1902 թվականին է ստեղծվել հայ քաղաքացիական և հայրենասիրական պոեզիայի գլուխգործոցներից մեկը՝ Հովհաննես Թումանյանի Մեր ուխտը բանաստեղծությունը։ Հասկանալու համար այս գործի ստեղծման շարժառիթները, պետք է իմանալ, որ սա մի շրջան էր, երբ Հայկական հարցն ու արևմտահայության կոտորածները ցնցել էին հայ իրականությունը, իսկ Ցարական Ռուսաստանը ճնշումներ էր իրականացնում հայ եկեղեցու ու հայկական դպրոցների նկատմամբ։ Ուշագրավ է, որ բանաստեղծությունը մինչև հայերեն հրատարակվելը, առաջին անգամ տպագրվել է ռուսերեն։ Այն լույս է տեսել Լև Ումանեցի թարգմանությամբ՝ 1906 թվականին Սանկտ Պետերբուրգում հրատարակված «Современные армянские поэты» ժողովածուում։
ՄԵՐ ՈՒԽՏԸ
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
Բանաստեղծության գաղարական առանցքում հայ ժողովրդի հավաքական կամքի ու տոկունության նկատմամբ հավատն է և նրա պատմական առաքելության գիտակցումը։ Չնայած բանաստեղծության մեջ հիշատակվում են ողբերգական անցյալն ու դաժան ներկան, սակայն սա ողբ չէ, այլ ժողովրդի պատմական ընթացքի ու նպատակի սահմանում ու փառաբանություն։ Բանաստեղծն իր ձայնը հնչեցնում է ոչ թե որպես առանձին անհատ, այլ ժողովրդի հավաքական ձայն՝ մենք։ Այս առանձնահատկություններով բանաստեղծությունը կապվում է Հովհաննես Թումանյանի մյուս նշանավոր գործի՝ Հայոց լեռներում-ի հետ