• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Մուտք Երուսաղեմ․ Հաղբատի Ավետարանի խորհրդավոր մանրանկարի գաղտնիքները

Մուտք Երուսաղեմ․ Հաղբատի Ավետարանի խորհրդավոր մանրանկարի գաղտնիքները

Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի թեման  եվրոպական քրիստոնեական արվեստի ու հայ մանրանկարչության  սիրելի թեմաներից է։ Հայկական ձեռագրարվեստում տերունական շարքի այս պատկերն իր բազմազան արտահայտությունն է գտել։ Այս պատկերն իր ինքնատիպ գծերով հատկապես ներկայանում է Մաշտոցյան Մատենադարանում պահվող մի ուշագրավ ձեռագրում՝ Հաղբատի Ավետարանում։ Ձեռագրի ծաղկողը Մարգարեն է։

Այն գրվել է  1211 թ․ Անիի Սահակ քահանայի պատվերով  Հաղբատի վանքում, ապա նկարազարդվել Անիում, հետո  հայտնվել  Արցախում, որտեղից էլ 1920-ական թվականներին Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը մատյանը  տեղափոխել է  Էջմիածին: 

Ձեռագրի մանրանկարչական յուրահատկություննեերից է այն, որ ավանդական հոգևոր թեմաներն ու կերպարները պատկերվում են աշխարհիկ շնչով, բնապատկերներն ու ճարտարապետական կառույցները հիշեցնում են Անի քաղաքի իրական տեսարաններ, նույնիսկ կան իրական մարդկային կերպարներ։  Մանրանկարչի այս մոտեցումը տեսանելի է հատկապես «Հաղբատի Ավետարանի» միակ թեմատիկ ավետարանական պատկերում` «Մուտք Երուսաղեմ»-ում։ Պահպանելով ավանդականությունը՝ այն բացառիկ է իր  հորինվածքով  ու ինքնատիպ աշխարհիկ ուղղվածությամբ:

            Երկու  աշակերտների  ուղեկցությամբ քաղաք է մտնում Քրիստոս` ավանակին բազմած: Քաղաքացիները Փրկչին դիմավորում են նկարի ձախ կողմում բարձրացող շինության պատուհանից ու պատշգամբից: Նկարի աջ կողմում՝ ձիթենու երկու բարձր ծառերի վրա պատկերված չորս կերպարներից երկուսը ճյուղեր են կտրում և գցում  Քրիստոսի ճանապարհին: Հիսուս  աջ ձեռքով օրհնություն է բաշխում, իսկ ձախով պահում մագաղաթե գլան: Պատկերում այլ կերպարներ ևս կան.  մի փոքրամարմին  խափշիկ  զգեստ  է  փռում  ճանապարհին։  Մի տարեց ու ճերմակամորուս քաղաքացի է կանգնած` խալաթանման ճոխ վերնազգեստով, դեղնակարմիր չալմայով ու ձիթենու ճյուղը ձեռքին: Եռահարկ  աշտարակաձև  շինության   պատուհանից Փրկչին մի տարեց կին է ողջունում: Նույն շինության պատշգամբում կանգնած երկու աղջիկ ձեռքերը մեկնել են ծառերի վրա գտնվող երիտասարդներին, որոնք թերևս իրական կերպարներ են․

            Պատկերի ուշագրավ մանրամասներից է  կենտրոնական ծառը, որի հետ հատվում է Քրիստոսի Աջը։ Այն  խորհրդանշում է ձեռագրի նվիրատուի տոհմածառը: Նկարիչը Քրիստոսին ուղեկցող աշակերտներից պատկերել է միայն երկուսին, դրա փոխարեն պատկերել է իրական մարդկանց՝ ձեռագրի ստացող Սահակի ընտանիքի անդամներին։ Ըստ ձեռագրի հիշատակարանի նրանք իրենց ամբողջ գույքը վաճառել են, եկեղեցի կառուցել և  Ավետարանը նվիրել այդ եկեղեցուն։ Թվարկվում են նաև ընտանիքի անդամները, որոնք էլ ըստ արվեստաբանների պատկերված են նկարում․ Սահակի հայրը՝ Ռոմանոսը, մայրը՝ Կատարինեն, երկու քույրերն ու եկու եղբայրները։   Մեկ այլ խորհրդավոր կերպար է  ծառի բնի միջնամասում պատկերվածը, որն ըստ մանրանկարչության ուսումնասիրող Տատյանա Իզմայլովայի` նախամոր հնագույն կերպարի վերապրուկ է:

Զգացվում է, որ Մարգարե մանրանկարիչն օժտված է կոմպոզիցիայի արտակարգ զգացողությամբ։ Նկարի հորինվածքի հիմքում խաչն է, սակայն կան հորիզոնական և ուղղահայաց այլ համաչափություններ, որոնց համար հիմք է հանդիսացել  իրականում գոյություն ունեցած և Հոռոմոսից-Անի ճանապարհի վրա գտնված եռահարկ շինությունը.

«…բոլոր կերպարներում, ակնհայտ թե ենթատեքստային, բոլոր իրադրություններում Էլ նկարիչը հայեցակետ Է ունեցել քաղաքային աշխարհիկ կյանքի առօրյան։ Եվ այս առօրյայի մեջ նա տեսել ու վերարտացոլել Է մարդկային անանց ջերմություն։ Իր հերոսների առտնին գործողությունների և զբաղմունքի, նրանց սովորական թե հանդիսավոր փոխհարաբերությունների մեջ դրել Է սեր ու վստահություն։ Մի առանձին հոգածությամբ նկարիչը ներքին հուզումնալից կապ Է ստեղծել մարդկանց ու շրջապատի միջև»,- գրում է Մարգարեի արվեստի ուսումնասիրող Վիլհելմ Մաթևոսյանը:  

Art 365

24.03.2024

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.