• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Արամ Պաչյանն եմ․․․

Արամ Պաչյանն եմ․․․

Երբ ես 18 տարեկան էի․․․ նույն հիմարն էի, բայց դեռ բարի հիմար էի:

 

Այսօր խաղն արդեն ավարտված է, թեպետ․․․ խաղը մենակ մահով ա ավարտվում:

 

Ես գրում եմ․․․ իմ ճշմարտությունը, սուտը, իմ իրականությունը, իմ ոչնչությունը ցավոք լեզուն ա, որը չեմ վերապրի, գիտեմ:

 

Ես ապրում եմ այն մասին, որ․․․ երբ պառկում եմ քնելու՝ մերոնց եմ հիշում, որոնք ոչնչացան-հեռացան էս կյանքից: Լավ էլ արեցին:

 

Ամենայն բանը գոյության․․․ մանչս բառն է: Հայրիկն ինձ ասում էր՝ մանչս:

 

Ասում են՝ կրիան ճանապարհի մասին գիտի ավելի շատ, քան նապաստակը․․․ ավելի շուտ ճանապարհը գիտի իմ մասին, քան ես ճանապարհի:

 

Իմ միջի կրիան․․․ թեպետ կրիան լուրջ կենդանի ա, ափսոս ա, որի ինձ հետ համեմատեմ:

 

Իմ միջի նապաստակը․․. նապոյի հետ կապված մի պատմություն եմ հիշում, հորքուրի ամուսինն էր պատմում։ Խոտհնձի ժամանակ գերանդիավորները հանկարծ դեպի իրենց մեղմ նայող աչքերի են հանդիպում․ նապոներ էին, նապերի ընտանիք էր: Նայել ու նայել են - քար կտրած: Սրանք մոտեցել էին, տեսել, որ գերանդու շեղբը խոտի հետ հնձել ա նապոների թաթերը:

 

Իսկական ուղին․․․ չգիտեմ, թե որն ա: Ես դա չեմ ունեցել ու չեմ ունենա:

 

Թեպետ տարիների ընթացքում սովորել եմ․․․  չեմ սովորել, փորձել եմ գրել, բայց չի ստացվել:

 

Ես անվերջ փնտրում եմ․․․ աշխարհի ամենահամով կոֆեն:

 

Ես արդեն գտել եմ․․․ որ ամեն օր՝ ժամը վեցի կողմերն ավելի շատ եմ ժպտում: Տարօրինակ ա, բայց էդ ա:

 

Գտնելու ճամփին կորցրել եմ․․․ էն Էրեխուն, որ դեմից մի վեց-յոթ տարի լավ էլ երեխա էր՝ լուսավոր, բարի, ահա, լուսավոր ու բարի: Կա տենց բան, ու էլ չկա ու չի լինի էդ էրեխեն: Ու հեչ էլ ափսոս չի: Հանդկեն սխալ էր:

 

Իմ միջի փնտրողը․․․ շփոթմունքը:

 

Իմ գտածը․․․ Նյու Օռլեանում սեքընդհենդ խանութից մի հատ թույն կուրտկա ա: Էս աշխարհում մենակ ես ունեմ էդ կուրտկից: Հագնում եմ, ֆռֆռում իմ Երևանում: Լուրջ եմ ասում: Էս չեմ ասում, որ իբր կռեաԾիվ բան ասեմ: Լուրջ եմ շատ:

 

Իրականության մասին մեր պատկերացումները նման են․․․ ավազի ու ժայռի, նաև կատվի ու էշի:

 

Իսկ իրականությունն իրականում․․․ ափսոս, որ լեզուն ա մենակ, շատ ափսոս: Լեզուն կեղծում ա իրականությունը: Լեզուն ինքը կեղծիք ա: Եկել ա, որ կեղծի: Կկեղծի ու կգնա, ընդմիշտ: Էդ հաստատ:

 

Մենք․․․ ոչ էլ երբևէ հեռանում ենք մեզանից: Հեռանում են կյանքից: Ուրիշ հեռացում չկա ինձ համար: Ու չեմ ուզում փիլոյել, իբր թե մահը վերադարձ ա կամ նման մի բան: Չէ: Փիլոյելու նման դատարկ բաները պահում եմ գրքերիս համար, որ իմ սիրած գրողների, որոնք սուտասան են ու լեզվի կլոուն, հա, իրենց շարքում ես էլ դասվեմ՝ որպես մանր-մունր սուտասան, ու անշնորհք կլոուն:

 

Երբեմն պետք է փակվել սեփական քարանձավում․․․ քարանձավից դուրս եկողներին չենք սիրում, (լեգենդար) չենք դարձնում: Քարանձավաբնակների առասպելը պետք է QANDEL: 

 

Ես մարմին եմ․․․ ու հազար ափսոս։

 

Ես․․․ եթե կարողանայի հոգի լինել, լեղաճաք կանեի սաղին:

 

Իմ միջի մենակին․․․ տարիներ առաջ շատ հարազատ հոգի ինձ ասաց՝ տենց էլ մենակ, մենակ մի տեղ կընկնես, կսատկես մի օր: Սատկելը պետք ա:

 

Իմ միջի շատը․․․ գրքերն են. գրքերից չեմ կտրվում, ստրկացած վիճակ լրիվ: Ու երբ ասում եմ գրքերը, նկատի չունեմ ընթերցանությունն ու գրականությունը:

 

Մի օր ես կդառնամ․․․ թեպետ չեմ դառնա, բայց կուզեի ռոք աստղ դառնալ, շատ: Իմ բամբ ձենով մարդկանց սրտերը պայթեցնել։ Ճապոնիայում տուռ կանեի:

 

Իսկ հիմա ես մի մարդ եմ, որը․․․ ոչինչ չի արել, որ կանխեր իր երկիրն ասպատակած ավերն ու մահը: Իր երկրի, իր ժողովրդի համար ոչինչ չարած մարդ:

 

Իմ միջի արամը․․․ հեռանում ա՝ հուշիկ, հուշիկ: Էս հուշիկ բառը շատ եմ սիրում:

 

Իմ միջի լույսը․․․ լամպի լույսն ա. հիշում ես, չէ՞ մեր նավթալամպը: Էդ լույսն ա:

 

Իմ միջի մութը․․․ չեմ ուզում էլ ոչ մեկի հիշել:

 

Ես ասում եմ․․․ որ Ես-ի լույսը, որ փայլատակում է ներսում ու դրսում, ի հայտ է գալիս․․․

 

Որտեղ նավթալամպի ու մոմի լույս կա․․․ Սևի սիրտը քաշում ա: Մյունխեն քաղաքի հարավային դարպասների կամարի տակ անտուն մարդիկ էին ապրում, գիշերը մոմեր ու լամպեր էին վառում: Հա, անցնում-դառնում էի էդ կամարի տակով: էս ցեխոտ ու ախտված հոգիս մի քիչ բուժող էդ մարդկանց լույսերի միջով գնում-գալիս էի: Նենց լավ էր:

 

Ինձ մեկը մի օր ասաց․․․ զզվելս գալիս ա քեզնից, հարցրեցի ինչի՝ ասեց, չգիտեմ, նեռվերիս վրա ահավոր ազդում ես: Ինչ անեմ, չգիտեմ: Ես էլ չիմացա՝ ինչ անել: Բայց էդ մարդուն նենց եմ հասկանում:

 

Իսկ սերը, սերը․․․ շուտվանից չեմ սիրահարվել, կարոտել եմ գլխին տված սիրահարությանը – էն որ լրիվ յանդ տանում ա: Սպասում եմ, որ էլի յանս տանի:

 

Ես գիտեմ կանանց մասին այնքան, որ․․․ իմ պես մի կիսատ-պռատ միջին վիճակագրական, հետերո տղա իր կիսատ-պռատ հոգով, ինչի չէ նաև փտած, դեգրադացված միջավայրերից սերված մեկը՝ իր զգացումներով ու գիտելիքներով, դեռ ունակ չի գոնե մի փոքր հասկանալու կանանց: Բայց փորձում ա ու փորձելու ա – միշտ:

 

Իսկ տղամարդիկ այնքան են տարբերվում կանանցից, որ․․․ տարբերության հարցը՝ վտանգի ու վախի հարցն ա:

 

Տղամարդիկ ու կանայք․․․ մենակ լեզվի թակարդում:

 

Ֆեմինիզմն ու սեքսիզմը․․․ Ֆուկոն կասեր՝ հետո քաջ եղեք:

 

Ես հնասեր եմ․․․ անցելապաշտ – ահավոր ա:

 

Ու ես փորփրում եմ անցյալը, որ գտնեմ․․․ եթե չեմ գտնում, ուրեմն չեմ հավատում, որ եղել ենք - ազնիվ ա:

 

Ու ես փորփրում եմ ինձ, որ գտնեմ․․․ իմ ներսի փորփրողը՝ իմաստների ու անիմաստության, առհասարակ գոյութենական հարցերի հետ ընդհանրապես կապ չունի:

 

Թեպետ առանց շատ վերլուծելու, ճմրթելու ու ճմրթվելու ապրելը․․․ նույնն ա, ըստ էության:

 

Հայերենը լեզու է․․. փռից տաք-տաք, ու մանդելշտամավարի՝ կատվի պես ճանկ-ճանկ:

 

Հայերենով ստեղծվում է գրականություն, որը․․․ ես չգիտեմ, թե ինչի ա ստեղծվում:

 

Գրականությունը լեզու է, որը․․․ պարտվել է լեզվին ու շատ լավ էլ արել ա:

 

Գրականությունը սյուժե է, որը․․․ կամ սյուժեն գրականություն ա, որը…

 

Իմ սիրած գրականությունն այն մասին է․․․ «Ես ծնվել եմ 1632 թվականին, Յորք քաղաքում…» (Ռոբինզոն): Սրա մասին ա իմ սիրած գրականությունը:

 

Մի օր ես կդառնամ․․․ տուն։

 

Մի օր ես կունենամ․․․ տուն։

 

Մի օր ես․․․ ապրել եմ:

 

Մի օր ես կգրեմ․․․ «Ես ծնվել եմ 1632 թվականին, Յորք քաղաքում…» (Ռոբինզոն)։

 

Մի օր ես էլ չեմ լինի, բայց․․․ ինստագրամում կհայտնվի մեկը, ով փոստեր կանի Երևանի հիշողության ու հին գրքերի մասին: Ու էդ ընտիր ա:

 

Ես Արամն Պաչյանն եմ, ես․․․ չէ, ես արամ պաչյանը չեմ: Ես հեսա կերդվեմ։ )))

 

 

 

Շուշան Մարուքի

06.04.2023

Ես եմ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.