• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Աշխարհի ամենամեծ հայկական ձեռագրի ճակատագիրը

Աշխարհի ամենամեծ հայկական ձեռագրի ճակատագիրը

Հայկական ձեռագրերն, ինչպես մարդիկ ունեն իրենց կենսագրությունը. ծնունդ-ստեղծում, նվիրաբերություն եկեղեցուն, պաշտամունքի առարկա, առևանգումներ, փրկություններ, տարբեր հանգրվաններ և այլն: Այս տեսանկյունից մեր ձեռագրերի կենսագրությունների համար  բնութագրական ու անչափ հետաքրքիր պատմություն ունի աշխարհի ամենամեծ հայկական ձեռագիրը՝ Մշո ճառընտիրը.

Ի՞նչ է Ճառընտիրը 

 

Ճառընտիրը կամ տոնական մատյանը՝ ճառերի, քարոզների, եկեղեցում ընթերցումների համար նախատեսված ժողովածու է: Այն սկսում է շրջանառվել  8-րդ դարից։ Այստեղ եկեղեցական կարևոր՝  տերունական տոների հաջորդականությամբ ներկայացվում են  Եկեղեցու հայրերի ճառերը կամ դրանց հատվածներ: Այդ պատճառով էլ ժողովածուն կոչվում է  նաև Տոնական։ 

 

Մշո Ճառընտիրի ծնունդը

 

Այս յուրահատուկ ձեռագիրը ծնվել է Պատմական Հայաստանի  Երզնկա քաղաքում տեղի Ավագ վանքում: Աննախադեպ չափերով մատյանի ստեղծումը ենթադրում էր հարուստ մեկենասի մասնակցություն: Ըստ ձեռագրի հիշատակարանի, մատյանի գրչությունը հովանավորել է Աստվածատուր անունով Բաբերդցի մի  մեծահարուստ մարդ, որը հիշատակվում է «պատրոն» պատվանունով։ Թերևս եղել է Բաբերդի տանուտերը: Նրա ընտանիքի անդամներն են  հայրը Վասուսը, և մայրը՝ Հռիփսիմեն:  Ձերագրի Գրիչը՝ Վարդան Կարնեցին է, ծաղկող-նկարազարդողը՝ Ստեփանոս:

 

Չափսերն ու արժեքը

 

Մագաղաթյա այս ձեռագրի չափսերն են՝ 70.5սմ х 55.5 սմ: Այն այժմ ունի 601 մագաղաթյա թերթ, յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։Ձեռագիրը սկզբում ունեցել է 660 թերթ: Դրանցից 17 թերթ պահվում է Վենետիկում, մեկ թերթ՝ Վիեննայում, երկու թերթ պահվել է Մոսկվայում, սակայն դրանք 1977 թ. վերադարձվել են Մատենադարանին:  

 

Ձեռագրի առևանգումը

 

Ստեղծումից կարճ ժամանակ անց՝ 1202 թ. Իկոնիայի սուլթանի արշավանքի հետևանքով, սպանվում է Բաբերդի տանուտերը և  ձեռագիրն առևանգվում է Խլաթի թուրք դատավորի կողմից: Այն  2 տարի պահվում է Խլաթում: 1204 թ. Մշո Սուրբ Առաքելոց վանքի միաբանների ջանքերով և շրջակա գյուղերի բնակիչների հավաքած 4000 արծաթով մատյանը փրկագնվում է ու հանգրվանում Մշո Առաքելոց վանքում: Այստեղ էլ ձեռագիրը կազմվում է, գրվում է հիշատակարանը, ապա այն վանքում մնում է մինչ 1915 թ. և պահպանման վայրի անունով էլ կոչվում  Մշո Ճառըտիր:

Գաղթն ու փրկությունը

 

1915 թ. Ցեղասպանության օրերին ձեռագրի մի մասը երկու հայ գաղթական քույրեր մեջքներին կրելով՝ հասցերել են Երևան: Ձեռագրի երկրորդ մասը գտնում է ռուսական բանակի մի սպա և նվիրում Թիֆլիսի հայկական բարեգործական ընկերության թանգարանին: Հետագայում 27,5 կգ. քաշ ունեցող ձեռագրի երկու մասերը հանգրվանում են Էջմիածնում, ապա Երևանի Գրական, ապա՝ Կերպարվեստի թանգարաններում: Վերջապես 1938 թ. այն բերվում է Մատենադարան, որտեղ էլ այսօր պահվում ու ցուցադրվում է:

Գիրը, պատկերներն ու բովանդակությունը

 

Ձեռագիր  ունի ոչ շատ տարածված եռասյուն, երկաթագիր  գրություն: Մագաղաթյա ընդարձակ թերթերի եռասյուն գրությունից հետո   մնացել են ընդարձակ լուսանցքներ: Այդտեղ կարելի է  տեսնել գեղեցիկ ու գույնզգույն լուսանցազարդեր։ Մատյանն ունի չորս թեմատիկ նկար`Քրիստոս գահի վրա,  Ծնունդը, Մկրտություն և  Մուտք Երուսաղեմ։ Նաև ճոխ  գլխազարդեր և զարդագրեր:

Մատյանն ունի հարուստ բովանդակություն. ընդգրկում է  ընդհանրական և հայ եկեղեցու հայրերի ճառեր, ներբողյաններ, վարք և վկայաբանություններ, նամակներ, հայտնի և անհայտ տասնյակ պատմություններ և այլն։

 

 

 

 

 

Art 365

22.08.2023

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.