Մշուշում կամ մառախուղում հայտնված ու մոլորված փոքրիկ ոզնու մասին խորհրդավոր մուլտֆիլմը ոչ միայն խորհրդային, այլև համաշխարհային անիմացիայի բարձրակետերից է: Գրող ու սցենարիստ Սերգեյ Կոզլովի ու անիմատոր Յուրի Նորշտեյնի «Ոզնին մշուշում» (1975) ֆիլմը 2003 թվականին Տոկիոյի միջազգային փառատանում հռչակվել է բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմ։ Իրականում այն մի խորը փիլիսոփայական էսսե է, կամ էքզիստենցիալ առակ՝ կյանքի հավերժական ճշմարտությունների, ի մասնավորի մարդու հոգևոր հասունացման, այդ ճանապարհի տագնապների, անորոշության ու գեղեցկության մասին։
Ճանապարհն ու ձին
Փոքրիկ ոզնին մի երեկո ճամփա է ընկնում, որպեսզի հանդիպի իր ընկեր արջուկին, սակայն խիտ մառախուղը նրան մոլորեցնում է անտառում։ Ինչպես շատ հեքիաթներում է, նաև գրականության մեջ, աշխարհի ճանաչողությունն ու հոգևոր հասունացումը խորհրդանշող ճանապարհին հերոսը տարբեր հանդիպումներ, ցնցումներ ու ապրումներ է ունենում։ Եվ ինչպես շատ հեքիաթներում է, այս ամենը տեղի է ունենում պատանիների նվիրագործման ծեսերի ամենընդունված միջավայրում՝ անտառում։ Ոզնին հանդիպում է սպիտակ ձիուն, որը մարմնավորում է անհասանելի գեղեցկությունը, մաքրությունը և գաղտնիքը։ Այն սկզբից վախեցնում է հերոսին, ինչպես ամեն ինչ անտառում, սակայն հետո վախը հիացմունքի ու մխիթարության է փոխվում։ Ոզնին հասկանում է, որ անսպասելին ոու նորը կարող է գեղեցիկ լինել ու խորհրդավոր, ինչն էլ իր հերթին մխիթարում է, որ աշխարհը ոչ թե մութ, անկանխատեսելի ու սարսափելի անտառ է, այլ արարչի կողմից հովանավորվող կարգավորված, գեղեցիկ ու անվտանգ իրականություն։
Բուն․ զգոնության կոչ
Սակայն հոգեկան վերգտած ներդաշնակությունն ու հանգստությունը երկար չի տևում։ Հայտնվում է բուն, որը ոզնուն կրկին գլորում է կասկածների ու ներքին վախերի անդունդը։ Արդյո՞ք աշխարհն իրոք գեղեցիկ ու անվտանգ է, թե՞ պետք է զգուշանալ պատահական հանդիպումներից, լինել զգոն, փորձել վերահսկել իրականությունը և պատրանքներ ունենալ, որ իսկապես կարող ես։ Սակայն, մինչ հերոսը փորձում է հաղթահարել վախերն ու կողմնորոշվել կասկածների մառախուղի մեջ, նա հայտնվում է գետում։
Կյանքի գետը
Ոզնու, ընդհանրապես մարդկային կասկածներից, իրականությունը վերահսկելու պատրանքներից անդին հոսում է կյանքի գետը։ Ժամանակը կանգ չի առնում, տիեզերքն ապրում է իր հոսքով, մարդկային փոքր կամ մեծ տագնապներին, հիացումներին, հոգեկան անկումներին ու վերելքներին անտարբեր։ Կամ գուցե այդ ամե՞նն է նաև ձևավորում կյանքի ընթացքը։ Արդյո՞ք հեղինակները ցանկանում են ասել, որ պետք չէ ջղաձգվել, այլ անհրաժեշտ է հանձնվել կյանքի ու ճակատագրի գետի հոսքին, որը քեզ կտանի դեպի այն նպատակը, որը քոնն է, այն առաքելությանը, որին ձգտում ես, դժվար է ասել, որովհետև կյանքը նաև կարճ է։ Գետը կշարունակի հոսել, կհերթագայվեն գեղեցկությունները՝ ձիերը, աստղերը, ծառերը, ձկները, բայց դու արդեն չես լինի․․․։
Երջանիկ ավա՞րտ
Մուլտֆիլմը կարծես երջանիկ ավարտ ունի․ ոզնին հասնում է արջուկին, նրանք թեյ են խմում և աստղերը հաշվում։ Սակայն, ոզնին այլևս այն ոզնին չէ, որ մառախուղի մեջ մտավ։ Իսկ արդյո՞ք նա դուրս եկավ մառախուղից, իսկ դուրս կգա՞ արդյոք մառախուղը նրա միջից․․․