• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Յան Վերմեեր․ Մարգարտե ականջօղով աղջիկը և ոչ միայն․․․

Յան Վերմեեր․ Մարգարտե ականջօղով աղջիկը և ոչ միայն․․․

Հոլանդական «ոսկե դարի» ամենախորհրդավոր վարպետներից մեկը՝ Յան Վերմեերը (Johannes Vermeer, 1632-1675) թեև առավել հայտնի է իր նշանավոր «Մարգարտե ականջօղով աղջիկը» (Girl with a Pearl Earring, մոտ 1665) նկարով, սակայն նրա  ևս շուրջ երեք տասնյակ նկարներ են պահպանվել, որոնք նույնպես ուշադրության արժանի են։ Խոսելով Վերմեերի արվեստի մասին` արվեստաբանները ավելի հաճախ այն բնութագրում են երկու բառով՝ լռություն և լույս։

 

Լռությունը բառերի միջև

 

Վերմեերը հիմնականում պատկերել է փակ տարածություններ՝  մեկ կամ երկու կերպարով․ երիտասարդ կանայք կարդում են, նվագում են երաժշտական գործիք,  կամ պարզապես կանգնած են պատուհանի մոտ՝ լուռ սպասման մեջ։ Նույնիսկ աշխույժ գործողություններ ներկայացնող նկարներում հեղինակը բացառիկ վարպետությամբ կարողանում է կանգնեցնել պահը և կերպարների հայացքների մեջ ներկայացնել որոշակի սպասում, մտահայեցում, դեպի ներս ուղղված հայացք։  Թվացյալ պարզ  դրվագները, սակայն, հեռու են կենցաղային պարզությունից։ Դրանք կառուցված են խիստ հավասարակշռված կոմպոզիցիաներով և ներքին լարվածությամբ, որտեղ յուրաքանչյուր առարկա՝ սեղանը, վարագույրը, պատի քարտեզը և այլն որոշակի խորհրդանշական իմաստային ծանրաբեռնվածություն ունի։ Կերպարները շարժման ու միաժամանակ դադարի մեջ են՝ լռության ու ձայնի, խավարի ու լույսի սահմանագծին։

 

Լույսը աջ կողմից

 

Լույսը, որը հաճախ տարածվում է նկարների կերպարների աջ կողմից Վերմեերի արվեստի առանցքային տարրն է։  Ներթափանցելով պատուհանից` այն կարծես մեղմորեն շոշափում կերպարների դեմքերը, գորգերի ու տարբեր գործվածքների մակերեսները, սահում մետաղական առարկաների վրայով ու ներթափանցում  ապակու մեջ։  Թեև պատկերները որոշակի թատերայնություն ունեն, սակայն լույսը բնական է, հանդարտ։ Վերմեերը, ինչպես շատ այլ վարպետ նկարիչներ,  լույսը չի օգտագործում միայն որպես միջավայրը լուսավորող միջոց, այլ դրա միջոցով  բացահայտում է  նյութի, տարածության և ժամանակի հարաբերությունները։

Լույսի միջոցով են բացահայտվում գույները։ Նկարիչը  բացառիկ գունազգացողություն ունի։ Նրա սիրելի երանգներից էր ուլտրամարինը՝ թանկարժեք լապիսլազուլի քարից  ստացվող կապույտը, որը նա առատորեն օգտագործում է։ Գույները նրա մոտ երբեք ինքնանպտակ չեն կիրառվում, չեն խանգարում միմյանց, այլ ներդաշնակվում են լույսի հետ՝ ստեղծելով խիտ, բայց թափանցիկ միջավայր։

 

«Մարգարտե ականջօղով աղջիկը»՝  հյուսիսային Մոնա Լիզա

 

Վերմեերի ամենահայտնի գործը՝  «Մարգարիտե ականջօղով աղջիկը», հաճախ անվանում են «Հյուսիսային Մոնա Լիզա», լավագույնս ցուցադրում է կերպարի ու լույսի բացառիկ հարաբերությունը։ Նկարիչը պատկերում է ժամանակից դորս մի պահ, որտեղ նրբորեն հարաբերվում են աղջկա հայացքը, լույսի անդրադարձը շուրթերին և մարգարիտը։ Սա դասական իմաստով դիմանկար չէ, այլ խորհրդանշական, հավաքական կերպար։ Վերմեերն այստեղ պատկերում է երիտասարդ աղջկան՝ էկզոտիկ գլխանոցով ու մարգարտով։  Ըստ ուսումնասիրողներին աղջկա ականջօղը, հավանաբար, իսկական մարգարիտ չէ, այլ ապակե կամ մետաղական  գունդ։ Դրա չափերն ու լույսի անդրադարձը  մարգարիտին բնորոշ չեն։  Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Վերմեերի նպատակը իրականության  ճշգրիտ վերարտադրությունը չէ, այլ լույսի ազդեցության պատկերում-ուսումնասիրությունը։

 
«Դելֆտ քաղաքի տեսարանը»

 

Յ․ Վերմեերի միակ բնանկարը՝ «Դելֆտ քաղաքի տեսարանն»(View of Delft, մոտ 1660–1661) է։  Այստեղ ներկայացվում է նկարչի հայրենի Դելֆտ քաղաքի համայնապատկերը։ Քաղաքի շենքերի մեծ մասը պատկերված են ճշգրիտ, ինչը հաստատվում է ճարտարապետական ուսումնասիրություններով։Հետազոտողները ենթադրում են, որ Վերմեերը նկարի վրա աշխատել է երկար ժամանակ՝ սպասելով օրվա տարբեր ժամերի լուսավորության փոփոխություններին։ Ամպերի բացվածքներից թափանցող արևի լույսը քաղաքը լուսավորում է ոչ ամբողջությամբ, այլ մասնակի,  ինչը ստեղծում է ժամանակի կանգ առի ու քարացած պահի տպավորություն։

 

Ֆրանսիացի գրող Մարսել Պրուստը այն համարում էր աշխարհում ամենագեղեցիկ նկարներից մեկը՝ հատկապես նշելով պատի վրա ընկած «դեղին լուսավոր հատվածը»։

«Դելֆտ քաղաքի տեսարանը»  քաղաքային սովորական պատկեր չէ, այլ քաղաքի հիշողության ու ժամանակի  յուրահատուկ համադրում,  որտեղ  պատմական որոշակիության հանդերձ, տեսանելի է արվեստի ու վարպետ նկարչի հայացքի յուրօրինակությունը։ 

Hayk Hambardzumyan

15.12.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.