• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Սիլվա Կապուտիկյան. սիրո երգեր

Սիլվա Կապուտիկյան. սիրո երգեր

1919 թ. հունվարի 20-ին է ծնվել հայ նշանավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը(1919-2006): Բանաստեղծուհին երկարամյա բեղուն ստեղծագործական ընթացք է անցել՝ հեղինակելով չափածո ու արձակ բազում գրքեր: Նրա ստեղծագործությունները սիրվել ու սիրված են Հայաստանում և Սփյուռքում: Նրա նուրբ, քնարական սիրային գործերը վերածվել են երգերի, որոնք այսօր էլ կատարվում ու լսվում են: Art365-ը առանձնացրել է Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված ամենասիրված երգերը: Ընթերցե՛նք ու ունկնդրե՛նք:

 

Ասում են թե...

 

Այնպես անփո՜ւյթ, այնպես հանգի՜ստ

Անցնում ես դու մեր տան մոտով,

Մինչ ես ուրիշ տներում իսկ

Քե՜զ եմ փնտրում դեռ կարոտով:

 

Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն

Մատնո՜ւմ ես դու ինձ աշխարհին.

Մինչ դողում է, որպես երդում,

Քո անունը իմ  շուրթերին:

 

Հյուրանոց է սիրտը քո բաց,

Հեշտ գալիս են, հեշտ էլ գնում,

Իմ սիրտն՝ ամրոց, որտեղ անդարձ

Դու ես փակվել ու չե՜ս ելնում:

 

Եվ ինքս իմ դեմ լուռ մռայլվում՝

Սիրուս համար խանդում եմ քեզ,

Որ հեղհեղուկ այս աշխարհում

Դու սիրահա՜ր ունես ինձ պես:

 

Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի

Կատարումը՝ Հովհաննես Բադալյանի

 

 

Մի լացացնի

 

Մի լացացնի շատ եմ լացել, սիրելիս,

Դու մի կարծիր պաղ եմ այսպես ու գոռոզ,

Սիրտս շատ է լցված եղել վերքերով,

Սպիներից է կարծրացել, սիրելիս:

 

 Հոգնել եմ ես ցավոտ, դավոտ սերերից,

Ամենքի դեմ սիրտս բացած, աչքս` փակ,

Քար է եղել նրանց շքեղ կրծքի տակ,

Իսկ ես, ավաղ. սիրտ եմ կարծել, սիրելիս:

 

 Հոգնել եմ ես, թող որ քնեմ ես հանգիստ,

Մանկան նման` ծնկիդ գլուխս դրած,

Ինձ խնայիր ու գուրգուրա ինձ վրա,

Ժամս է արդեն իրիկնացել, սիրելիս:

 

Երաժշտությունը՝ Վաչե Հովսեփյանի

Կատարումը՝ Ատիս Հարմանտեան

 

Մախմուր աղջիկ

 

Մախմուր աղջիկ,

Քիչ տխուր աղջիկ,

Աչքերդ հազարախոս,

Շուրթդ լուռ աղջիկ:

 

Երնեկ նրան,

Ով որ կանգնի քո դռան,

Ջուրդ խմի, կաթնաղբյուր աղջիկ: 

Նազով աղջիկ,

Թուխ մազերով աղջիկ,

Ծաղիկ ես, չթառամես

Մուրազով աղջիկ:

Մնա քնքուշ,

Բուրիր բույրով քո անուշ,

Աշխարհ լցրու երազով աղջիկ:

 

Երաժշտությունը՝ Խաչատուր Ավետիսյանի

Կատարումը՝ ԴԵՏՔ խումբ

 

Թե ես չեմ սիրում

Թե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ,

Ինչու է ձմեռն այսքան գարուն,

Ձմռան արևը այսքան այրում,

Անխոս երկինքը այսքան անհուն:

 

Եթե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ:
Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ,

Հապա ինչու են ձեր փողոցում

Այդքան սիրով ինձ ճամփա բացում.

Անցորդներ, տներ, մայթեր ու ձյուն,

Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ:


Ու թե չենք սիրում մենք իրարու,

Ինչու են աստղերն այսքան անթիվ:

Այսքան գեղեցիկ գիշեր ու տիվ,

Աշխարհը այսքան հաշտ ու ազնիվ,

Եթե չենք սիրում մենք իրարու:

 

Երաժշտությունը՝ Լևոն Արևշատյան

Կատարումը՝ Գոռ Սուջյան, PROJECT LA

 

Թե աչքերս քեզ որոնեն...

Թե աչքերս քեզ որոնեն,
Ես կփակեմ մութ կոպերով,
Որ աշխարհում քեզ չտեսնեն:
Թե խենթ լեզուս անունդ տա,
Ես կսեղմեմ ատամներով,
Որ հնչյուն իսկ չշշնջա:
Բայց երբ սիրտս, սիրտս է ուզում
Ձայնել ու քեզ տեսնել իր դեմ,
Ինչո՞վ փակեմ սրտիս լեզուն,
Սրտիս աչքը ինչո՞վ փակեմ...

 

Երաժշտությունը՝ Լևոն Սևանի

Կատարումը՝ Հարութ Փամբուկչյան

Art 365

20.01.2023

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.