«Ի սկզբանե էր բանը»՝ լոգոսը՝ խոսքը, ըստ Հովհաննեսի Ավետարանի, խոսքը, որով ստեղծվում աշխարհը։ Հայկական գրական աշխարհը ստեղծվում է Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին բառերով՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ․․․»։ Ըստ Հրանտ Մաթևոսյանի էլ՝ «Երկրի վրա ինչ որ լինում է՝ լինում է նախ խոսքի մեջ»։ Արարիչ բառը, խոսքը լեզուն են Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի բովանդակային առանցքում։ Փառատոնը կանցկացվի Հանրապետության Հրապարակում՝ Ազգային պատկերասրահի կամարների տակ ու շենքում՝ սեպտեմբերի 4-6-ը։ Այս տարի Հայաստանի ամենամեծ գրական իրադարձությունը գրքի շուրջ համախմբելուց բացի, առաջարկում է մտածել, թե ի՞նչն է ընդհանրապես հնարավոր դարձնում գիրքն ու գրականությունը։ Փառատոնը հրավեր է խորհրդածելու բառի ու լեզվի շուրջ։

Պատմություն և ներկա
Գրքի երևանյան միջազգային փառատոնը անցկացվում է 2017 թվականից, իսկ 2023-ից Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է։ Նույն թվականին փառատոնը միացել է Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Վերսոպոլիս» պոեզիայի հարթակին՝ ստանալով նաև ավելի ընդգծված միջազգային ուղղվածություն։

Գրական-մշակութային էկոհամակարգ
Փառատոնի մեծ ընդգրկումները վերջին տարիներին արդեն թույլ են տալիս խոսելու ոչ միայն գրական մեծ միջոցառման, այլև գրքի շուրջ ձևավորված մշակութային էկոհամակարգի մասին։ Ըստ կազմակերպիչների, միջոցառումն ունենում է շուրջ 40 հազար այցելու, մասնակցում է 50-ից ավելի հրատարակչություն, ներկայացվում է ավելի քան 18 հազար գիրք, իսկ գրական աշխարհի մասնակիցների՝ գրողներ և գրական ոլորտի մասնագետներ, միջազգային հյուրեր, թիվը գերազանցում է 250-ը։

Լեզուն որպես կամուրջ
2026-ի փառատոնի գաղափարական առանցքում լեզուն է։ Բազմալեզու գրականություն, թարգմանություն, անհետացող լեզուների պահպանություն, մայրենի լեզվի դերը, թվային աշխարհի ազդեցությունը լեզվի վրա, հայերենի ներկան ու ապագան. այս հարցերն են քննարկվելու փառատոնի տարբեր հարթակներում։ Այս մոտեցումը հատկապես կարևոր է միջազգային գրական փառատոնի համար։ Գրականությունը այստեղ դիտարկվում է ոչ միայն որպես որոշակի լեզվով ստեղծված տեքստ, այլև որպես թարգմանվող և մշակութային սահմանները հատող երևույթ։
Այդ տրամաբանությունը նկատելի օրինակ, հայ մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված միջոցառման, վրացական գրականությանն ու թարգմանական ռազմավարություններին նվիրված քննարկման, Վիլյամ Սարոյանին նվիրված միջոցառումների, տարբեր գրքերի շնորհանդեսների առանցքում։
Լեզվի շուրջ քննարկումներ են ծավալվելու նաև Book Talks շարքում՝ «Լեզուն սահմանո՞ւմ է գրականությունը, թե՞ սահմանափակում», «Պոեզիա և լեզու», «Գրականությունը՝ որպես լեզու», «Լեզո՞ւն է փոխում գրականությունը, թե՞ գրականությունը՝ լեզուն» հարցադրումներով։ Միջազգային մասնակիցների թվում են Վրաստանը, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Իրանը ներկայացնող հեղինակներ ու բանախոսներ։

Հայ գրականության լեզուն
Փառատոնը միաժամանակ փորձում է հայ գրականությունը դիրքավորել միջազգային հրատարակչական դաշտում։
Դրա հիմնական գործիքներից մեկը միջազգային Fellowship ծրագիրն է։ Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահի գրադարանում նախատեսված են հանդիպումներ հայ և միջազգային հրատարակիչների միջև։ Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Սլովենիայից, Հունգարիայից, Վրաստանից և Իրանից։ Եթե ընթերցողների համար փառատոնը գրքի շնորհանդես է, հանդիպում սիրելի հեղինակի հետ կամ զեղչով գիրք գնելու հնարավորություն, ապա հրատարակչական ոլորտի համար այն նշանակում է՝ իրավունքների ձեռքբերում, թարգմանության պայմանավորվածություն, նոր գործընկեր կամ հայ հեղինակի միջազգային հրատարակության հնարավորություն։

Ընթերցողներին և ոչ միայն
Բոլոր միջոցառումների մուտքը անվճար է, բացառությամբ այն ծրագրերի, որոնց համար նախատեսված է առանձին գրանցում կամ տոմս։ Գրքերը կվաճառվեն զեղչով։ Փառատոնը կբացվի կարևոր քննարկմամբ․ «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը դպրոցում» հարցով փառատոնը անդրադառնում է գրական կյանքի ամենակարևոր հարցերից մեկին՝ ինչպե՞ս ձևավորել ընթերցող։
Առաջին օրվա միջոցառումներից կարելի է առանձնացնել Քոլմ Թոյբինի «Նորա Վեբստեր» և Ջոն Բերջերի «Տեսնելու կերպերը» գրքերի հայերեն հրատարակությունների շնորհանդեսները, Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» գրքի ներկայացումը, ինչպես նաև Չարլի Մեքըսիի «Տղան, խլուրդը, աղվեսը և ձին» գրքի շնորհանդեսը։ Օրը կավարտվի Ռուբեն Հախվերդյանի «Խոսքեր» գրքի շնորհանդեսով և հեղինակի հետ հանդիպմամբ։
Երկրորդ օրը կներկայացվեն վրացի գրող Թեա Թոփուրիայի երկու գրքերը, Ֆրենք Հերբերթի «Դյունի մեսիան», Վիլյամ Սարոյանի նոր ժողովածուն և այլ գրքեր։
Սեպտեմբերի 6-ին կանցկացվեն բազմալեզու պոետիկ ընթերցումներ, կներկայացվեն ֆրանսիական, իրանական, սլովենական, շվեդական և այլ գրականություններ։ 2026-ի ամենանշանակալի նորություններից մեկը արևմտահայերեն պոեզիայի մրցույթն է։ Փառատոնը շարունակում է նաև իր ավանդական գրական մրցույթը՝ պոեզիա, արձակ, դրամատուրգիա և մանկապատանեկան գրականություն անվանակարգերով, որը կամփոփվի այս օրերին։

Գիրքը՝ բոլորի համար
Փառատոնի շրջանակում նախատեսված են միջոցառումներ տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար, այդ թվում՝ բազմալեզու պոետիկ ընթերցումներ և մնջախաղային ներկայացում։ Դրանց նպատակը գրականությունը ոչ միայն որպես բովանդակություն, այլև որպես հասանելի մշակութային փորձ ընկալելն է։
Փառատոնի աշխարհագրական ընդլայնումը ևս վերջին տարիների կարևոր փոփոխություններից է։ 2025 թվականից այն սկսել է դուրս գալ մայրաքաղաքի սահմաններից՝ արդեն հյուրընկալվելով Գյումրիում և Կապանում։ 2026-ին ծրագրում ընդգրկված է նաև Մեղրին։
Սեպտեմբերի 13-ին Մեղրիում նախատեսվում են գրքի տոնավաճառ, ստեղծագրության աշխատարան դպրոցականների համար, հեքիաթի ժամ, ինտելեկտուալ խաղեր, հայերենի մասին խաղ և պոետիկ ընթերցումներ։ Գրքի փառատոնն այդ օրը նաև գրքեր կնվիրի Մեղրիի գրադարանին։

Փառատոնի ամբողջական ծրագիրն՝ այստեղ։