• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչո՞ւ Միքելանջելո Անտոնիոնին Սուրբ Էջմիածին, Զվարթնոց, Օշական ու Սևան այցելեց

Ինչո՞ւ Միքելանջելո Անտոնիոնին Սուրբ Էջմիածին, Զվարթնոց, Օշական ու Սևան այցելեց

1976 թվականին իտալացի նշանավոր ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին այցելում է Խորհրդային միություն։ Նա իր նոր ֆիլմի նկարահանումների համար հարմար միջավայր էր փնտրում։ Նկարահանող խումբը նկարահանումների համար դիտարկում էր Հայաստանը և Միջին Ասիայի երկրները։ Ռեժիսորի հայաստանյան այցի մասին ուշագրավ  հուշեր է ներկայացնում այն ժամանակ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահ Գևորգ Հայրյանը։ Ռեժիսորն ու ուղեկցողները լինում են Զվարթնոցում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ռեժիսորն հանդիպում է Ամենայն հայոց կաթողկոս Վազգեն Ա-ի հետ։ Նրան լինում են նաև Սևանա լճի ափին, սակայն Իշխան ձուկ համտեսել չի հաջողվում, քանի-որ այդ օրը ձկնորսները չէին կարողացել իշխան գտնել։ Ներկայացնում ենք Մ․ Անտոնիոնի հայաստանյան այցի մասին այս հուշերը։

 

1976թ. նոյեմբերի 19-ին Միության Պետկինոյի նախագահի տեղակալ Մոսինից հեռագիր ստացվեց, որ Հայաստան են գալիս Իտալիայի կինեմատոգրաֆիստները Միքելանջելո Անտոնիոնիի գլխավորությամբ: Հեռագրից հետո Մոսինը զանգահարեց ինձ ասելով.

- Անտոնիոնին ուզում է նոր ֆիլմ նկարել, նատուրա է որոնում, - ապա ավելացրեց, - խնդրում եմ ուշադիր լինել, Պետկինոն մեծ նշանակություն է տալիս նրանց այցին։

Ես նրան պատասխանեցի ձեր զգուշացումն ավելորդ է մեզ եւս հայտնի է, որ Անտոնիոնին աշխարհի ամենանշանավոր կինոռեժիսորներից է։

Հավաքեցի Հայկինոյի ռեժիսորներից մի քանիսին, եւ ծրագիր կազմեցինք մեծապատիվ հյուրին արժանավայել ընդունելու համար։ Այդ ծրագրի համաձայն՝ մենք նրան ցույց պիտի տայինք Հայաստանի տեսարժան վայրերը։

Երբ հաջորդ առավոտյան Անտոնիոնին իր երկու ուղեկիցների հետ Երեւան ժամանեց, ասաց.

-Ինձ հետաքրքրում է հատկապես Էջմիածինը։

Ես շտապեցի ասել՝

-Նաեւ Սեւանա լիճը։ Անտոնիոնին ուշադիր նայեց դեմքիս, զգացի, որ բացատրություն է ուզում: Շարունակեցի,- հնում ասում էին, որ ով եղել է Իտալիայում եւ չի ցանկացել տեսնել Հռոմը, անխելք է,- ապա ավելացրի,- Սեւանը աշխարհի գեղեցկուհիներից մեկն է։

Նույն օրը հյուրանոցում տեղավորվելուց հետո մեր քարավանը մեկնեց Էջմիածին:

Մեծ ռեժիսորի ուղեկցողներից մեկի անունը նույնպես Անջելո էր. մյուսինը, դժբախտաբար, չեմ հիշում։ Առաջինը ավարտել էր Մոսկվայի կինեմատոգրաֆիստների պետական ինստիտուտը, վարժ խոսում էր ռուսերեն։ Եվ միաժամանակ թարգմանչի դեր էր կատարում։

Ճիշտն ասած, նրան «ծանր» գործ չէր վիճակվել, քանզի Անտոնիոնին քիչ էր խոսում։ Ինձ թվում էր, թե այդ բարձրահասակ, բարակ կազմվածքով, մի փոքր գունատ դեմքով, թուխ ու արտահայտիչ աչքերով մարդու համար հետաքրքիր չի, թե ինչ են խոսում մյուսները, երեւի նրան ավելի հաճելի էր ինքնամփոփ լինելը, կամ, ով իմանա, գիտակցելով իր մեծությունը՝ շրջապատի վրա նայում էր բարձունքից։ Հետագայում համոզվեցի, որ ճիշտ չեմ, Անտոնիոնին մեծամիտ չէր, երեւի լռակյաց լինելը գալիս էր նրա բնավորությունից։

Էջմիածին հասնելուց առաջ ես առաջարկեցի հյուրերին տեսնել նաեւ մեր հնագույն հուշարձաններից մեկը՝ Զվարթնոցը, երբ Անտոնիոնին եւ մյուսները ոտք դրին նրա փլատակների վրա, սկսեցի բացատրել թե որտեղ ենք գտնվում, բայց երբ Անտոնիոնին տեսավ խոյաքանդակները, անմիջապես մոտեցավ դրանց, զգացի, որ իմ բացատրություններն ավելորդ են։

Փլատակները նայելուց հետո մտանք թանգարան: Նա երկար կանգ առավ Զվարթնոցի հատակագծի առաջ, ոչինչ չէր ասում. բայց դժվար չէր հասկանալ, որ ներքուստ հիացած է։ Երբ վերջացրինք Զվարթնոցի փլատակները դիտելը, ասաց․

- Սա ծրագրից դուրս էր, մերսի:

Շատ չանցած, մենք արդեն Էջմիածնի վանքի բակում էինք։ Անտոնիոնին դիտեց վանքի շրջապատը, տեսավ խաչքարերի շարքը, բավական երկար կանգ առավ կաթողիկոսների շիրմաքարերի առջեւ ու ապա մտավ վանք։ Այնտեղ մնաց մոտ կես ժամ: Ես ասացի, որ մեծ ջահը բերվել է Իտալիայից, նա լրացրեց ինձ․

- Սուրբ Լազարից հեռու չի գտնվում ջահերի գործարանը։

Երբ վանքից դուրս եկանք, թարգմանիչ Անջելոն ասաց․

- Պարոն Անտոնիոնին հարցնում է իսկ հնարավո՞ր է արդյոք հանդիպել հայոց վեհափառին

Հայտնի էր, որ այն ժամանակ կաթողիկոսը արտասահմանյան հյուրերին ընդունում էր միայն հոգեւոր սինոդի որոշմամբ:

- Կփորձեմ,- ասացի եւ զանգահարեցի դիվանի պետին, խնդրելով իմ անունից հարցնել վեհափառին կարո՞ղ է արդյոք ընդունել իտալացի ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիին։

Դիվանի պետը չուշացրեց պատասխանը, ասաց, որ սիրով կընդունի։ Եվ իսկապես, մի քանի րոպե անց նա մեզ ընդառաջ եկավ իր աշխատասենյակի մուտքի մոտ

Անտոնիոնին եւ կաթողիկոսը խոսում էին ֆրանսերեն։ Ես աչքիս տակով նայում էի այդ քչախոս մարդու պահվածքին եւ մտածում. երեւի այդպես՝ Քրիստոսի առաքյալներն էին խոսում իրենց ուսուցչի հետ: Հետո ինձ ասացին, որ Անտոնիոնին մոլի հավատացյալ է։

Նրանց զրույցը տեւեց մոտ կես ժամ, իսկ երբ դուրս եկանք վեհափառի աշխատասենյակից, Անտոնիոնին, ձեռքը դնելով ուսիս, ասաց․

-Դուք նացիոնալիստ եք:

Ես կարող էի վիրավորվել, եթե Անջելոն չասեր․

- Ուզում է ասել հայրենասեր եք։

Երեւան վերադարձանք Աշտարակի ճանապարհով։ Մտանք Օշականի եկեղեցին, ուր ահա քանի դար է, որ ննջում է Մեսրոպ Մաշտոցը․

Անտոնիոնին կանգնեց Մաշտոցի շիրմա քարի առջեւ եւ ասաց.

- Այս մարմարն էլ, իմ կարծիքով, իտալական է, Կարարայից է, այո՞։

- Չեք սխալվում, Կարարան բարեկամություն է անում Երեւանի հետ։

Նա գոհ մնաց իմ պատասխանից

Ես նրան ասացի, որ այդ գյուղը մի քանի իմպերատոր է տվել բյուզանդական կայսրությանը։

-Ու՞ր են նրանք,- բացականչեց նա - իսկ այս տառերը կան եւ միշտ պիտի լինեն Արարատի նման, քանզի միայն ձերն են։

- Արարատն էլ մերն է պարոն Անտոնիոնի,- ասացի ես:

- Ձերն է այդ գեղեցկուհին, բայց այսօր դժբախտաբար ուրիշի գրկում է։ Ապա ավելացրեց.

- Ում գրկում էլ լինի, նա կույս է Աստվածամոր նման..․

Հաջորդ առավոտյան մենք ուղեւորվեցինք Սեւան: Ճիշտն ասած, ուզում էի իտալացիներին իշխան ձուկ հյուրասիրել, բայց ծովափնյա ռեստորանում ասացին, որ չի հաջողվել իշխան որսալ։ Երբ այդ մասին հայտնեցի հյուրերին, նրանք վեր կացան իսկ Անտոնիոնին ասաց, որ ինքը ոչինչ չի ցանկանում, բացի անյուղ լոբուց, կարտոֆիլից եւ մակարոնից: Առաջին երկուսը գտնվեց, երրորդը՝ ոչ։
Անտոնիոնին մի քանի բաժակ կոնյակ խմեց եւ աշխուժացավ, խոսեց բավական երկար... Նրա ուղեկիցները ավելի շատ ըմպեցին։ Անջելոն հանկարծ հարցրեց․
 - Ճի՞շտ է, որ հայերն ու վրացիները ատում են իրար:
- Ճիշտ չի, պարոն Անջելո,- պատասխանեցի նրան,- մենք թուրքերին էլ չենք ատում, իսկ վրացիները մեր դարավոր եղբայրներն են: Մենք ատում ենք Մուսոլինիին, իսկ իտալացիները մեր բարեկամներն։
- Բայց դուք ձեր Հայաստանը ավելի շատ եք սիրում:
- Ինչպես դուք ձեր Իտալիան:
- Հենց այդպիսին պիտի լինի իսկական հայրենասերը,- ավարտեց Անտոնիոնին:
Իրիկնադեմին վերադարձանք Երեւան:
Որոշ ժամանակ անց հարցրի Պետկինոյի նախագահի տեղակալ Մոսինին.
- Ի՞նչ եղավ Անտոնիոնին գտա՞վ իր որոնած նատուրան, թե չհավանեց մեր երկրամասը:
Նա պատասխանեց․

- Ընդհակառակը, նա շատ գոհ էր Հայաստանից էլ, ձեր վերաբերմունքից էլ: Ձեզանից հետո իր նոր նկարի համար մեկնեց Միջին Ասիա, դժբախտաբար, այնտեղ էլ չգտավ իր որոնածը: Ոչինչ անել չենք կարող, դա ռեժիսորի գործն է, նրա իրավունքը։

Անտոնիոնին Ուզբեկստանում, 1976

Աղբյուրը՝ Գրական թերթ, 1999, թիվ 7

 

Art 365

27.08.2026

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.