• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Նկարչի կենդանության օրոք վաճառված միակ նկարը․ Վան Գոգ «Խաղողի կարմիր այգիներն Առլիում»

Նկարչի կենդանության օրոք վաճառված միակ նկարը․ Վան Գոգ «Խաղողի կարմիր այգիներն Առլիում»

Վան Գոգի նկարներն այսօր համաշխարհային աճուրդներում վաճառվում են աստղաբաշխական գներով, սակայն միշտ այդպես չի եղել։ Ինչպես շատ նկարիչներ, Վան Գոգը նույնպես, կենդանության օրոք չի եղել ճանաչված ու ընդունված, չի կարողացել վաճառել իր աշխատանքներն ու ապրել է սոցիալական ծանր պայմաններում։ Ըստ ընդունված տեսակետի, որը որոշ արվեստաբաններ վիճարկում են, նկարիչի կենդանության օրոք վաճառվել նրա ընդամենը մեկ նկար՝ «Խաղողի կարմիր այգիներն Առլիում»։ Այս զարմանալի պատմությունը դարձել է ոչ միայն արվեստագետի ողբերգական ճակատագրի, այլև ստեղծագործական հանճարի ուշ ճանաչման խորհրդանիշ։

 

Գույնն ու հոգեվիճակը

 

1888 թվականի աշնանը, երբ ստեղծվում է այս նշանավոր կտավը,  Վան Գոգը բնակվում էր Առլի քաղաքում։ Այդ շրջանը նկարչի ստեղծագործական կյանքի ամենաբեղուն ժամանակահատվածն էր։ Ներշնչված արևի շողերով ողողված հարավային Ֆրանսիայի բնությամբ, դեղին արտերով, կապույտ երկնքով և խաղողի այգիներով Վան Գոգը ստեղծում էր վառ ու ինքնատիպ աշխատանքներ։ 

Հենց այդ օրերին նա նկարում է «Կարմիր խաղողի այգիներն Առլիում» կտավը։ Նկարում՝ մայր մտնող արևի շողերով ողողված խաղողի այգում աշխատում են գյուղացիները։ Արևի ճառագայթներից  խաղողի այգին ստացել է կարմրավուն-մանուշակագույն երանգներ։ Գույներ, որոնց  համարձակ հակադրությունը բնորոշ է Վան Գոգի ուշ շրջանի արվեստին։

«Օ՜, ինչո՞ւ մեզ հետ չէիր կիրակի օրը։ Մենք տեսանք մի կատարյալ կարմիր խաղողի այգի՝ կարմիր, ինչպես կարմիր գինին։ Հեռվից այն դեղին էր թվում, վերևում՝ կանաչ երկինք, իսկ շուրջը՝ անձրևից հետո մանուշակագույն հող, որտեղ տեղ-տեղ մայրամուտի դեղին արտացոլանքներ էին երևում», -գրում է նկարիչը՝ եղբորը՝ Թեոյին ուղղված նամակում։

Նկարիչը չի ձգտում  իրականության ճշգրիտ պատկերմանը, այլ գույնի միջոցով փորձում փոխանցել այս  տեսարանից ծնված ապրումն ու տպավորությունը։  Վան Գոգի համար գույնը միայն պատկերման միջոց չէ, այլ հոգեվիճակի արտահայտություն, ինչը երևում է նաև այս շրջանում Առլիում նրա ստեղծած այլ նկարներում․

 

Միակ գնորդը

 

Նկարը 1890 թվականին ցուցադրվում է Բրյուսելում, որտեղ էլ այն ձեռք է բերում բելգիացի նկարչուհի, արվեստի հովանավոր և կոլեկցիոներ Աննա Բոշը։ Կտավը վաճառվում է ընդամենը 400 ֆրանկով, որը մեծ գումար չէր։ Ինչո՞ւ հենց այս կտավը գրավեց Աննայի  ուշադրությունը․ գուցե նկարի համեմատաբար «ընկալելի» սյուժեն։ Վան Գոգի  գործերը ժամանակակիցների համար չափազանց արտասովոր էին, իսկ գյուղական աշխատանքի տեսարանը գուցե ավելի հասկանալի էր։ 

Բայց թերևս պատճառն այն էր, որ հավաքորդը   գնահատում էր նորարարական արվեստը և փորձում էր աջակցել  երիտասարդ նկարիչներին։ Ամեն դեպքում, նրա այս գնումը  դարձավ Վան Գոգի արվեստի ճանաչման պատմության կարևոր հանգրվաններից մեկը։ Իսկ Վան Գոգը մահացավ նկարի վաճառքից մի քանի ամիս անց՝ 1890 թվականի հուլիսի 29-ին, 37 տարեկան հասակում։

 

 

Բելգիայից՝ Ռուսաստան․ նկարի ճանապարհը

 

Աննա Բոշը տարիներ անց վաճառեց նկարը։ Այն անցավ տարբեր մասնավոր հավաքածուներով, մինչև այն, և Վան Գոգի

«Գիշերային սրճարանը» նշանավոր կտավը, գնեց  հավաքորդ Իվան Մորոզովը և տեղափոխեց Ռուսաստան։ Այսօր նկարը ցուցադրվում է Մոսկվայի Պուշկինյան թանգարանում։

 

Art 365

19.06.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.