• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հայ քանդակագործների  հինգ հայտնի աշխատանքներ արտերկրում

Հայ քանդակագործների հինգ հայտնի աշխատանքներ արտերկրում

Աշխարհի տարբեր քաղաքներում կարելի է հանդիպել հայ քանդակագործների աշխատանքներ: Արձաններ, կիսանդրիներ, հուշարձաններ և իհարկե խաչքարեր: Հայազգի քանդակագործների աշխատանքները հիմնականում նվիրված են հայոց պատմության կարևոր իրադարձություններին, հատկապես Հայոց մեծ եղեռնի հիշատակին, սակայն կան նաև այնպիսի ստեղծագործություններ, որոնք կապված չեն հայոց պատմության հետ: Մենք առանձնացրել ենք հայ քանդակագործների 5 հայտնի աշխատանք, որոնց կարելի է հանդիպել աշխարհի տարբեր վայրերում:

 

1.Դավիթ Երևանցի, Կոմիտասի հուշարձանը Փարիզում, 2003 թ.

 

Հայ մեծ երգահան Կոմիտասի փարիզյան հուշարձանը գտնվում Ալբեր գետի ափին, Ելիսեյան պալատի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության շենքի հարևանությամբ՝ «Երևան» պուրակում: Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 6 մետր է, նյութը՝ բրոնզ: Առջևում Կոմիտաս վարդապետն է՝ գիրքը ձեռքին, կողքին երեխայի գլուխ է քանդակված: Ետևում՝ հայկական խաչքար է: Հուշարձանի վրա գրություն կա. 

 

«Ի յիշատակ Կոմիտաս վարդապետին և 1915-ին Օսմանեան կայսրութեան գործած ցեղասպանութեան 1500000 հայ զոհերուն»:

 

Քչերը գիտեն, որ Փարիզում Կոմիտասի հուշարձանի տեղադրումը նախաձեռնվել է հեռավոր 1978 թ., երբ Փարիզի քաղաքապետը, հետագայում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն էր: Սակայն հուշարձանի տեղադրման աշխատանքները սկսվեցին միայն 2001 թ., երբ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հուշարձանը պաշտոնապես բացվել է 2003 թ.:

 

2. Արտո Չաքմաքչյան, Կոմիտասի հուշարձանը Դեթրոյթում, 1980 թ.

 

ԱՄՆ Դեթրոյթ քաղաքի Ջեֆերսոն կենտրոնական պողոտայի վրա տեղադրված այս արձանը նույնպես նվիրված էՀայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: ԱՄՆ այս նահանգում և Դեթրոյթին հարակից քաղաքներում հայկական մեծ ու ակտիվ համայնք կա: Մեր հայրենակիցները  յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ին այս հուշարձանի մոտ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին:Հուշարձանը պատրաստված է բրոնզից: Պատվանդանի  վրա համապատասխան գրություն ու խաչքար կա: Արձանի պատվանդանին գրված է՝ «GOMIDAS»: Այս հուշարձանի հետ կապված տարբեր պատմություններ կան:Ըստ դրանցից մեկի, տեղացի սևամորթները՝ մտածելով, որ «GOMIDAS»-ը, սևամորթ է ու շատ հավանելով քանդակը՝ իրենց երեխաներին այդ անունն են տալիս:

 

3.Գեորգի Ֆրանգուլյան, Բուլատ Ակուջավա, Մոսկվա, 2002 թ.

 

Մոսկվայում՝  Արբատ փողոցի ու Պլոտնիկովի նրբանցքի անկյունում է գտնվում մեր հայրենակից, Ռուսաստանի ժողովրդական  նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանի աշխատանքը: Բանաստեղծ, երգահան Բուլատ Ակուջավայի բրոնզաձույլ հուշարձանը ներառում է երկու կիսակամար, երկու  նստարան և երգահանի 2.5 մետրանոց արձանը: Գեորգի Ֆրանգուլյանը Ակուջավային նվիրված մեկ այլ արձանի հեղինակ էլ, որը տեղադրվել է 2007 թ.: Արձանը մասնագետների կողմից թեև բավական քննադատվել է, սակայն տեղացիներն ու զբոսաշրջիկները այն կարծես թե hավանում են:  

 

 

4.Վարազ Սամուելյան, Սասունցի Դավիթ, Ֆրեզնո,  1971 թ.

 

Քանդակագործ Վարազ Սամուելյանի այս ուշագրավ աշխատանքն, իր կոմպոզիցիայով և կատարմամբ լիովին հակադրվում է մեր ազգային էպոսի գլխավոր հերոսի մեզ հայտնի երևանյան քանդակին: Դավիթն ու ձին այստեղ հերոսական ու իդեալական չեն, ընդհակառակը փոքր ինչ անճոռնի ու գրոտեսկային: Ֆրեզնոյի քաղաքապետարանի առջև այս քանդակը տեղադրվել է 1971 թ., երբ այստեղ մեր էպոսին նվիրված մեծ գիտաժողով կազմակերպվեց: Վարազ Սամուելյանը ծնվել է Հայաստանում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին ու Դիմադրության շարժմանը: Ֆրեզնոյում է հաստատվել 1957 թ.: Ուշագրավ է, որ Վիլյամ Սարոյանը նրան մի պատմվածք է նվիրել՝ «Ո՞վ է Վարազը» վերնագրով:

 

5.Խաչիկ Ղազանչյան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Վատիկան, 2005 թ.

 

Հայաստանում քրիստոնեության` որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի այս հուշարձանը հեղինակել է ֆրանսիահայ քանդակագործ Խաչիկ Ղազանչյանը: Այն տեղադրված է Վատիկանի կենտրոնական՝ Սուրբ Պետրոսի տաճարի որմնախորշերից մեկում: Քանդակը մարմարից է, ունի 5.7 մետր բարձրություն:

 

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

Art 365

03.06.2021

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.