Հայաստանի բնաշխարհի ու սրբավայրերի հնագույն պատկերներն ի հայտ են գալիս եվրոպացի ճանապարհորդների գրքերում, հայկական մանրանկարներում, ապա նաև հայկական տպագիր առաջին գրքերում։ Այդ նկարներում բնապատկերների ու հուշարձանների իրական գծերը զուգորդվում են գեղարվեստական ու խորհրդանշական այլ մանրամասներով, որոնք արտացոլում էին ավանդական պատկերացումները այդ երևույթների մասին։
Ի մասնավորի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատկերները հիմնականում արտացոլում են հայության հոգևոր կենտրոնի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով հիմնադրման պատմությունը, Սուրբ Տրդատի ու Գրիգորի հարաբերությունների մատենագրությամբ ավանդված դրվագները, պաշտամունքային ու խորհրդանշական տարբեր իրողություններ։
Մի այդպիսի ուշագրավ ու բազմախորհուրդ պատկեր է ներկայացնում գրականագետ Վարդան Դևրիկյանն իր՝ «Սուրբ Ղազարից Սուրբ Էջմիածին(18-րդ դար)»(2016) գրքում։ Էջմիածնի Սիմեոն Երևանցու հիմնած տպարանում 1776 թվականի տպագրված «Տոնացույց» գրքի այս պատկերում ներկայացվում են ոչ միայն Մայր տաճարը, այլև Արարատ ու Արագած լեռները։

Այստեղ համադրված են Ագաթանգեղոսի պատմությունից հայտնի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի դրվագները․ երկնքի բացվելը, Սուրբ Երրորդությունը, մեր Տերը Հիսուս Քրիստոսի Էջքը՝ ոսկե մուրճը ձեռքին, Սուրբ Գրիգորն ու հրեշտակը։ Պատկերն ուղեկցվում է Սիմեոն կաթողիկոսի՝ Սուրբ Էջմիածնին նվիրված բանաստեղծության տողերով և որոշ չափով դրանց արտացոլումն է։
Սակայն, այս փորագրանկարն ուշագրավ է նրանով, որ Աստվածաշնչի սրբազան լեռան՝ Արարատի կողքին՝ Սուրբ Էջմիածնի հարևանությամբ պատկերվում է նաև Արագած լեռը։ Եթե Արարատի գագաթին Նոյյան տապանն է, ապա Արագածը պատկերվում է երկնքից անպարան կախված Լուսավորչի կանթեղով։ Կից բերվող տողերում Սիմեոն Երևանցին Արագածն անվանում է՝ «Տուն սրբութեանց/Լուսաւորեալ լուսով անանց»։

Ուշագրավ է, որ Արարատը պատկերված է մեկ գագաթով, ինչն ունի իր բացատրությունը․
«Փորագրանկարը թեև ստեղծվել է Հայաստանում, Ս. Էջմիածնում՝ հենց Արարատի դիմաց, սակայն միջնադարից եկող խորհրդաբանական մի ըմբռնմամբ և վերջինիս վրա հիմնված պատկերագրությամբ, ինչպես եվրոպական արվեստում, այնպես էլ այստեղ, Մասիսի իրական գծագրման փոխարեն այն կոնաձև է ներկայացված, որը ևս վկայում է միջնադարյան պատկերագրության վրա գրական-այլաբանական ըմբռնումների և ավանդությունների ունեցած մեծ ազդեցության մասին»,-գրում Է Վ․ Դևրիկյանը։
Վ․ Դևրիկյանը ներկայացնում է նաև Արագած ու Արարատ լեռների հետ կապված այլ պատկերացումներ, որոնք երևան են գալիս փորագրանկարում․ ի մասնավորի, Արագածի հազար աղբյուրներ ունենալու պատկերացումն ու ծաղկառատությունը։
Մայր տաճարը փորագրանկարում պատկերվում է իր իրական ճարտարապետական գծերով։ Այն բնութագրվում է Սիմոն Երևանցու հետևյալ տողերով․՝ «Այս է կերտեալն ի Միածնէն/Երկրորդ տապանն լուսեղէն(Այս է Միածնի կերտածը/ Լուսեղեն երկրորդ տապանը)»։
«Ս. Էջմիածինը, քանի որ գտնվում է տապանակիր Արարատի դիմաց, ուստի հայ մատենագրությունում այն միտքն է շեշտվում, որ Արարատին իջած Նոյյան տապանը Արարատյան դաշտում դարձավ Ս. Էջմիածնի Մայր Տաճարը՝ որպես փրկության տապանը հայ ժողովրդի։․․․Որպես բանաստեղծական ամփոփում, մեկ անգամ ևս ընդգծվում է, որ Ս. Էջմիածինն է Արամյան ազգի՝ հայ ժողովրդի պարծանքը, որի շուրջը պետք է ժողովվեն նրանից հեռացած իր զավակները»,- գրում Է Վ․ Դևրիկյանը։