• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Անի Հովակի թռչունները

Անի Հովակի թռչունները

     Թռչունները գրականության ու արվեստի հնագույն ու տարողունակ սիմվոլներից են: Մանրանկարչական, գեղանկարչական ու բանաստեղծական թռչնային պատկերները արվեստում հոգու, սիրո, ազատության, մենության և շատ այլ խորհուրդներ են ստանում: Հայ ժամանակակից արվեստագետները նույնպես անտարբեր չեն թռչունների նկատմամբ:

 

Նկարչուհի և «Հովեր» երգչախմբի երգչուհի Անի Հովակի թռչնային նկարների շարքն ու դրանց հիման վրա ստեղծված բացիկներն իրենց կատարման ինքնատիպությամբ, օգտագործված նյութերով, աչք շոյող գույներով ներշնչման անսպառ աղբյուր են: Անիի երևակայության մեջ, ապա նաև աշխատասեղանին կենցաղային առարկաներ, շինարարական տարբեր պարագաներ համադրվելով նոր կյանք են ստանում: Վերածվում են գունագեղ ու թռիչքի պատրաստ թռչունների:  Բացիկները, թեև նաև խոսք-խոստովանություններ, սիրո և ջերմության արտահայտություն գրություններ ունեն, սակայն դրանք էլ ավելի տպավորիչ են դառնում պոեզիայի ուղեկցություն-համադրությամբ: Այս պատկերներին զուգահեռ թերևս շատ բանաստեղծություններ կարելի էր ընտրել հայ դասական ու ժամանակակից պոեզիայից, սակայն ինձ ամենից ներդաշնակ թվացին Կոմիտաս վարդապետի չքնաղ ու գողտրիկ ստեղծագործությունները, որոնք էլ ներկայացնում ենք նկարների ուղեկցությամբ. Դիտենք, ընթերցենք ու ներշնչվենք.  

 

Բաղձանք

Ձայնիկ ունիմ՝ հայուն-մայուն, 
Սրտիդ բունեմ կայուն-մայուն.
Ո՛վ իմ թևիկ,
Տո՛ւր իմ հևիկ
Թռչեմ երթամ․․

 

Ես եմ

Ես քու սերն եմ,
Սիրուդ ջերն եմ,
Մենավոր.
Ես եմ քո կին,
Դու՝ իմ հոգին
Հենավոր։
Ձայնդ հնչեց սիրո կայծակ շեշտակի,
Հոգիս շնչեց գարուն-փայլակ հեշտակի։
Շունչդ առա կուռ ծոցերով՝
Գրիչ դառա հուր բոցերով։

 

Իմ երազում

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

 

Հով ու ծով սեր

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. - Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արև-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

 

Ճերմակ հեր, գարուն սեր

Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։

 

Հեղինակ՝  Հայկ Համբարձումյան

Աղբյուրը՝ Անի Հովակի էջ

Art 365

09.07.2021

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.