• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Միքելանջելոյի անզուգական «Պիետան»

Միքելանջելոյի անզուգական «Պիետան»

Միակը հեղինակի՝ Միքելանջելոյի ստորագրությամբ

 

Աշխարհի ամենահայտնի քանդակներից մեկը, որով հիացել ու հիանում են բոլորն արդեն 500 տարի՝ «Պիետան» ստեղծվել է 1499 թ․։  Միքելանջելոյի այս քանդակում  ներկայացվում է Նոր Կտակարանի Քրիստոսի տառապանքների թեմայի դրվագներից մեկը, որն հաջորդում է Փրկչի խաչից իջեցմանը։  Եվրոպական արվեստի այս տարածված թեման Վերածննդի մեծ վարպետի հանճարի շնորհիվ նոր արտահայտություն է գտել մարմարի մեջ: Քանդակը պահվում է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում և Միքելանջելոյի միակ աշխատանք է, որի վրա կա նրա ստորագրությունը: 

Ջորջիո Վազարին վկայում է, որ արձանի տեղադրումից հետ Միքելանջելոն գրեթե ամեն օր գնում էր տաճար՝ իր քանդակով հիանալու։ Եվ մի օր պատահաբար լսում է Լոմբարդիայից ժամանած երկու ճանապարհորդների զրույցը, որոնք իրենց հիացմունք էին արտահայտում, սակայն նաև նշում, որ այն ստեղծել է մի ոմն միլանցի՝ Հոբբո անունով։ Զայրացած Միքելանջելոն ոչինչի չի ասում, գնում է արվեստանոց, գիշերը գալիս տաճար և տիրամոր կրծքի վրայով անցնող գոտու վրա քանդակում «Ֆլորենտացի Միքելանջելո Բուանորոտին է ստեղծել» լատիներեն գրությունը։ Ուշագրավ է, որ երիտասարդ հեղինակը տառասխալ է արել իր անվան գրության մեջ։

 

«Պիետայի» տառապանքները 

 

Ինչպես արվեստի շատ ու շատ գլուխգործոցներ,  «Պիետան» նույնպես տարբեր պատճառներով վնասվածքներ է ստացել։ Առաջին անգամ՝ 1626 թ․ տեղափոխության ժամանակ վնասվում են Տիրամոր աջ ձեռքի մատները։ Բայց ամենից մեծ վնասվածքներ արձանը ստացել է 1972 թ․ մայիսի 21-ին։ Այդ օրը տոնական պատարագի ավարտից մի քանի րոպե անց ավստրալացի երկրաբան Լասլո Տոտը գոռալով՝ «Ես Հիսուս Քրիստոսն եմ, Քրիստոս հարյավ ի մեռելոց»՝ մուրճի 15 հարված է հասցնում արձանին։ Վանդալիզմի այս աննախադեպ դրսևորման հետևանքով վնասվում է հատկապես Տիրամոր դեմքը և ձախ ձեռքը։ 

Դատավարության ժամանակ չարագործը կրկնում է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է, նաև Միքելաջելոն, և Աստծուց հրաման է ստացել ոչնչացնելու արձանը, քանի որ այն «կաթոլիկ եկեղեցու կեղծ առաքինությունների դրսևորում է», «Հիսուս հավերժ է և չի կարող մայր ունենալ»։ Քանդակը և կաթոլիկ եկեղեցին, ըստ Տոտի, ավելի շատ քարոզում են մահացած, այլ ոչ թե մահը հաղթած Քրիստոսին։ Հաշվի առնելով Տոտի հոգեբանական վիճակը՝ նրան տեղափոխում են հոգեբուժարան, ապա արտաքսում երկրից։

Դատավարությունից հետո քննարկումներ են սկսվում արձանի վերականգնման շուրջ։  Շատերը առաջարկում էին արձանը չվերականգնել, քանի որ վնասված վիճակով այն ներկայացնում էր 20-րդ դարի մարդու հոգևոր փնտրումներն ու տառապանքը։ Սակայն, այդուհանդերձ, երկարատև ու մանրակրիտ աշխատանքից հետո արձանը վերականգնվում է։ Օգտագործվում են միայն մարմարի եղած կտորներն ու փշրանքները՝ առանց նոր հավելումների։

 

Երիտասարդ կույսն ու հասուն որդին

 

Միքելաջելոյի հանճարն ու մեծագույն վարպետությունն արտահայտվում են քանդակի առանձին դետալներում և ընդհանուր կոմպոզիցիայում։ Արձանների այս տիպը կար Միքելանջելոյից առաջ։ Այս գործերում գեղարվեստական էֆեկտը ստացվում է հակադրությունից, որ առաջանում է  երիտասարդ կնոջ՝ Տիրամոր ու նրա ծնկներին հորիզոնական դիրքով ներկայացվող հասուն տղամարդու՝ Փրկչի պատկերից։

Ըստ պատկերավորման այս ավանդույթի,   Սուրբ Կույսը միշտ  երիտասարդ է ներկայացվում քանի, որ մաքուր էր հոգով և  ամենաանմեղն էր մարդկանցից։  Օգտագործելով ավանդական թեման,  մեծ վարպետը կարողացել է գտնել այն  զուտ մարդկային՝ մոր անսահման տառապանքի, բայց նաև ճակատագրին համակերվածության հետ համադրելու ճանապարհը։ Տիրամոր տառապանքը զուսպ է, պարուրված է նրա խոնարհությամբ, վիշտը՝ լի է լուսավոր տխրությամբ ու փրկության հույսով։ Այս ամենի շնորհիվ սգո ավանդական պատկերը վերածվում է հույսի ու մխիթարության հուշարձանի։ 

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

Art 365

05.09.2022

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.