• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչո՞ւ Ֆրանց Վերֆելը գրեց «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը

Ինչո՞ւ Ֆրանց Վերֆելը գրեց «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը

Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» (Die vierzig Tage des Musa Dagh, 1933) վեպը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին   հայ ժողովրդի հերոսական ինքնապաշտպանության մասին  գրված ամենանշանավոր  ստեղծագործությունն է։ Այն պատմում է 1915 թ․ Ցեղասպանության  ժամանակ Մուսա լեռան հայերի ինքնապաշտպանական հերոսամարտի մասին։ Վեպը հրատարակությունից հետո մեծ  հաջողություն ունեցավ, թարգմանվեց բազմաթիվ լեզուներով։ Թուրքիայում ու նացիստական Գերմանիայում այն արգելվեց։ Ավելին, նախատեսվում էր, որ գրքի հիման վրա Հոլիվուդում ֆիլմ պետք է նկարահանվի, սակայն, ԱՄՆ-ում թուրքական դիվանագիտության ճնշման հետևանքով ֆիլմն իրականություն չդարձավ։ 

 

1929 թ. Ֆրանց Վերֆելը կնոջ՝ Ալմա Մալերի հետ ճանապարհորդում է Մերձավոր Արևելքում, լինում Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում։ Դամասկոսում նրանք հանդիպում են ծայրահեղ թշվառության մեջ ապրող, ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ որբերի։   Այս դիպվածը խորապես ցնցում է գրողին․

Այս գիրքը մտահղացվել է 1929 թվականի մարտին Դամասկոսում  իմ գտնվելու ընթացքում։ Գորգերի գործարանում աշխատող խեղված և քաղցած  գաղթական ​​երեխաների տխուր տեսարանը վերջին ազդակը դարձավ, որ ես դուրս բերեմ ու ներկայացնեմ հայ ժողովրդի անըմբռնելի ճակատագիրը այն  դժոխքից, որը տեղի էր  ունեցել, -վկայում է հեղինակը։

Ֆ․ Վերֆելը սկսում է ուսումնասիրել հայոց պատմությունն ու հայոց Մեծ եղեռի վկայությունները։ Ի վերջո, կանգ առնում Մուսա լեռան հերոսական պաշտպանության պատմության վրա․

Մուսա լեռան վրա 5 000 մարդու պայքարն ինձ այնքան ապշեցրեց, որ ցանկացա օգնել հայ ժողովրդին՝ գրելով այդ մասին և պատմելով ամբողջ աշխարհին։

Բացի հայ ժողովրդի ու պատմության ողբերգական ու հերոսական էջերին անդրադարձը, ծագումով հրեա հեղինակի համար կարևոր էր նաև իր ժողովրդի ճակատագիրը։  Գերմանիայում նացիզմի հաստատման ու վերելքի շրջանում վեպն ընկալվում էր, որպես նախազգուշացում սպասվող ողբերգական իրադարձությունների մասին, գուցե նաև զգոնության ու պայքարի կոչ։  Սփյուռքում ապրող հայ ժողովրդի համար,  Ցեղասպանությունից երկու տասնամյակ անց գիրքը դարձավ ազգային մեծ ողբերգության, նաև պայքարի էջերի մասին հիշեցում, նոր ազդակ հաղորդեց Հայոց մեծ եղեռնի  ճանաչման համար մղվող պայքարին։ 

Ներկայացնում ենք հատված «Մուսա լեռան 40 օրը» վեպից։

 

Գաբրիելը երկու ցերեկ և երկու գիշեր մնաց Դամլաջըքի լանջին: Դեռևս անցյալ երեկո Ժուլիեթին լուր էր ուղարկել, որ իրեն չսպասեն: Բազմաթիվ պատճառներով նա ստիպված էր երկար մնալ լեռան բարձունքին:

Դամլաջըքը կարծես միանգամից փոխվեց: Չնայած իր վայրի տեսարաններին, դա այլևս այն հովվերգական լեռը չէր, որ Գաբրիելը շարունակ տեսնում էր իր երազային դեգերումների, ապա ռազմագիտական շրջագայությունների ժամանակ: Լեռն առաջին անգամ ցույց էր տալիս իր իսկական, անսքող դեմքը: Աշխարհում ոչ միայն մարդը, այլև ամեն ինչ իր իսկական դեմքը ցույց է տալիս միայն այն դեպքում, երբ հետամուտ ես լինում: Նույնն էր և Դամլաջըքը։ Դրախտային ցոլքը՝ աղբյուրների կարկաչյունով կենսավորող առանձնության ժպիտը, չքացել էր նրա կնճռոտված, դաժանացած դեմքից։

Բագրատյանի ընտրած պաշտպանական տարածությունը ընդգրկում էր մի քանի քառակուսի կիլոմետր: Այդ սարահարթը մինչև տափարակ Քաղաքաձորը բլուրների ու հովիտների, գագաթների ու խորխորատների դժվարանց վերելք ու վայրէջք էր: Դա առանձնապես զգացվում էր այն ժամանակ, երբ օրվա ընթացքում բազմիցս ստիպված էին լինում հետազոտել տարբեր կետեր: Գաբրիելն ուզում էր խուսափել հովիտն իջնելու համար ավելորդ ուժ և ժամանակ վատնելուց: Համենայն դեպս, նա իր կյանքում ֆիզիկական աշխատանք կատարելու նման հակում երբեք չէր զգացել։ Ամբողջ եռանդով աշխատանքի լծված մարմինն առաջին անգամ էր ցույց տալիս, թե ինքը ինչի է ընդունակ: Բալկանյան ռազմաճակատում անցկացրած շաբաթները սրա համեմատությամբ դժգույն էին, տարտամ։ Այն ժամանակ զինվորը մահվան սպառնալիքի տակ գտնվող մարդկային տիղմ էր, որը բնական ինչ-որ զորության շնորհիվ կամ առաջ էր մղվում, կամ, դարձյալ մահվան սպառնալիքի տակ, առանց սեփական թելադրանքի ետ շպրտվում: Վերջին տարիներին Գաբրիելը հաճախ էր տառապում սրտի թուլությունից և ստամոքսային ցավերից: Քնքշացած մարմնի այս նոպաները միանգամից անհետ կորան: Այլևս չէր զգում, թե սիրտ և ստամոքս ունի: Չէր էլ նկատում, որ տակը և վրան միայն մի վերմակ գցելով ու երեք ժամ քնելով միանգամայն բավարարվում է, որ մի կտոր հաց ու մի քիչ պահածո ուտելով` իրեն ամբողջ օրը կուշտ էր զգում: Եթե այս մասին շատ էլ չէր մտածում, ապա ուժի այս գիտակցումը Գաբրիելին համակում էր երջանիկ հպարտությամբ: Դա այն հպարտությունն էր, որ մեր միսն ու արյունը միշտ նոյն ժամանակ է բոցավառվում, երբ ոգին մեր մարմնի համար պարտություն է նախապատրաստում:

Բայց առավել կարևոր դուրս եկավ մի այլ հանգամանք: Ռազմիկների մեծագույն մասն արդեն դիրքավորվել էր լեռան վրա: Նրանց օգնում էին նաև մի խումբ տոկուն կանայք և անչափահաս տղաներ։Մյուս բոլոր մարդիկ, շրջահայաց զգուշությունից ելնելով, մնացել էին հովտում: Պետք է ստեղծվեր այն տպավորությունը, թե շարունակվում է առօրյա խաղաղ կյանքը, այլապես թուրքերն իսկույն կառնեին գյուղերի ամայացման հոտը: Դրանից բացի, գյուղացիներին հանձնարարված էր ամեն գիշեր, գաղտնի, հնարավորության սահմաններում ավելի շատ պարենամթերք բարձրացնել լեռը։ Ամեն ինչ, իհարկե, հնարավոր չէր տեղափոխել ավանակներով: Օրինակ, հայր Թովմասյանի արհեստանոցից նրա օգնականները ուսներին դրած էին բարձրացնում երկար տախտակներ ու գերաններ: Դրանցով կառուցելու էին խորան, կառավարական տաղավար, հիվանդանոց: Գաբրիելի հետ Դամլաջրքի վրա մնացել էին ավելի երիտասարդ ավագները, ամենից առաջ՝ Արամ Թովմասյանն ու ուսուցիչները: Մեծ խորհուրդը Տեր-Հայկազունի գլխավորությամբ հովտում վարում էր իր գործերը։

Այդ օրերին լեռան բարձունքին բանակած մարդկանց թիվը հասնում էր մոտ հինգ հարյուրի: Այս ընտիր և հարվածային զորախմբի մեջ անհրաժեշտ էր ծայրահեղորեն բարձրացնել ոչ միայն աշխատանքային ավյունը, այլև պայքարի խանդավառ ոգին, որն արդեն բոցկլտում էր մարդկանց սրտում, ավելի ու ավելի բորբոքվում: Երբ իրիկնադեմին հոգնած ու  ջարդված հավաքվում էին Քաղաքաձորում վառվող խարույկի շուրջը, պատվելի Արամը երկար-բարակ խոսում էր, գրեթե քարոզի չդիմելով, լուսաբանում ռազմական նախաձեռնության իմաստը: Փառաբանում էր ինքնապաշտպանության աստվածային իրավունքը, խոսում հայ ժողովրդի անցած ճանապարհի մասին, որն անհիշելի ժամանակներից եղել է անըմբռնելիորեն արյունոտ, խոսում էր իրենց հանդգնության արժանիքների մասին, որը կարող էր օրինակ ծառայել, ոտքի հանել բովանդակ ազգը, փրկության դուռ բացել: Ապա նկարագրում էր տարագրության մանրամասնությունները, իր սեփական աչքով տեսածը, ինչպես նաև ուրիշներից լսածը։

Տարագրությունը ներկայացնում էր որպես հայաբնակ հովտի հինգ հազար հոգու անխուսափելի վախճանը, վճռականորեն փարատում ամեն մի տարակուսանք: Բոլորին միավորող վսեմ գործը ավարտվելու էր հաղթանակով ու ազատությամբ: Թե ինչպես պետք է նվաճեին այդ հաղթանակն ու ազատությունը, երբեք չէր ասում: Ոչ ոք չէր էլ հարցնում։ Երիտասարդության ոգին բորբոքելու համար հարկ չկար պատկերացնելու, թե ինչ է թաքնված այդ մեծաղորդ խոսքերի ետևում: Այնքանն էլ բավական էր, որ նման խոսքեր հնչեին:

Երբեմն այս պատվելու ջանքերի մի մասն իր վրա էր վերցնում Գաբրիելը: Ի հակադրություն Արամ Թովմասյանի, նա խուսափում էր վերամբարձ խոսքերից հիշեցնում, որ չի կարելի ապարդյուն վատնել ո՛չ մի վայրկյան, որ պետք է խնայել հացի յուրաքանչյուր պատառը, սրտի ամեն մի տրուփյունը նվիրաբերել նպատակին: Ավելի շատ պետք է մտածեին ոչ թե անխուսափելի դժբախտության, այլ այն անպատվության մասին, որով թուրքական կառավարությունն արատավորեց հայ ժողովրդի անունը:

- Եթե գեթ մի անգամ մեզ հաջողվի թուրքերին սարից ցած շպրտել, ապա ոչ միայն լուծած կլինենք անպատվության վրեժը, այլ մեկընդմիշտ խայտառակած ու ստորացրած կլինենք դրանց: Չէ՞ որ մենք թույլերն ենք, իսկ իրենք՝ ուժեղները: Երևակայում են, թե մենք առևտրականներ  ենք, իսկ իրենք՝ ռազմիկներ: Եթե մի անգամ ջարդենք, դրանց

գոռոզամտությունը կթունավորենք այնպես, որ երբեք ուշքի չեն գա։

Ինչ  իրողության մասին էլ մտածեին, միևնույն է, Գաբրիելն ու Արամը շարունակ խոսում էին դիմադրության փառավոր ելքից, երիտասարդության պատրաստակամ հոգիների մեջ արծարծում մոլեռանդ հավատ, մոլեռանդ կարգապահություն, որը պակաս կարևոր չէր:

Բնագրի աղբյուրը՝ Ֆրանց Վերֆել, Մուսա լեռան քառասուն օրը, Երևան, 1987։

Art 365

10.09.2025

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.