները փախչեն, իսկ ինքը հոր հետ մնա բանտում։ Ազատություն պետք չէ իրեն, եթե չպետք է կարողանա ազատությունից օգտվել ծեր Չիպոլոնեի հետ միասին։

Արդեն ընդամենը տասնհինգ բանտարկյալ էր մնացել․․․ տասը․․․ ինը, ութ, յոթ․․․

Ապշած Լիմոնուկը շարունակում էր թմբուկը խփել։

«Այս ի՞նչ սատանայական խաղ է, ― վախեցած մտածում էր նա, ― ամեն պտույտին մի հոգի կորչում է։ Ի՞նչ պիտի անեմ։ Մինչև զբոսանքի վերջը դեռ յոթ րոպե կա։ Կարգը կարգ, իսկ եթե մինչև զբոսանքի վերջը բոլորն անհետանա՞ն․․․ քանի՞սն են մնացել․․․ մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, չո՛րս, հի՛նգ, վե՛ց․․․ ի՞նչ եմ ասում, միայն հինգն են մնացել»։

Չիպոլինոն շատ հուզված էր։ Նա փորձեց Խլուրդին կանչել, բայց պատասխան չլսեց։ Իսկ նա այնպես էր ուզում իր բարի ընկերոջը բացատրել, թե ինչու չի կարող փախչել․․․

Հենց այդ րոպեին Լիմոնուկը որոշեց վերջ տալ այդ կախարդանքին, որի պատճառով այդքան խորհրդավոր կերպով անհայտանում էին կալանավորները։

Նա ճչցաց․

― Կանգնի՜ր, ո՛չ մի քայլ․․․

Չիպոլինոն և էլի չորս կալանավորներ կանգնեցին և նայեցին իրար։

― Շուտ փախեք, քանի դեռ Լիմոնուկը տագնապ չի բարձրացրել, ― բացականչեց Չիպոլինոն։

Կալանավորներն է՛լ չսպասեցին, որ իրենց նորից ասեն, և մեկը մյուսի հետևից թռան փոսի մեջ։

Չիպոլինոն տխուր նայեց նրանց հետևից, բայց հանկարծ զգաց, որ իր ոտքերից բռնում են։ Ընկերները գլխի ընկան, որ նա ուզում է մնալ, և առանց երկար֊բարակ մտածելու, քարշ տվեցին ստորանցքի մեջ։

― Հիմար մի՛ եղիր, ― ասում էին նրանք, ― եթե ազատ լինես, ավելի շուտ կօգնես հորդ։ Փախչե՛նք, փախչե՛նք, քանի ուշ չէ։

― Սպասե՜ք, ես էլ եմ գալիս, ― անսպասելի կերպով ձայն տվեց Լիմոնուկը, որը վերջապես հասկացավ ամեն ինչ։

― Ես էլ ձեզ հետ կգամ։ Ինձ մի՛ թողեք, թե չէ իշխանը ձեր պատճառով ինձ կկախի։

― Լավ, նրան էլ մեզ հետ վերցնենք, ― համաձայնեց Չիպոլինոն։ ― Չէ՞ որ մենք այս Լիմոնուկին էլ ենք պարտական, որ մեզ այսքան հեշտ հաջողվեց փախչել։

― Շտապեցեք, ― լսվեց մի խուլ ձայն նրա հետևում, ― այստեղ անտանելի լույս է, և ես բոլորովին չեմ ուզում կուրանալ կամ արեվահար լինել։

― Իմ բարի ծերուկ, Խլուրդ, ― ասաց Չիպոլինոն, ― մի ինքդ մտածիր, մի՞թե ես կարող եմ փախչել։ Հայրս հիվանդ է, իր խցում փակված։

Խլուրդը ծոծրակը քորեց։

Ես գիտեմ նրա խուցը․ ― ասաց նա, ― ես լավ ուսումնասիրել եմ բանտի հատակագիծը, որ դու ուղարկել էիր ինձ։ Բայց մենք մի՞թե ժամանակ ունենք․ դու պիտի այդ մասին ինձ նախազգուշացնեիր։

Նա ազդանշան տվեց, և անմիջապես մոտ հարյուր խլուրդ հավաքվեց։

― Տղե՛րք, մենք պիտի մի անցք էլ փորենք, ա՛յ, մինչև բանտի այն անկյունը, ― ասաց ծեր Խլուրդը, ― հը՜, փորե՞նք թե չէ։

― Ի՞նչ հարց է դա, քառորդ ժամից պատրաստ կլինի։

Հազիվ էին նրանք ծերունուն ստորանցքով դուրս տարել, երբ Լիմոնուկները ներս մտան։ Նրանք ոտքի տակ էին տալիս ամբողջ բանտը, փնտրում կալանավորներին ու չէին հասկանում, թե ինչպես կարող էին նրանք անհայտանալ։

Երբ վերջապես բանտապահները գլխի ընկան, թե ինչ է տեղի ունեցել, այնպես վախեցան իշխանի կողմից պատժվելուց, որ իրենց հերթին զենքերը թափելով նետվեցին խլուրդների փորած ստորանցքի մեջ։

Դաշտ դուրս գալով, նրանք թաքնվեցին գյուղացիների տներում, դեն գցեցին լիմոնական համազգեստը և բանվորական շորեր հագան։

Ասում են, թե նրանք իրենց գլխարկների վրայի զանգակներն էլ դեն գցեցին։ Եկեք հավաքենք այդ զանգակներն ու փոքրիկներին տանք։ Թող ինչքան կուզեն զնգզնգացնեն։

Իսկ Չիպոլինո՞ն։ Հետո ի՞նչ եղավ նա։

Ծեր Խլուրդը և Չիպոլինոն, կարծելով, թե բանտից փախած Լիմոնուկները իրենց հետևից են ընկել, ուրիշ անցք փորեցին։ Ահա թե ինչու Լիմոնուկներն այնպես էլ չհասան նրանց։

Հապա որտե՞ղ են նրանք հիմա։

Սպասեցեք՝ կիմանաք։

 

Գլուխ քսանյոթերորդ

Մրցություն արգելակներով


Իշխանը մեծ տոնախմություն կազմակերպեց։

― Իմ հպատակներին զվարճալիքներ են պետք, ― վճռեց իշխան Լիմոնը, ― այդ դեպքում նրանք իրենց կարիքների և դժբախտությունների մասին մտածելու ժամանակ չեն ունենա։

Նա որոշեց ձիարշավ կազմակերպել, որին պետք է մասնակցեին բոլոր առաջին, երկրորդ և երրորդ կարգի պալատական Լիմոնները։ Հասկանալի է, որպես հեծյալներ և ոչ թե ձիեր։

Դրանք առանձնահատուկ մրցումներ էին։ Ձիերը պետք է քաշեին արգելակված անիվներով կառքեր։

Մրցությունից առաջ ինքը իշխանը ստուգեց բոլոր արգելակները, որպեսզի տեսնի, գործո՞ւմ են դրանք թե չէ։

Արգելակները այնքան լավ էին գործում, որ անիվները բոլորովին չէին պտտվում։ Այդ իսկ պատճառով կառք քաշելը ձիերի համար հարյուրապատիկ դժվարանում էր։

Երբ իշխանն ազդանշան տվեց, ձիերը սմբակները խփեցին գետնին, սանձերից փրփուր թափելով, բոլոր մկանները լարեցին, բայց կառքերը նույնիսկ տեղից չշարժվեցին։ Այդ ժամանակ հեծյալ֊Լիմոններն սկսեցին ձիերին հարվածել իրենց երկար խարազաններով։ Դա օգնեց։ Կառքերը մի քանի սանտիմետր առաջ գնացին, և իշխանը սկսեց ուրախ ծափահարել։ Հետո ինքը դուրս եկավ հրապարակ ու սկսեց ձիերին ամբողջ ուժով խփել։ Ըստ երևույթին այդ զբաղմունքը նրան մեծ հաճույք էր պատճառում։

Նրան հաճույք պատճառելու համար, Լիմոնները գոչում էին․

― Ձերդ մեծություն, բարի եղեք իմ ձիերին էլ խփել։

Իշխան Լիմոնը ինչքան ուժ ուներ խարազանը շրխկացնում էր։ Կառքերի վրա կանգնած հեծյալները նույնպես սկսեցին հարվածներ տեղալ։ Խարազանի ամեն մի հարված ձիու մեջքին սպիտակ, երկար շերտ էր բացում, բայց դա իշխանին բոլորովին չէր անհանգստացնում։ Նա շատ հպարտ էր, որ այդքան զվարճալի բան է հնարել։

― Ամեն մի ձի, եթե նրան ոչինչ չի խանգարում, կարող է վազել, ― ասում էր նա, ― իսկ ես ուզում եմ տեսնել, կարո՞ղ են արդյոք վազել, եթե նրանց խանգարում են։

Խեղճ ձիերը, որ ցավից ու լարումից կատաղել էին, քիչ էր մնում ցած ընկնեին։

Հանդիսականները զայրանում էին, բայց ստիպված էին նայել այդ վայրենի մրցությանը, ավելի ճիշտ՝ տանջանքին, որովհետև եթե իշխանը որոշել էր, որ նրանք պետք է զվարճանային, ապա նրանց բռնությամբ էին զվարճացնում։

Բայց հանկարծ իշխանը՝ հարվածելու համար բարձրացրած խարազանը ձեռքին՝ քարացավ և աչքերն այնպես չռեց, որ քիչ էր մնացել տեղից դուրս թռչեին։ Նրա ոտքերն սկսեցին դողալ, դեմքն ավելի դեղնեց, և դեղին գլխարկի տակ մազերը բիզ֊բիզ կանգնեցին, այնպես որ ոսկե զանգակիկն սկսեց հուսահատ զնգզնգալ։

Իշխանը տեսավ, թե ինչպես ուղիղ իր ոտների մոտ հողը սկսեց քանդվել։ Այո՛, այո՛, հողը քանդվեց։

Ակզբում մի ճեղք երևաց, հետո էլի ճեղքեր երևացին, ապա մի փոքրիկ բլրակ բարձրացավ՝ նրանցից, որ խլուրդներն են դաշտում շինում։ Հետո բլրակի գագաթին մի անցք բացվեց։ Այդ անցքը լայնացավ և այնտեղ սկսեց երևալ մի գլուխ, հետո ուսեր և ինչ֊որ կենդանի էակ արմունկների ու ծնկների օգնությամբ հողի երես բարձրացավ։ Դա Չիպոլինոն էր։

Անցքի միջից լսվեց Խլուրդի անհանգստացած ձայնը․

― Ե՛տ դարձիր, Չիպոլինո, մենք սխալվել ենք, սիրելիս, ե՛տ դարձիր։

Բայց Չիպոլինոն արդեն ոչինչ չէր լսում։ Ուղիղ իր դիմաց տեսնելով խարազանը ձեռքին քարացած, աղե արձան դարձած իշխանի գունատ, քրտնակալած դեմքը, Չիպոլինոն կատաղությունից սկսեց դողալ։

Բոլորովին չմտածելով, թե ինչ է անում, տղան նետվեց իշխանի վրա և նրա ձեռքից խարազանը խլեց։ Իշխանը դեռ ուշքի չէր եկել, երբ Չիպոլինոն, խարազանը օդում թափահարելով, ինչքան ուժ ուներ խփեց նրա մեջքին։ Իշխանն այնպես էր ապշել, որ փախչելու փորձ չէր անում։

― Օ՜, օ՜, օ՜, ― ոռնաց նա։

Չիպոլինոն նորից խարազանը քաշեց և այս անգամ ավելի ուժգին հարվածեց։

Միայն դրանից հետո իշխանը շուռ եկավ և պո՛ւկ, փախավ։

Դա ազդանշան էր։ Չիպոլինոյից հետո բանտից փախած մյուս կալանավորներն էլ գետնի տակից դուրս եկան։

Ժողովուրդը նրանց դիմավորեց ուրախության ճիչերով։ Հայրերը տեսան որդիներին, կանայք տեսան ամուսիններին։

Մի ակնթարթում ոստիկանության շղթան կտրվեց, և ժողովուրդը լցվելով մրցահրապարակ, ազատագրված գերիներին ձեռքերի վրա առաջ տարավ։

Պալատական հեծյալները ուզում էին իրենց կառքերով փախչել, բայց ինչքան էլ մտրակում էին ձիերին, անիվները տեղից չէին շարժվում։ Պալատականներին բռնեցին և ձեռքերն ու ոտները կապեցին։

Սակայն իշխանն այնուամենայնիվ կարողացավ բարձրանալ իր կառքը, որը մրցումներին չէր մասնակցում և արգելակներ չուներ։ Նա կարողացավ ժամանակին փախչել։ Բայց վախեցավ իր պալատում թաքնվել և մոլեգին ճիչերով ձիերին քշելով, սլացավ դաշտ։ Հնազանդ ձիերը այնպես քառատրոփ սլացան, որ կառքը վերջ ի վերջո շուռ եկավ, և իշխանը գլխիվայր ընկավ մի փխրուն կույտի մեջ, որը դաշտերը պարարտացնելու համար էր նախատեսված։

― Ամենահարմար տեղն է նրա համար, ― կասեր Չիպոլինոն, եթե տեսներ, թե ի՛նչ պատահեց իշխանի հետ։

 

Art 365

23.10.2025

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.