Երևանի Ազատության հրապարակում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց, երկու մեծերի՝ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձաններն են։ Արձանների հարևանությունը պատահական չէ, այլ պատմում է հայ պոեզիայի և երաժշտության հանդիպման ու դրա բացառիկ արդյունքի՝ «Ալմաստ» օպերայի ստեղծման մասին։
1916 թվականի փետրվարին Ալեքսանդր Սպենդիարյանը Թիֆլիսում էր, «Հայոց երաժշտական ընկերության» հրավերով պետք է հանդես գար համերգներով։ Ռուսական կայսրությունում հայտնի հայ կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարումները մեծ հետաքրքրություն առաջացրին Թիֆլիսի արվեստասեր հասարակության շրջանակում։ Հայ մտավորականները ջերմ ընդունելություն կազմակերպեցին կոմպոզիտորի պատվին։
Այդ օրերին էլ տեղի ունեցավ նրա հանդիպումը Հովհաննես Թումանյանի հետ։ Ա․ Սպենդիարյանը վաղուց էր ցանկանում օպերա գրել հայ ժողովրդի կյանքին ու պատմությանն առնչվող թեմայով։ Նա փնտրում էր մի սյուժե, որը հնարավորություն կտար համադրելու դրամատիկական գործողությունը, հերոսական շունչն ու երաժշտական արտահայտչականությունը։
Հովհ․ Թումանյանն առաջարկեց ծանոթանալ իր ստեղծագործություններին։ Սկզբում քննարկվում էր «Անուշը», ապա՝ «Փարվանան»։ Հիշում է կոմպոզիտորի դուստրը՝ Մ․ Սպենդիարովան․
«Մինչ այդ, նրան երբեք չեմ տեսել այդքան անհանգիստ, հուզված և մարդամոտ: Ընթրիքից հետո նա, հակառակ իր սովորության, իր աշխատասենյակը չգնաց: Ամբողջ ընտանիքը` հավաքելով` հյուրասենյակում, նա մեզ համար սկսեց կարդալ հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, որ բերել էր Թիֆլիսից՝ «Անուշ» և «Թմկաբերդի առումը» պոեմները, «Մի կաթիլ մեղր» և «Աղջկա սիրտը» հեքիաթները: Կարդում էր նա բարձր և արտահայտիչ, ընթերցմանն ընկերակցելով իր հիացական բացականչությունները: Ինչպես հիմա, հիշում եմ՝ մենք երեխաներս և մայրս նստած ենք հանգստավետ դիվանի վրա, իսկ հայրս դեպի մեզ է թեքվել իր պրոֆիլով, աչքերին՝ պենսնեն, խնամքով սափրված մորուքով: Սեղանին վառվում է լամպը:
Մենք դեռ այն ժամանակ գիտեինք, որ հայրիկը որոշել է օպերա գրել Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի սյուժեով: Նա մեզ շատ էր պատմում բանաստեղծի մասին, մանրամասնորեն պատկերում էր` պոեմի ամեն մի կերպարը: Ձմեռային այդ երկար երեկոներին հայրս հաղորդում էր նաև իր թիֆլիսյան տպավորությունները»։
Սակայն կոմպոզիտորը կանգ է առնում «Թմկաբերդի առումը» պոեմի վրա։ Հիշում է Հովհաննես Թումանյանի դուստրը՝ Նվարդը․
«Մի երեկո Թումանյանը նրա համար կարդաց «Անուշը», բայց Սպենդիարյանը պոեմի նյութը գտավ իրեն միանգամայն անծանոթ: Սկզբում Թումանյանի հետ որոշեցին ամառը միասին անցկացնել Լոռիում, որպեսզի նա մոտիկից ծանոթանա բնությանը, ժողովրդին, նրա կյանքին ու կենցաղին: Այնուհետև անցան «Փարվանա» լեգենդին, որը Սպենդիարյանը ավելի հավանեց, հարմար գտավ երաժշտագրելու, բայց արեց այսպիսի մի դիտողություն.
- Լավ բան է, բայց սեղմ է գրված: Ծավալվելու տեղ չկա, լիրիկան շատ է...
Նա խնդրում էր, որ Թումանյանը որոշ տեղեր ընդարձակի, երգեր` ավելացնի և, այդպիսով, հնարավորություն օպերա գրելու: Կարծես թե կռահելով Սպենդիարյանի ցանկացածը, Թումանյանը նրա համար կարդաց «Թմկաբերդի առումը», միաժամանակ թարգմանելով ռուսերեն, որովհետև Սպենդիարյանը դեռ հայերեն համարյա չգիտեր:
Սպենդիարյանը շատ հավանեց ամբողջ պոեմը և տեղից վեր թռչելով ասաց.
- Այ, սա ուրիշ բան է, իսկն իմ ուզածն է:
Ու ոգևորված սկսեց սենյակում ման գալ:
Նա խնդրեց Թումանյանին պոեմը տող առ տող թարգմանել իր համար: Առանձնապես հավանել էր նախերգանքի աշուղական ձևը»։
Նրանց հանդիպումները շարունակվում են։ Հովհ․ Թումանյանն օգնում էր Սպենդիարյանին՝ ներկայացնելով պոեմում պատկերված ժամանակաշրջանի կենցաղը, զգեստները, զենքերը, պատմական անձանց ու իրադարձությունները։ Կոմպոզիտորի համար այս տեղեկությունները կարևոր էին, քանի որ անհրաժեշտ էր ստեղծել համոզիչ ու տիպական աշխարհ։
Ըստ հուշերի, այս հանդիպումների ընթացքում քննարկվել են ոչ միայն պոեմի բովանդակությունն ու երաժշտական մեկնաբանությունը, այլև ապագա օպերայի հերոսների անունները։ Հովհ․Թումանյանի պոեմում Թաթուլի կինը անուն չունի, այլ կոչվում է «մատնիչ սևաչյա», մինչդեռ օպերայում հերոսուհին պետք է ունենար իր անհատականությունը բնորոշող անուն։ Բանաստեղծն առաջարկել է Գոհար տարբերակը, իսկ կոմպոզիտորն ընտրել է Ալմաստը։ Այսպիսով, գրական հերոսուհին օպերայում ստացել է իր առանձին անունն ու բեմական ինքնությունը։
Օպերայի լիբրետոն, սակայն, Թումանյանը չհասցրեց գրել։ Ալ․ Սպենդիարյանը հետագայում համագործակցեց ռուս բանաստեղծուհի Սոֆյա Պարնոկի հետ, որն էլ ստեղծեց լիբրետոյի ռուսերեն տարբերակը։ Ամենայն հայոց բանաստեղծի և մեծ կոմպոզիտորի մտադրությունն էր շարունակել աշխատանքը և միասին հղկել օպերայի գրական հիմքը, բայց պատմական իրադարձություններն ու դժվար ժամանակները խանգարեցին նրանց ծրագրերի իրականացմանը։ Հետագայում կոմպոզիտորը սիրով ու ափսոսանքով էր հիշում Հովհ․ Թումանյանի հետ հանդիպումները․
«․․․1926 թ. աշնանը Ալ. Սպենդիարյանը փոխադրվեց Երևան: Նա նոր էր վերադարձել իր հայրենի Սուդակից, որտեղ ծանր օրեր էր ապրել, մեծ նեղություններ կրել: Փոխվել էր, ծերացել: Առանձին կարոտով ու սիրով էր հիշում Թումանյանի հետ անցկացրած օրերը Թիֆլիսում, այն երեկոները, երբ միասին աշխատում էին «Ալմաստ» օպերայի վրա: Հիշում էր Թումանյանի հյուրընկալությունը՝ հետաքրքիր զրույցները, ջերմ վերաբերմունքը, երգն ու նվագը:
Այդ օրերին նա դեռևս շարունակում էր` աշխատել «Ալմաստի» վրա, վերջին գործողությունն էր մշակում և ոչ այնքան նախերգանքի մասին էր մտածում, որքան վերջերգի: Առաջարկեց մի նեղ շրջանում կարդալ «Ալմաստի» լիբրետոն: Մ. Սարյանի տանը, չորս հոգու ներկայությամբ, մի երեկո կարդաց այն և վերջում էլ մի քանի կտոր` օպերայից նվագեց: Այդ երեկո խոսք եղավ իր և Սոֆիա Պարնոկի մտցրած նոր հատվածների և պոեմի ընդհանուր բնույթին բնավ չհամապատասխանող որոշ էպիզոդների մասին: Այդ հատվածները գլխավորապես վերաբերում էին Թաթուլ իշխանին: Սպենդիարյանը չուզեց հանել այդ հատվածները, որովհետև դրանով կփոքրանար Թաթուլի դերը և կխախտվեր` օպերայի ամբողջությունը: «Օպերայի ամբողջությունը կտուժի: Արդեն արված է, ափսոս է երաժշտությունը, ինչպե՞ս վարվել»,— ասում էր նա դժգոհությամբ:
Վերադարձին նա ճանապարհին շարունակ խոսում էր «Ալմաստից»: Ափսոսում էր, որ Թումանյանն իր հետ չէ՝ լիբրետոյի բացերը վերացնելու համար, ցավում, որ բանաստեղծին չվիճակվեց ապագա օպերայի հանդիսատեսը լինել...», - հիշում է Ն․ Թումանյանը։
Մեծերի համագործակցությունը չհասավ իր ավարտին, սակայն 1933 թվականի հունվարի 20-ին Երևանի օպերային թատրոնը բացվեց հենց «Ալմաստ» օպերայի ներկայացմամբ։
Աղբյուրը՝ Ժամանակակիցները Ալ. Սպենդիարյանի մասին, Երևան, 1960: