• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Կենդանին և մեռյալը. Մաթևոսյանը և Անտոնիոնին

Կենդանին և մեռյալը. Մաթևոսյանը և Անտոնիոնին

Ի՞նչն է նրանց միավորում

 

            Առաջին հայացքին Հրանտ Մաթևոսյանին ու Միքելանջելո Անտոնիոնիին գրեթե ոչինչ չի միավորում։ Նախ՝ նրանք արվեստի տարբեր ճյուղեր են ներկայացնում՝ գրականու­թյուն և կինո։ Հետո՝ ապրել ու ստեղծագործել են տարբեր հասարակարգերում՝ սոցիալիստական Հայաստան և կապիտալիստական Իտալիա։ Եվ վերջապես՝ նրանց արվեստի հիմնական թեմաները բավական տարբեր են. Մաթևոսյանը խոսում է գյուղից ու գյուղացիներից, իսկ Անտոնիոնին պատմում է մեգապոլիսների բնակիչների մա­սին։

 

 

            Սակայն ուշադիր նայելիս պարզ է դառնում, որ իրականում այս երկու մեծերը մի շարք ընդհանրություններ ունեն։ Նախ՝ նրանք երկուսն էլ նորարար էին արվեստի իրենց բնագավառներում. մաթևոսյանական արձակը ոճական ու լեզվա­կան առումով չունի իր նախատիպը հայ գրականության մեջ, ինչպես և Անտոնիոնիի «օտարացման» և «անհաղորդության» թեմաների արտահայտման ձևը չուներ իր նախատիպը իտալական կինոյում։ Եվ հետո՝ երկու հեղինակների գլխավոր մտահո­գությունը օրեցօր ավելի ուրբանիստական դառնող աշխարհի մարդն է, որին այդ աշխարհը կտրում է իր արմատներից, ստիպում է հրաժարվել ընդունված բարոյական արժեքներից՝ նյութականը գերադասելով հոգևորից, ձևականը՝ իսկակա­նից։ Որպես հետևանք՝ Մաթևոսյանի և Անտոնիոնիի հերոսները անընդհատ պայ­քարի մեջ են. նրանցից ոմանք պարտվում ու հանձնվում են, իսկ ոմանք էլ կռիվ են տալիս մինչև վերջ։  

 

Երկու գործ մեկ օրվա մասին

 

            Մաթևոսյանին ու Անտոնիոնիին կապող գլխավոր երկու գործերը «Խումհար» վի­պա­կը և «Գիշերը» կինոնկարն են։

            Անտոնիոնիի ֆիլմը մեծ էկրաններին է հայտնվել 1961 թվականին։ Գլխա­վոր դերերում են իտալական կինոյի աստղեր Ժաննա Մոռոն (Լիդիա), Մարչելո Մաստ­րո­­յա­նին (Ջիովանի) և Մոնիկա Վիտտին (Վալենտինա)։ Ջիովանին և Լիդիան ամուսնա­ցած են, սակայն ֆիլմի առաջին իսկ կադրերից նկատելի է, որ նրանց հարաբերու­թյուն­ները խիստ լարված են, իսկ սերը՝ վտանգված։ Իրադարձությունները ծավալ­վում են Միլան քաղաքում։ Ամբողջ ֆիլմը մեկ օրվա պատմություն է։

            «Խումհար» վիպակը գրվել է 1969 թվականին։ Գլխավոր հերոսը Արմեն Մնա­ցական­յանն է, որ հաճախում է կինոսցենարական դասընթացների, որոնց մասնակ­ցում են նաև ԽՍՀՄ տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ։ Գործո­ղությունները զար­գա­նում են Մոսկվա քաղաքում։ Ամբողջ վիպակը նույնպես մեկ օրվա պատմու­թյուն է։

            Երկու դեպքում էլ արտաքնապես սովորական թվացող օրը պետք է դառնա էական, արտասովոր ու նշանակալից։ «Կյանքի լի օրերի ու փուչ օրերի շարան է», — ասում է Արմենը։ Բայց երկու դեպքում էլ օրը փուչ չէ, ընդհակառակը՝ տվյալ օրվա ընթացքում հերոսները շատ բան են պարզելու շրջապատող աշխարհի, ընկեր­ների ու հարազատների և հենց իրենց մասին։

 

 Երկու գործ՝ մեկը մյուսում

 

            Կինոսցենարական հերթական դասընթացի ժամանակ Արմենին ու նրա դաս­ըն­կերներին ցուցադրում են Անտոնիոնիի «Գիշերը» ֆիլմը, որի սյուժեն շատ համառոտ  Մաթևոսյանը շարադրում է վիպակում։ Կինոնկարը բուռն քննար­կումների ու վեճերի պատճառ է դառնում։ Դասի մասնակիցներից ոմանք կարծում են, թե ֆիլմը շինծու է, իրականության հետ կապ չունի, ոմանք համոզված են, որ ֆիլմը մարդու մենակության մասին է, իսկ ոմանք էլ ճիշտ հակառակն են պնդում։ Բայց ամենակարևորն այն է, որ Անտոնիոնիի գործը չափա­զանց տպավորում է Արմենին և օրվա զարգացող իրադարձությունների խառնարա­նում նա պարբերաբար վերադառ­նում է ֆիլմում արտահայտված այս կամ այն գաղափարին։

            Ի դեպ՝ Մաթևոսյանի վիպակի առաջին վերագիրը էր՝ «Կենդանին և մեռյալը»։ «Գիշերը» ֆիլմում հենց այդ վերնագիրն է Լիդիան առաջարկում իր ամուսնուն՝ որպես նրա նոր պատմվածքի խորագիր։

 

Երկու գրողները

 

            «Խումհարն» ու «Գիշերը» նման են ոչ միայն կառուցվածքով, այլև գլխավոր կերպարներով։ Արմենն ու Ջիովանին գրողներ են։ Ջիովանին արդեն անվանի հեղի­նակ է, որը, սակայն, ստեղծագործական ճգնաժամ է ապրում։ Նա գիտի, թե ինչի մասին պետք է գրել, բայց չգի­տի՝ ինչպես։ Արմենը, որ դեռ մեծ ճանաչում չի վայելում, ընդհակառակը, գիտի և՛ ինչի մասին պետք է գրել, և՛ ինչպես, սակայն նրան խանգարում են սոցիալիստական հասարակարգում տիրող արգելքները (օրինակ՝ Հոլոքոստից կարելի է խոսել, իսկ Հայոց ցեղասպանությունից՝ ոչ)։

            Թե՛ Արմենը, թե՛ Ջիովանին առանձնանում են գրողներին հատուկ մի սարկազ­մով, որը գործի են դնում այն ժամանակ, երբ որևէ միտք չի կարելի արտահայտել բառացիորեն։ Այսպես, Ջիովանին գիշերային ակումբում ջազային ընտիր երաժշտու­թյան ներքո սևամորթ գեղեցկուհու մերկապարը տեսնելուց հետո կնոջն ասում է. «Կյանքը տանելի կլիներ, եթե չլիներ հաճույքը» (ի դեպ՝ այդ պարից նույն չափ ազդվում է նաև Արմենը՝ կինոէկ­րանին այն տեսնելով)։ Իսկ Արմենը, հերթական անգամ հիշելով Անտոնիոնիին, կեսկատակ-կեսլուրջ հարցնում է Եվա Օզերովային. «Էքզիստենցիալի՞զմն է լավ, թե՞ երեխան»։

           

…և նրանց կանայք

 

            Արմենի ու Ջիովանիի միջև կա ևս մեկ ընդհանրական գիծ։ Երկուսն էլ թեև սիրում են իրենց օրինական կանանց, սակայն հաճույքով շփվում են գեղեցիկ արտաքինով ու խելացի այլ կանանց հետ։

            Գիշերային ակումբից հետո Ջիովանին և Լիդիան գնում են մի մեծահարուս­տի տուն՝ խնջույքի։ Այդտեղ նրանց հարաբերությունների լարվածությունն էլ ավելի ակնհայտ է դառ­նում. գրեթե ամբողջ օրը միասին են անցկացրել, բայց յուրաքան­չյուրն իրեն սաստիկ մենակ է զգում։ Խնջույքի ժամանակ Ջիովանին հանդիպում է Վալենտինային՝ մեծա­հարուստի աղջկան, և տարվում նրանով։ Վալենտինան ավելի երիտասարդ է, քան իր կինը, ավելի գեղեցիկ է, ոչ պակաս խելացի և նույնպես մենակ է իրեն զգում։ Գրեթե նույնը կարելի է ասել նաև «Խումհար»-ի Եվայի մասին, որ նույնպես շատ ավելի հմայիչ է, քան Արմենի կինը՝ Հասմիկը, և ակնհայտորեն համակրում է Արմենին, ինչպես Վալենտինան՝ Ջիովանիին։ Ընդհանրապես՝ Եվան ու Վալենտինան շատ նման են. մի կողմից՝ նրանք սիրահարված են խելացի, գրավիչ տղամարդ­կանց, բայց մյուս կողմից՝ այդ տղամարդիք ամուսնացած են, և նրանք չեն ցանկանում ընտանիքի կործանման պատճառ դառնալ։

 

Հետաքրքիր է, որ թե՛ Անտոնիոնին, թե՛ Մաթևոսյանը հատուկ ընդգծում են, որ Վալենտինան ու Եվան արտաքնապես ու շարժուձևով Ջիովանիին և Արմենին հիշեցնում են իրենց օրինական կանանց։ Այսպես՝ Վալենտի­նան ու Լիդիան տեղ-տեղ կարծես քույրեր լինեն՝ երկուսն էլ կարճ սանրվածքներով, նույնաձև կարճափեշ սև շրջազգեստներով: Իսկ «Խուհար»-ում Արմենը Եվայի մեջ անընդհատ տեսնում է Հասմիկին. «Դա Հասմիկի կեցվածքն էր… Նա ժպտաց Հասմիկի պես»։

 

Ի վերջո՝ մարդը մենա՞կ է, թե՞ ոչ

 

            Սա է երկու ստեղծագործությունների գլխավոր հարցադրումը։

            Խնջույքն ավարտվում է, և լուսաբացին Ջիովանին ու Լիդիան լքում են մեծա­հա­րուստի տունն ու քայլում դեպի մայրուղի տանող այգու միջով։ Կարծես թե իրար ասելու բան չունեն։ Բայց ահա Լիդիան սկսում է խոսել. իր համար օրն անտանելի էր, ինքը համոզված է՝ սերը մեռած է, հոգևոր ոչ մի կապ չկա իրենց միջև, ողջ օրվա ըն­թացքում ինքը միայն մեռնելու ցանկություն է ունեցել։ Ջիովանին ուշադիր լսում է կնո­ջը, մտորում և հասկանում, որ մինչ հիմա չի գիտակցել մի պարզ ճշմարտութ­յուն. «կյանքում պետք է ավելի հաճախ տալ, քան վերցնել, և որքան շատ ես տալիս, այնքան ավելի լավ, որովհետև վաղ թե ուշ դա քեզ նույնպես օգուտ է բերում»։ Նա որոշում է վերադառնալ դե­պի սեր, դեպի ընտանիք։ Ֆիլմն ավարտվում է Ջիովանիի և Լիդիայի կրքոտ համբույրի տեսարանով։

 

            Նույնը կատարվում է նաև Արմենի հետ` մոսկովյան «բարձրահարկերի և սառը մշուշի վրայով» նա մտովի իրեն գյուղ է քշում. «Ես մանրամասներ էի փնտրում, որպեսզի կառչեմ ու մնամ գյուղում։ Հասմիկը արդուկ էր անում, թեյամանը երգում էր, իմ կամ տղայիս մասին մտածելով՝ Հասմիկը ժպտում էր արդուկի սեղանի վրա…»:

            Արմենը նույնպես հասկանում է, որ իրեն պետք է Հասմիկը, այլ ոչ թե Եվան, ինչպես Ջիովանիին պետք է Լիդիան և ոչ թե Վալենտինան։ Երկուսն էլ գիտակցում են, որ իրենց սերը դեռ մեռած չէ, և պետք է պայքարել դրա համար։ Որովհետև հենց սերն է մենակությունից խուսափելու ամենազորեղ միջոցը։ Եվ հենց սիրո լինել-չլինելով է որոշվում՝ մարդը կենդանի է, թե մեռյալ։

 

            

Հեղինակ՝ Սևակ Ղազարյան

Art 365

04.05.2021

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.