• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Պատերազմը Պիկասոյի և Քոչարի աչքերով

Պատերազմը Պիկասոյի և Քոչարի աչքերով

Նրանց Փարիզը

 

            Երվանդ Քոչարը և Պաբլո Պիկասոն 13 տարի (1923-1936) ապրել են Փարիզում։ Հենց այստեղ է հայազգի մեծանուն նկարիչը ստեղծում պլաստիկ-գեղանկարչ­ական նոր ոճ` «տարածական նկարչությունը», ուր ներառնված է նաև ժամանակը՝ որպես լրացուցիչ, չորրորդ չափում։ Երկու վարպետները ոչ միայն ծանոթ էին, այլև մեծագույն հարգանք ունեին միմյանց նկատմամբ, ինչի մասին վկայում են թե՛ ժամանակակիցների հուշերը, թե՛ այն փաստը, որ Ֆրանսիայի մայրաքաղում բազմա­թիվ անգամ նրանց գործերը ներկայացվել են միևնույն ցուցահանդեսներում։

 

           

            Միևնույն գաղափարը

 

 

            1937 թվականին մայիսին Իսպանիայի Հանրապետության պատվերով Պաբլո Պիկասոն ստեղծում է «Գեռնիկա» կտավը։ Ազդակը նույն թվականի ապրիլ ամսին ֆաշիստական Գերմանիայի օդուժի կողմից իրականացված իսպանական Գեռնիկա քաղա­քի ռմբակոծումն էր, որի արդյունքում ընդամենը 3 ժամում 6.000 բնակչություն ունեցող քաղաքը հիմնովին ոչնչացվում է՝ բառացիորեն գետնին հավասարեցվելով (առնվազն 2000 մարդ մնում է փլատակների տակ)։ Եվ չնայած կտավը ստեղծվել էր կոնկրետ իրադարձության անմիջական ազդեցությամբ, այն շատ արագ դառնում է ֆաշիզմի և ընդհանրապես՝ պատերազմի բերած սարսափելի աղետների խորհրդա­­նիշ։

 

 

            25 տարի անց՝ 1962 թվականին Երվանդ Քոչարը ստեղծում է «Պատերազմի արհավիրքը» կտավը։ Ի տարբերություն «Գեռնիկա»-ի՝ այս գործը ոչ թե ծնունդ էր որևէ ստույգ իրողության, այլ հետևանք էր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև տիրող այն գերլարված իրա­վի­ճակի, որը սկիզբ էր առել դեռևս 1946-ից և հետագայում անվանվեց «Սառը պատերազմ»։ Պատահական չէ, որ մոտ 45 տարի տևած այդ «պատերազմի» գագաթ­նակետը թերևս հենց նույն 1962 թվականն էր՝ ի դեմս «Կարիբյան ճգնաժամի», երբ մարդկությունն իրապես կանգնած էր ինքնաոչնչացման եզրին։ Սակայն, ինչպես «Գեռնիկա»-ն, Քոչարի կտավը մարմնավորում է 20-րդ դարն ընդհանրապես՝ բռնություն, պատերազմ, ցեղասպանություն (պատահական չէ, որ նկարի աշխատան­քային վերնագիրն էր՝ «Եղեռն»)։

 

 

            Միևնույն ազդեցությունը

 

            Երկու կտավներն ունեն թե՛ ակնհայտ տարբերություններ, թե՛ նմանություններ։ Տարբերություններն ավելի արտաքին բնույթի են. Պիկասոյի կտավը չափերով անհամեմատ ավելի մեծ է, Քոչարի գործում գերիշխում են վառ գույները, մինչ­դեռ Պիկասոյի կտավը սև-սպիտակ է, բնականաբար՝ տարբեր է երկու վար­պետների տեխնի­կան։ Սակայն երկու գործերում էլ տեսնում ենք մարդկային խելագար դեմքեր, բզկտված ու մասնատված մարմիններ, գազազած ձիեր, կմախքներ։ Բայց ամենա­կարևորը այն համընդհանուր և համատարած ՔԱՈՍՆ է, որ արտահայտում են երկու կտավները։ Հենց քաոսն է պատերազմի կամ ցեղասպանության հոմանիշը, ըստ որում՝ քաոսը սկսվում է ցանկացած կոնֆլիկտի առաջին կրակոցից, թափված արյան առաջին կաթիլից ու երկար ժամանակը չի ավարտվում, անգամ երբ դադարում են բոլոր կրակոցները, իսկ վերքերը սկսում են սպիանալ։

 

            Միևնույն ճակատագիրը

 

            «Գեռնիկա»-ն, առաջին անգամ ներկայացվելով Փարիզի միջազգային ցուցահան­դեսում (1937), վարպետի մի քանի այլ գործերի հետ ուղևորվում է համաշխարհա­յին շրջագայության՝ Շվեդիայի (1938), Մեծ Բրիտանիայի (1939) և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներ՝ ի վերջո 1939 թվականի նոյեմբերին հասնելով Նյու Յորքի «Ժամանակակից արվեստի թանգարան»։ Իսկ արդեն հաջորդ՝ 1940 թվականին ֆաշիստական Գերմանիան օկուպացնում է Ֆրանսիայի զգալի մասը, այդ թվում՝ Փարիզ մայրաքաղաքը, որտեղ ապրում էր վարպետը։ Եվ Պիկասոն նյույորքյան թանգարանի ղեկավարությանը խնդրում է ժամանակավորապես պահել կտավը ու ետ չուղարկել. դժվար չէ պատկերացնել, թե ֆաշիստները ինչպես կվարվեին «Գեռնիկա»-ի հետ, եթե այն նրանց ձեռքն ընկներ։ Բայց նույնիսկ պատերազմի ավարտից հետո «Գեռնիկա»-ն շարունակում է մնալ ԱՄՆ-ում։ Նրա հնարավոր վերադարձի միակ հանգրվանը Իսպանիան էր, սակայն դա հնարավոր չէր, քանի որ Պիկասոն, խիստ հակաֆաշիստական հա­յացք­ների տեր լինելով, անձնական մեծ հակակրանք ուներ երկրի այդ ժամանակվա ղեկավար Ֆրանսիսկո Ֆրանկոյի նկատմամբ, ու երդվել էր, որ ոտք չի դնի Իսպանիա, քանի դեռ նա կենդանի է։ Ավելին՝ 1969 թվականին 88-ամյա վարպետը իր փաստա­բանին հանձնարարում է սեփական կտակում արձանագրել, որ «Գեռնիկա»-ն, այո՛, «պետք է վերադառնա Իսպանիա, բայց այն օրը միայն, երբ իմ երկրում կրկին կհաստատվի հանրապետական կառավա­րություն, իսկ մինչ այդ նշված ստեղծա­գործությունը կմնա «Ժամանակակից արվեստի թանգարան»-ում» (փաստա­բա­նի խորհրդով կտակի վերջնական տարբերակում «հան­րապետա­կան կառավա­րություն» բառերը փոխարինվում են «ազատ հանրություն» տերմինով)։ Եվ իսկապես, միայն Ֆրանկոյի մահից տարիներ անց՝ 1981 թվականին, արդեն գրեթե 45-ամյա «Գեռնիկա»-ն հասնում է Իսպանիա։

 

 

            Երվանդ Քոչարի «Պատերազմի արհավիրքը» նույնպես զգալի ուշացումով է ներկայանում հանրությանը։ Վարպետը, որ Խորհրդային Հայաստան էր ժամանել դեռևս 1936-ին, անհատա­կան ցուցահանդես կազ­մակերպելու հնարավորություն է ստա­նում մոտ 30 տարի անց միայն՝ 1965-ին։ Բայց նույ­նիսկ այդ ժամանակ «Պատե­րազմի արհավիրքը» չեն թույլատրում ցուցադրել։ Ավելին՝ 1971-ին «Լուվր»-ում կազմակերպ­վող «Ուրարտուից մինչև մեր օրերը» հսկայածավալ ցուցա­հանդեսում պետք է ներկայացվեր նաև Քոչարի գլուխ­գործոցը, որ արդեն փաթեթա­վորված էր՝ պատրաստ մեկնման։ Սակայն ամե­նա­վեր­ջին պահին իշխանու­թյուն­ներն արգելում են կտավի «գործուղումը»։ Բարե­բախ­տա­բար, նույն տարում Երևանում Քո­չարը կրկին անհա­տական ցուցահանդես է ունենում, որի ժամանակ «Պատերազմի արհավիրքը», որ արդեն գրեթե 10 տարեկան էր, առաջին անգամ ներկայանում է հանրությա­ն լայն շրջանակներին։

 

 

Հեղինակ՝ Սևակ Ղազարյան

Art 365

02.04.2021

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.