Հուլիսի 12-19-ը, արդեն 23-րդ անգամ Երևանում անցկացվում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Կինոյով հագեցած մեկ շաբաթվա ընթացքում Երևանում կխաչվեն հեղինակային կինոյի վերջին տարիների ամենահետաքրքիր ստեղծագործողների, համաշխարհային փառատոների նոր բացահայտումների, հայկական կինոյի նոր ձայների ու կինոսերների ճանապարհները։ Այս տարվա ծրագիրը, տարբեր միջոցառումներն ու հանդիպումները ևս մեկ անգամ հաստատում են, որ փառատոնը շարունակում է երկու տասնամյակ և ավելի ձգվող իր առաքելությունը, շարունակում է մնալ համաշխարհային հեղինակային կինոյի բանուկ խաչմերուկներում, և ձգտում է, որ Երևանն աննմասն չմնա մեծ կինոյից։
23-րդ Ծիրանն աչքի է ընկնում հատկապես իր մեծ աշխարհագրությամբ։ Ծրագրում ներկայացված են հեղինակայի ֆիլմեր Եվրոպայից, Ասիայից, Մերձավոր Արևելքից և Հարավային Ամերիկայից։ Դրանց մեծ մասը արդեն հասցրել է շրջել Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ հեղինակավոր կինոփառատոններով։ Միաժամանակ «Ոսկե Ծիրան»-ը շարունակում է մնալ այն հարթակը, որտեղ միջազգային պրեմիերաների կողքին իրենց արժանի տեղն են զբաղեցնում հայկական նոր ֆիլմերը։
Մեծ անուններ Երևանում
Փառատոնային օրերին երևանյան կինոթատրոններում կցուցադրվեն ժամանակակից կինոյի ամենանշանակալի ռեժիսորների նոր աշխատանքները․ Պեդրո Ալմոդովարի «Դառը Սուրբ ծնունդ», Շոն Բեյքերի «Սանդիվարա», Լին Ռամզիի «Մեռիր, իմ սեր», Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ», Պավել Պավլիկովսկու «Հայրենիք», Միշել Ֆրանկոյի «Երազանքներ», Ջեյն Շոնբրունի, Ռայան Քուգլերի, Վալեսկա Գրիզեբախի և այլ ճանաչված հեղինակների ֆիլմերը։ Փառատոնի ծրագրում ընդգրկվել են նաև Բելա Տարի լեգենդար «Սատանայական տանգո» ֆիլմի հատուկ ցուցադրությունը և Ժան-Պիեռ Ժյոնեի հանրահայտ «Ամելին»։

Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ավստրիացի ռեժիսոր Ջեսիքա Հաուսներին նվիրված հետահայաց ծրագիրը։ Փառատոնի ընթացքում կցուցադրվեն նրա հայտնի ֆիլմերը։ Սա հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմելու ժամանակակից եվրոպական կինոյի ամենաինքնատիպ հեղինակներից մեկի ստեղծագործական ճանապարհի մասին։
Հայկական կինոն
«Ոսկե Ծիրանը» շարունակում է մնալ հայկական կինոյի գլխավոր միջազգային հարթակը։ Այս տարվա ծրագրում ընդգրկված են ինչպես խաղարկային, այնպես էլ վավերագրական ու կարճամետրաժ հայկական նոր ֆիլմեր։ Հատկանշական են Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», Արսեն Աղաջանյանի «Կենաց պար», Մառլեն Էդոյանի «Հեռավոր կրակ», Կոմս Շահբազյանի «Այստեղ, այլուր», Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի «Վերապրել Շեքսպիրին»։ Ինչպես նախորդ տարիներին, կլինի նաև հայկական կարճամետրաժ ֆիլմերի հատուկ ծրագիր։ Կցուցադրվեն Սոնա Խաչատրյանի, Օվսաննա Գևորգյանի, Վահան Խաչատրյանի, Սերուժ Հովսեփյանի, Նաիրա Սարգսյանի, Գոռ Կիրակոսյանի և այլ հեղինակների աշխատանքները։

Մարդն ու ժամանակը
Ծրագրին ծանոթանալիս ակնհայտ է դառնում նաև փառատոնի այս տարվա գաղափարական «կորիզը»։ Պատերազմի, տեղահանության, սահմանների, ինքնության, հիշողության, ընտանեկան հարաբերությունների և պատմական տրավմաների շատ արդիական թեմաները առանցքային են ներկայացված ֆիլմերում։
«Հասանի հետ Գազայում», «Սահմանների մեխանիկան», «Մարինկա», «Լոնդոն», «Հայրը», «Առյուծը թիկունքիս», «Անավարտ օրացույց» և բազմաթիվ այլ ֆիլմեր տարբեր մշակույթների ու պատմությունների միջոցով խոսում են ժամանակակից աշխարհի ամենացավոտ հարցերի մասի։

Արտոյի ու մեր երկիրը
«Ոսկե Ծիրանը» բացվեց և կփակվի նաև Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով։ Ֆրանսիա-Հայաստան համատեղ արտադրության այս ֆիլմը պատմում է անձնական կորստի, պատերազմի հիշողության և ինքնության որոնման մասին՝ միաժամանակ դառնալով այս տարվա փառատոնի գաղափարական խորհրդանիշերից մեկը։

Ժյուրին ու միջազգային համագործակցությունը
Այս տարվա միջազգային մրցույթի ժյուրին գլխավորում է Ջեսիքա Հաուսները։ ժյուրիի կազմում ընդգրկված են նաև տարբեր երկրների ռեժիսորներ, դերասաններ, կինոգետներ և պրոդյուսերներ, որոնք ներկայացնում են ժամանակակից կինոյի տարբեր դպրոցներ։
2026 թվականը կարևոր է նաև փառատոնի միջազգային դիրքերի ամրապնդման տեսանկյունից․ «Ոսկե Ծիրան»-ը դարձել է եվրոպական հեղինակավոր Doc Alliance ցանցի հրավիրյալ փառատոնը։ Սա նշանակում է, որ հայկական փառատոնը կներգրավվի եվրոպական վավերագրական կինոյի կարևորագույն համագործակցային նախագծերում, կմասնակցի կրթական և կինոարտադրության հետ կապված նախաձեռնությունների և, ամենակարևորը կներկայացնի Հայաստանը համաշխարհային կինոփառատոնային ցանցում։
Ի՞նչ պետք է դիտել անպայման
Իհարկե, հնարավոր չէ դտել բոլոր ֆիլմերը, սակայն art365-ը առանձնացրել է ֆիլմերը որոնց դիտումը պարտադիր է․
Թամարա Ստեփանյան - «Արտոյի երկիրը»,
Պեդրո Ալմոդովար - «Դառը Սուրբ ծնունդ»,
Քրիստիան Մունջիու - «Ֆյորդ»,
Լին Ռամզի - «Մեռիր, իմ սեր»,
Պավել Պավլիկովսկի - «Հայրենիք»,
Ջեսիքա Հաուսներ-«Հյուրանոց»
Բելա Տար - «Սատանայական տանգո»։

«Ոսկե Ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի ամբողջական ծրագիրն այստեղ։
Երկու տասնամյակից ավելի պատմություն ունեցող «Ոսկե Ծիրանը» վաղուց արդեն պարզապես կինոփառատոն չէ։ Այն դարձել է մշակութային հանդիպման վայր, որտեղ կինոն խոսում է ոչ միայն արվեստի, այլև ժամանակի, հիշողության, պատերազմի, սիրո, ինքնության և մարդկային արժանապատվության մասին։ 2026 թվականի ծրագիրը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Երևանը հուլիսյան այս օրերին շարունակում է մնալ հեղինակային կինոյի կարևոր կանգառներից մեկը համաշխարհային կինոքարտեզի վրա։