Հայոց եկեղեցական և համայնքային կյանքում զանգերն ու կոչնակները միշտ ունեցել են խորհրդանշական, պաշտամունքային ու գործնական մեծ դեր։ Դրանք ծառայել են ոչ միայն հավատացյալներին ժամերգության հրավիրելուն, այլև կարևոր իրադարձությունների, վտանգների կամ հաղթանակների մասին ազդարարելու համար։ Հայտնի է, որ Սարդարապատի հերոսամարտի օրերին եկեղեցիների զանգերն անդադար հնչել են։ Այս տեսանկյունից ուշագրավ է ավանդությունը, որը Հայաստանում եկեղեցիները կառուցվում էին միմյանցիցի այնպիսի հեռավորության վրա, որպեսզի զանգերի ձայնը լսելի լիներ և թշնամական հարձակման ժամանակ զգուշացնեին։ Հայտնի են նաև բազմաթիվ այլ զրույցներ, ավանդություններ, որոնք կապված են զանգերի հզոր ձայնի, կախարդական կամ պաշտպանական հատկությունների և նույնիսկ աշխարհագրական անունների առաջացման հետ։
Զանգն ու Զանգեզուրը
Այդպիսին է օրինակ հայկական Զանգեզուր անվան ծագման պատմությունը։ Ըստ մի տարբերակի՝ Սյունաց մարզի Որոտանի խոր ձորերում ժամանակին շատ գյուղեր ու եկեղեցիներ են եղել։ Առավոտյան, երբ միաժամանակ սկսել են տալ բոլոր եկեղեցիների զանգերը, դրանց ձայնը լցրել է ամբողջ ձորը։ Լսողներն հիացմունքից ասել են. «Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է», որից էլ առաջացել է Զանգեզուր անունը։ Մեկ այլ տարբերակով Տաթևի վանքը կառուցելուց հետո զանգակատանը մի հսկա ու զորեղ զանգ են կախում։ Երբ այն զնգում է, ձայնը որոտում է լեռներում ու ձորերում։ Զարմացած ժողովուրդը բացականչում է. «Էս ի՜նչ զոռ զանգ է, զանգը զո՛ռ է» («զոռ» նշանակում է զորավոր, հզոր), և երկրամասը ստանում է Զանգեզուր անվանումը։ Իսկ երրորդ պատմությունն այն մասին է, որ Լենկ-Թեմուրը արշավում է և մոտենում Հայաստանի սահմաններին, տեղի իշխաններից մեկը փորձում է զգուշացնել կամ օգնություն կանչել, բայց պարզվում է, որ վտանգի պահին զանգը ձայն չի հանում։ Մարդիկ զարմացած ասում են. «Բա ինչո՞ւ զանգը չտվին», ինչին ի պատասխան ոմանք ասում են. «Զանգը զո՜ւր է...»։ Այսպես էլ հայկական այս երկրամասի անունը մնում է Զանգեզուր։
Զանգի հրաշագործ ձայնը
Ժողովրդական հավատալիքներում զանգը պարզապես մետաղե առարկա կամ ազդանշան չէր, այլ օժտված էր չարն ու փորձանքը վանելու զորությամբ. Հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ երբ սկսվում էր համաճարակ, սով, ուժեղ կարկուտ կամ բնական այլ արհավիրք, եկեղեցու զանգերի անընդհատ ղողանջը կարող է հեռացնել չար ոգիներին ու փրկել բնակչությանը: Զանգի ձայնը համարվում էր սրբազան սահման՝ մարդկային աշխարհի և աստվածայինի միջև, որը կարող էր զգաստացնել մարդուն և մաքրել միտքն ու հոգին: Հայտնի են բազմաթիվ զրույցներ, որոնք կապված են զանգերի հզոր ձայնի, կախարդական կամ պաշտպանական հատկություններին։
Երբվանի՞ց է գործածվում զանգը
Հայաստանում զանգի գործածության մասին առաջին վկայություն գտնում ենք 5-րդ դարի նշանավոր հայրապետ Հովհան Մանդակունու երկերում։ Հայ եկեղեցում կա զանգերի օրհնության կարգ։ Մինչև մետաղե զանգերի լայն տարածումը կամ զանգերի բացակայության պայմաններում հայկական վանքերում ու եկեղեցիներում հավատացյալներին ժողովի էին կանչում փայտե կամ երկաթե կոչնակների (ժամահարների) միջոցով։ Մեզ հասած պղնձից և արծաթից ձուլված հայկական հնագույն պահպանված զանգերը թվագրվում են 1302 և 1304 թվականներին, ինչը վկայում է միջնադարյան Հայաստանում մետաղաձուլության բարձր մակարդակի մասին։
Զանգն ու Սուրբ Պատարագը
Հայ առաքելական եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում զանգերի գործածությունը խստորեն կանոնակարգված է։ Զանգը հնչեցվում է հետևյալ առանցքային պահերին.
Պատարագի սկզբում (Ժամամուտ). երբ հոգևորականները սկսում են Պատարագի հանդիսավոր մասը, զանգերն ազդարարում են արարողության պաշտոնական սկիզբը։
Ավետարանի ընթերցման պահին. սարկավագի կողմից Սուրբ Ավետարանի ընթերցմանը նախորդում կամ ուղեկցում է զանգերի զնգոցը։ Նպատակն է՝ հավատացյալների ուշադրությունը հրավիրել Աստծո խոսքի ունկնդրմանը։
Սուրբ Հաղորդության և Սրբագործության պահին. սա Պատարագի ամենահանդիսավոր ու սուրբ պահն է, երբ հացն ու գինին վերածվում են Հիսուս Քրիստոսի Ամենասուրբ Մարմնի և Արյան։ Այս պահին զանգերը զնգում են առավել երկար և հանդիսավոր կերպով՝ խորհրդանշելով հոգևոր զարթոնքը։
Պատարագի ավարտին (Արձակում). վերջին օրհնության և արձակման պահին զանգերը կրկին ողջունում և ազդարարում են արարողության բարեհաջող ավարտը։