Երբ ասում ենք Գուստավ Էյֆել, մեր մտապատկերում անիմիջապես վեր է խոյանում Էյֆելյան աշտարակի մետաղյա ուրվագիծը։ Սակայն, Գ․ Էյֆելի ստեղծագործական-ճարտարապետական ժառանգությունը շատ ավելի ընդարձակ է, քան Փարիզի երկինքը ճեղքող այդ խորհրդանիշը։ Նա 19-րդ դարի արդյունաբերական մշակույթի գլխավոր ճարտարագետներից էր, որը նախագծեր է իրականացրել ամբողջ աշխարհում՝ Եվրոպայից մինչև Լատինական Ամերիկա և Ասիա։
Գուստավ Էյֆելի համար երկաթը պարզապես շինանյութ չէր։ Այն նոր դարաշրջանի լեզուն էր՝ թեթևության, շարժման, արագության և ինժեներական համարձակության լեզուն։ Նրա մյուս նախագծերը, թեև զբոսաշրջային գլխավոր երթուղիներից դուրս են, սակայն մեծ ազդեցություն են գործել ճարտարապետական մտքի զարգացման վրա։
Ազատության արձանի «անտեսանելի» հեղինակը
Շատերի համար կարող է անակնկալ լինել այն, որ Նյու Յորքի, ընդհանրապես ԱՄՆ-ի խորհրդանիշ դարձած Ազատության արձանի ներքին մետաղական կառուցվածքը մշակել է հենց Գ․Էյֆելը։ Միացյալ նահանգներին Ֆրանսիայի նվիրած այս արձանի հեղինակը՝ ֆրանսիացի քանդակագործ Ֆրեդերիկ Բարթոլդին է, սակայն արձանի հսկայական պղնձե մարմինը տեխնիկապես հնարավոր չէր լինի կանգնեցնել առանց Էյֆելի ինժեներական լուծումների։Նա ստեղծեց ճկուն մետաղական կմախք, որը թույլ էր տալիս արձանին դիմակայել քամիներին և ջերմաստիճանային փոփոխություններին։ Այս գաղափարը հետագայում դարձավ ժամանակակից բարձրահարկ շինարարության հիմքերից մեկը․ արտաքին ձևն ու ներքին կրող կառուցվածքը սկսեցին գործել որպես առանձին համակարգեր։
Գարաբիթի «երկնաքեր» կամուրջը
Ֆրանսիայի կենտրոնական լեռնային հատվածում գտնվող Գարաբիթի վիադուկը համարում են «Էյֆելյան աշտարակի նախերգանք»։
1880-ականներին կառուցված այս կամուրջը աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջներից է։ Կարմրավուն հսկայական կամարը կախված է խոր կիրճի վրա՝ ստեղծելով գրեթե ֆուտուրիստական տեսարան։ Եթե հետագայում կառուցված աշտարակում Էյֆելը աշխատում է ուղղահայ գծի հետ, ապա այստեղ նա աշխատում էր հորիզոնական տարածության և հավասարակշռության հետ։ Այս կամուրջը կարևոր էր նաև տեխնիկական առումով․ հենց այստեղ փորձարկվեցին մի շարք ինժեներական լուծումներ, որոնք հետագայում կիրառվեցին Փարիզի աշտարակի կառուցման ժամանակ։

Պորտուգալիայի «Էյֆելյան» կամուրջը
Պորտո քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ Մարիա Պիա կամուրջը նույնպես կապված է Էյֆելի անվան հետ։ Այն կառուցվել է 1877 թվականին և իր ժամանակի տեխնիկական հրաշքներից էր։ Կամուրջը հատում էր Դոուրու գետը մեկ հսկայական մետաղական կամարով։ Ժամանակակիցների համար դա գրեթե անհավատալի էր․ թվում էր, թե երկաթը կորցրել է իր ծանրությունը։

Բուդապեշտի Նյուգատի կայարանը
Բուդապեշտի երկաթութային Նյուգատի կայարանը նույնպես կառուցվել է Էյֆելի ընկերության մասնակցությամբ։ 19-րդ դարի երկաթուղային կայարանները հաճախ դիտվում էին որպես արդյունաբերական տաճարներ։ Նյուգատին այդ գաղափարի լավագույն օրինակներից է․ ապակու և երկաթի համադրությունը ստեղծում է թեթևության ու բաց տարածության զգացողություն, որը հետագայում դարձավ մոդեռնիստական ճարտարապետության կարևոր սկզբունքներից մեկը։
