• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Երգը և աղոթք է․ Ռուբեն Հախվերդյան

Երգը և աղոթք է․ Ռուբեն Հախվերդյան

Լավագույն տղերքը հեռանում են, Ծեր գնչուհին, Մեր սիրո աշունը, Ուրվական, Իմ տունն անիվների վրա, Երևանի գիշերներում, Բարի լույս, տիկի'ն Արուս և էլի մի քանի տասնյակ երգեր, առանց որոնց  անհնար է պատկերացնել հայ հեղինակային երգը և ընդհանրապես, վերջին տասնամյակների հայ երգարվեստն ու մեր իրականությունը։ Ռուբեն Հախվերդյանի երգերն իրենց արտաքուստ պարզությամբ, սակայն փիլիսոփայական ու հոգեբանական խորությամբ, ասելիքի ճշգրտությամբ, քնարականության ու կենցաղագրության նուրբ համադրությամբ, առանց կեղծ պաթոսի, փոխաբերությամբ կամ  ուղիղ արտահայտում են 20-րդ դարավերջի ու  21-րդ դարսկզբի հայ մարդու ապրումները, իրականության ընկալումը, գուցե նաև ձևավորել են այդ ընկալումը։
Ի մասնավորի, նաև Ռ․ Հախվերդյանի երևանյան երգերում է  ստեղծվել մայրաքաղաքի ու երևանցու մասին ընդունված պատկերացումն ու կերպարը։ Նույն կերպ աշնանային տրամադրությունները հայ դասական բանաստեղծությունից հետո իրենց ամենից հիշվող արտահայտությունը գտել են հենց Հախվերդյանի երգ-բանաստեղծություններում։ Սիրո ամենաբազմազան երանգները, հանդիպումն ու բաժանումը և իհարկե միայնությունը լիուլի ներկայացվել են այս երգերում։ Խորհրդային իրականությունը՝ իր ամբողջ կեղծիքով, արգելքներով ու մարդու և ազատության ճնշումներով, նույնպես երգահանի գործերի կարևոր թեմաներից է։  Արտագաղթ, պատերազմ, քաղաքական անցուդարձեր և այլ, գուցե ոչ այնքան գրքային կամ երգային թեմաներ նույնպես իրենց յուրահատուկ գեղարվեստական արտացոլումն են գտել Ռ․ Հախվերդյանի երգերում։
Ընդ որում, բոլոր դեպքերում մենք գործ ունենք ոչ թե երգերն ուղեկցող խոսքերի, այլ իրական ու որակյալ բանաստեղծությունների հետ։ Եվ պատահական չէ, որ նա բանաստեղծությունները լույս են տեսել  նաև Խոսքեր վերնագրով առանձին գրքում։
Ռուբեն Հախվերդյանի ծննդյան  75-ամյակի առթիվ ներկայացնում ենք երգահան-կատարողի երգերի մի փունջ՝ բանաստեղծությունների ուղեկցությամբ։

 

Լավագույն տղերքը․․․

 

Լավագույն տղերքը հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում.
Սիրելի կանայք թողնում գնում են,
Ուրիշների մեջ են մեզ փնտրում։

Ամենալավ երգը լռությունն է՝
Երկու զույգ աչքեր մթության մեջ,
Իսկ սարսափելին հիշողությունն է,
Որ հետո թերթում ես էջ առ էջ։

Ու փչում է քամին ունայնության,
Ու ջնջում ամեն ինչ,
Ու պոկում է անցյալը ու ներկան,
Իմ կյանքի էջերից։

Ես գիտեմ՝ ինչ բան է ժամանակը.
Ամեն ինչ հոսում է, փոփոխվում,
Կյանքի ուղեգրով շարժվող գնացքը
Վերջին կանգառին է մոտենում։

Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ,
Ունեմ ընկերներ՝ ինձնից խելառ,
Բոլորի համար ես աղոթում եմ
Ու գրում երգեր նրանց համար։

Ես գրում եմ երգեր այն ժամանակ,
Երբ գիշերն է իջնում,
Երբ մնում եմ ազատ ու միայնակ,
Իմ սարքած զնդանում։

Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը,
Թող նախանձ մարդիկ աչքով չտան,
Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է.
Որ պիտի երգեմ, քանի դեռ կամ։

Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է,
Նա ունի մի սիրտ ոսկուց էլ թանկ,
Մենք ունենք փոքրիկ, որն արդեն խոսում է
Ու տալիս հարցեր թարս ու շիտակ։

Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ,
Հարցեր ամեն տեսակ, հարցեր շատ տարօրինակ.
Ես փորձում եմ գտնել պատասխաններ.
Ու ստանում նոր հարցեր։

Իմ գլխում ամեն ինչ խառնվել է,
Ես ինքս ունեմ այնքան հարցեր,
Եվ այդ հարցերի անվերջ շարանը
Ինձ ստիպում է նոր երգեր գրել։

Ես գիտեմ, որ երգը և աղոթք է,
Եվ ինչ-որ չափով մխիթարանք,
Դա երջանկության հավերժ պատրանքն է,
Որն ինձ հետ ապրում, դառնում է կյանք։

 

Երջանկություն

 

Երջանկություն, անցիր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել։

Դու գալիս ես հանկարծ ժպտերես,
Քո առջև բացվում են դռները,
Եվ մարդիկ խոնարհվում ու քծնում են քեզ,
Դու մոռացնում ես նրանց վշտերը։

 

Դու այսօր ինձ հետ կքնես,
Ինձ կտաս վարդագույն խոստումներ,
Իսկ երբ կփակվեն իմ աչքերը,
Կթողնես, կկորչես, կկորչես։

Երջանկություն, դու պոռնիկ ես անհոգ,
Իսկ ես՝ հասարակ մի տղա,
Եվ չեմ կարող ես երկար պահել քեզ,
Դու ինձնից կհոգնես, կհոգնես։

Կհոգնես ինձնից, ես քեզ ի՞նչ ընկեր,
Քո կողքին կան միշտ նորընծա զոհեր։
Ես քեզ չեմ խնդրի, որ մնաս ինձ հետ,
Միևնույն է, դու կկորչես անհետ։

Երջանկություն, անցիր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել։

 

Քո ճամփան

Քո ճամփան՝ այնքան պարզ
Ու այնքան արևոտ,
Իմ ճամփան՝ ծուռումուռ
Ու մի քիչ անձրևոտ։

Դու սիրում ես նայել,
Օրվա բաց աչքերին,
Ես միայն հավատում եմ,
Գիշերն՝ աստղերին։

Դու ասում ես, որ գիշերը
Հարկավոր է քնել,
Ես գիշերն արթնանում
Ու փնտրում եմ երգեր։

Եվ եթե իմ երգերը
Քեզ դուր չեն գալիս,
Թույլ տուր ինձ հեռանալ
Քեզանից, սիրելիս։

Դու ասում ես, որ կյանքում
Հարկավոր է պայքարել,
Բայց ես, թանկագինս,
Հոգնել եմ, հոգնել։

Դու ասում ես սիրիր,
Ու կյանքին հավատա,
Ես իմ մահն եմ փնտրում,
Տե՛ս, շուտով նա կգա։

Դու ասում ես՝ սիրիր
Ու կազմիր ընտանիք,
Բայց ես չեմ ուզում դառնալ
Մի կնոջ խաղալիք։

Ես գիշերն, ինչպես միշտ,
Հարբած տուն կդառնամ,
Ու շատ բարձր կերգեմ,
Որ բոլորն արթնանան։

Եվ եթե իմ գործերը
Ընկնեն դատարան,
Ու եթե այնտեղից
Ես մի օր տուն դառնամ։

Ես շատ բարձր կերգեմ,
Որ բոլորն արթնանան,
Երբ գիշերն, ինչպես միշտ,
Գինովցած տուն դառնամ։

Դու ասում ես, որ ես կյանքը
Դեռ չեմ հասկանում,
Որ ես քիչ եմ ստանում,
Որ ես շատ եմ ծախսում։

Ես գիտեմ, որ մարդիկ
Մի անգամ են ապրում,
Մի անգամ են սիրում,
Մի անգամ են մեռնում։

 

Եվ եթե մեզ Աստված
Թևեր չի ընծայել
Նաև չի պարտադրել
Առնետի պես ապրել։

Եվ եթե այս տարի
Ճոխ չանցավ Նոր տարին,
Միևնույն է, գարնանը
Կծաղկի իմ այգին։

 

Վերադարձող

Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,
Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք,
Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...

Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,
Այս թշվառ, ծեր մուրացկանը, տե՛ս ինչե՜ր է քեզ բերել,
Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել,
Այս թշվառ թափառականը նվերներ է քեզ բերել:

Իսկ նրա բերած նվերը` մահվան գուժ ու արցունքներ,
Հողի տակ մեռած մարդիկ են, և մեղա՜ քեզ, մանուկներ,
Հողի տակ մեր եղբայրներն են ու քույրերը մեր քնել,
Իսկ հողի վրա մեր կյանքը անեծքի է վերածվել...

Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա,
Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա,
Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա,
Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա:

Քո հայրիկը, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա,
Քո հայրիկը, անուշիկս, կգրկի քեզ, կխաղա,
Իսկ եթե հանկարծ, փոքրիկս, քո հայրիկը ուշանա,
Դու հիշի՛ր նրան, պստիկս, նա քեզնից չի հեռանա...

Եվ դաժան այս ձմեռները դու շատ շուտ կմոռանաս,
Երբ նորից բացվի գարունը, դու շատ շուտ կմեծանաս,
Դու փակիր քո աչուկները, բայց նրան մի մոռանա
Եվ հայրիկդ, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա:

Քո հայրիկը, տե՛ս, եկել է, ուսերին կանաչ սարեր,
Քո հայրիկը, տե՛ս, եկել է, աչքերում արեգակներ,
Այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դեպի վեր,
Քո հայրիկը հենց գարունն է, որ եկել է քեզ նվեր...

Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,
Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք,
Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...

 

Գազանանոց

Նույնիսկ ընձուխտը տարօրինակ մի երգ է,
Բայց որ փակված է վանդակում, դա արդեն երգ չէ,
Որքան չերգված երգեր կան փակ վանդակներում,
Որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու...
 
Երբ երգը դառնում է վախեցած գազան,
Ու փակված վանդակում ճաղերին է զարկվում,
Երգը դառնում է վիրավոր լուսան,
Երգը թռիչքի է պատրաստվում:
Երգը լռում է ու քնած ձևանում,
Գալիս է պահը, նա պայթում է, պայթում,
 
Գիշերը հանգիստ քնած էր գետաձին,
Եվ անշարժ էր նրա հաստ մարմինը,
Խելագար ամբոխի թշվառ ծաղրածուն՝
Առյուծը նախկին, մրափում էր...
Եվ միայն գայլն էր անհանգիստ՝ վանդակում,
Գայլը ոռնում էր, անընդհատ ոռնում,
Նրան միս տվեցին, բայց նա միսը չվերցրեց,
Նրան միս շպրտեցին, բայց նա չլռեց,
Գայլը հիշել էր տափաստանն իր արձակ,
Ու խենթացել էր գայլը միայնակ...
 
Եվ լսվեց կրակոց, ու ոռնոցը լռեց,
Եվ լուսինն իր արծաթն իր երգչին նվիրեց,
Լուսնի արծաթում կարմիր արյան լճակ,
Մեռնում էր վանդակում գայլը միայնակ...
Գայլը մեռնում էր ժպիտը դեմքին,
Հիմա նա ազատ էր ու վազում էր կրկին,
Աչքին երևում էր տափաստանն իր արձակ,
Կողքից վազում էր մոխրագույն գայլուհին...
 
Երբ երգը դառնում է վախեցած գազան,
Ու փակված վանդակում ճաղերին է զարկվում,
Երգը դառնում է վիրավոր լուսան,
Երգը թռիչքի է պատրաստվում:

Նույնիսկ ընձուխտը տարօրինակ մի երգ է,
Բայց որ փակված է վանդակում, դա արդեն երգ չէ,
Որքան չերգված երգեր կան փակ վանդակներում,
Որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու...

 

Երևանի գիշերներում

 

Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվում
Ու հեռավոր արվարձանում
Արծաթե հետքն է իր թողնում։

 

Երբ միայնակ եմ ես լինում,
Քայլերն այստեղ են ինձ բերում
Ու անցյալիս լքված այգում
Ես հուշերիս եմ հանդիպում։

Իմ հուշերի անհատակ ջրհորում
Քո խենթացնող կիսադեմն է լողում,
Ես խեղդվեցի էս կեղտոտ քաղաքում
Ու չկա ազատում։

Իմ հուշերի անհատակ ջրհորում
Դու իմ անունն ես տալիս ու կանչում,
Ես խեղդվեցի էս կեղտոտ քաղաքում
Ու չկա փրկություն։

Իմ քնքուշ, սևահե՛ր,
Դու ինձ ո՞ւմ ես թողել,
Դու ինձ ում ես թողել,
Ինձ թողել, հեռացել...


Ասա՛, դու ո՞վ ես, որտեղից,
Ի՞նչ ես այդպես լուռ հառաչում,
- Ես հեռացել եմ ինձանից,
Եվ ինձ արդեն չեմ ճանաչում։


Իսկ ի՞նչ ես կորցրել այստեղ,
Ի՞նչ ես փնտրում այս կողմերում․
- Ես իմ անցյալն եմ կորցրել
Երևանի գիշերներում...

Քո հանգուցյալ տատիկի սենյակում,
Ուր մահճակալն էր անվերջ ճռճռում,
Գինու կիսատ շշերի արանքում,
Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում։

Քո բոլշևիկ տատիկի սենյակում,
Ուր մահճակալն էր անվերջ կոտրվում,
Գինու կիսատ շշերի արանքում,
Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում։

Իմ քնքուշ, սևահե՛ր,
Դու ինձ ո՞ւմ ես թողել,
Դու ինձ ո՞ւմ ես թողել,
Ինձ թողել, հեռացել...

Ես լուսնոտի պես արթնացել,
Ու տանիքներն եմ բարձրանում,
Ես իմ երազն եմ կորցրել
Երևանի գիշերներում...

Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվում,
Ու իմ կարմիր երգի վրա
Արծաթե հետքն է իր թողնում։

Ձայնապնակն ու այս հին մեղեդին
Մենք կորցրինք առհավետ, իմ անգի՛ն․
Մի օր փակվեց սենյակիդ դուռը հին,
Երբ կոտրվեց տատիկիդ հայելին։

Ձայնապնակն ու այս հին մեղեդին
Մենք կորցրինք առհավետ, իմ անգի՛ն,
Մի օր փակվեց սենյակիդ դուռը հին,
Երբ կոտրվեց տատիկիդ հայելին։

Իմ քնքուշ, սևահե՛ր
Դու ինձ ո՞ւմ ես թողել,
Դու ինձ ո՞ւմ ես թողել․
Ինձ թողել...

Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվում...

Art 365

03.12.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.