Ինչպես գրականության մեջ ու կինոյում, գեղանկարչության մեջ նույնպես երեխաների կերպարները առանձնահատոււկ դեր են ունեցել։ Նկարիչները երեխաների միջոցով փորձել են պատկերել անմեղությունն ու դրա կորուստը, ժառանգականությունն ու կյանքի շարունակականությունը, մարդու և Աստծո հարաբերությունը, մարդկային ներաշխարհի զարգացման փուլերը, բարությունը, գթությունը, հումանիստական վեհ գաղափարները։ Երեխաների պատկերման յուրահատկությունները պայմանավորված են մանկության ընկալման պատմական փոփոխություններով։ Այսօր մեզ բնական է թվում, որ երեխան առանձնահատուկ հոգեբանություն, զգացմունքներ և աշխարհընկալում ունեցող անձ է, սակայն այս պատկերացումը համեմատաբար ուշ շրջանում է ձևավորվել, իսկ մինչ այդ երեխան բոլորովին այլ կերպ է ընկալվել, ինչն էլ արտացոլվել է տարբեր դարաշրջանների գեղանկարչության մեջ մանուկների պատկերներում։
Փոքր չափերով մեծահասակ․ Միջնադար
Միջնադարյան եվրոպական արվեստում երեխան գրեթե երբեք չի ներկայացվում որպես իրական երեխա։ Աստվածամոր ու մանուկ Հիսուսի պատկերներում Քրիստոս ավելի հաճախ մեծահասակի դիմագծեր, լուրջ, մտահոգ, երբեմն սաստող հայացք ունի։ Այստեղ նկարիչների նպատակն իրական մանկությունը պատկերելը չէր, այլ Փրկչի մարմնավորած գաղափարների փոխանցումը։ Ըստ ուսումնասիրողների, միջնադարյան մշակույթը մանկությունը չէր ընկալում որպես կյանքի առանձնահատուկ փուլ և մանկան անհատականությունը դեռևս ուշադրության կենտրոնում չէր։

Տիրամայրը մանկան հետ, Կարլո Կրիվելլի
Իրական երեխայի հայտնությունը․ Վերածնունդ
Վիճակը փոխվում է 15-16-րդ դարերում։ Վերածննդի արվեստագետները արդեն այլ հայացքով են նայում մանուկներին, իսկ մարդու մարմնի ու հոգեբանության ուսումնասիրության հետևանքով պատկերվող երեխաները ավելի իրական գծեր են ստանում։ Լեոնարդո Դա Վինչիի, Ռաֆայելի, Սանդրո Բոտիչելլիի արվեստում մանկան մարմինը ձեռք է բերում բնական համամասնություններ, շարժում և կենդանություն։ Սակայն նույնիսկ այս նկարներում առավելապես պատկերվում են Նոր Կտակարանի հայտնի երեխաները՝ Հիսուս Քրիստոսն ու Հովհաննես Մկրտիչը։

Ռաֆայել, Բելվեդերի Մադոննան
Երեխան որպես անհատականություն․ Բարոկկո
Բարոկկոյի դարաշրջանում՝ 17-րդ դարում, մանկական դիմանկարը դառնում է ինքնուրույն ու տարածված ժանր։ Սա պայմանավորված էր նրանով, որ արքայական ընտանիքները և ազնվականները պատվիրում էին իրենց երեխաների դիմանկարները։ Ի մասնավորի, այս դարաշրջանի և ընդհանրապես գեղանկարչության պատմության ամենահայտնի ու ազդեցիկ երեխաներից է Դիեգո Վելասկեսի արքայադուստր Մարգարիտան։ Այստեղ իր մանկականությամբ հանդերձ, երեխան պատկերվում է որպես իշխանության ժառանգականության խորհրդանիշ։

Դիեգո Վելասկես, Ինֆանտա Մարգարիտա
Մանկության զգացմունքային աշխարհը․ 19-րդ դար
19-րդ դարում, հատկապես իմպրեսիոնիստների արվեստում երեխան ոչ թե սոցիալական կարգավիճակ է կամ ինչոր գաղափարների արտահայտիչ, այլ հարուստ ու նուրբ զգացմունքային աշխարհ ունեցող էություն։ Ռենուարի, Մորիսոյի, Կասատի նկարներում երխաները պատկերվում են խաղալիս, կարդալիս, մայրերի հետ շփվելիս։

Ռենուար, Մադամ Չարպանտիերն ու իր երեխաները
Հասունացման ողբերգությունը․ 20-րդ դար
Երեխայի ներաշխարհի ուսումնասիրությունը էլ ավելի է խորանում 20-րդ դարի գեղանկարչության մեջ։ Նկարչության բազմազան ուղղություններում ու դպրոցներում, ամենատարբեր ոճերով ներկայացվող երեխաներն արդեն լիովին անհատականացված գծեր ու հարուստ ներաշխարհ ունեն։ Նույնիսկ հպանցիկ թվացող պատկերներում ավելի հաճախ ընթերցվում է մանկության, անմեղության կորստի ու հասունացման ողբերգությունը։ Տպավորիչ է Պաբլո Պիկասոյի Երեխան աղավնու հետ նկարը։
