Աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի թվով հինգերորդ ալբոմը՝ «Ստվերների թատրոնը» (The shadow Тheater) թողարկվել է 2013 թվականին։ Ջազ, ջազ ֆյուժեն, պրոգրեսիվ ռոք երաժշտական ոճերով, նաև հայկական երգային բանահյուսության մշակումներով ստեղծված ալբոմը բացվում է «Բանաստեղծը» (The poet) անունով խորհրդավոր ու անչափ տպավորիչ ստեղծագործությամբ։ Նույն թվականին նկարահանվել է նաև այս երգի սև ու սպիտակ տեսահոլովակը։
Քչերը գիտեն, որ այս երգը ներշնչված ու հիմնված է Հովհաննես Թումանյանի՝ հեռավոր 1898 թվականին գրված «Տխուր գիշեր» բանաստեղծության վրա։
Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր.
Վիշտս ու ես ենք արթուն մենակ
Եվ ուզում ենք մի լավ հիշել,
Թե ո՛րտեղից իրար գըտանք։
— Ասա՛, իմ վիշտ, իմ սև թախիծ,
Ա՛յ անբաժան կյանքիս ընկեր,
Դու ո՞ր օրից կամ ո՞րտեղից,
Ի՞նչ դեպքով ես ինձ հետ ընկել...
Ու գալի՜ս են սև-սև հուշեր...
Տըխո՜ւր գիշեր, տըրտո՜ւմ գիշեր...
Առաջին անգամ այս գործը տպագրվել «Տխուր զրույց» վերնագրով, սակայն ավելի ծավալուն մի տարբերակ: Հետագայում հեղինակն այն կրճատել է և հրատարակել «Տխուր գիշեր» վերնագրով: Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունը հոռետեսական է և լույս կարծես չի երևում։ Թեև քնարական հերոսի զրույցը վշտի հետ, նրանց «մտերմությունը» կարծես մատնանշում են, որ հերոսն արդեն հարմարվել է իր ճակատագրին և նույնիսկ «հարազատացել» վշտին։ Տիգրան Համասյանի երգում երաժշտության միջոցով տխրությունը ավելի շատ վերածվում է լուսավոր թախիծի, իսկ վերջում կարծես գալիս է տխրության երկար սպասված հաղթահարումն ու ազատագրումը։ Խավարը ցրվում է, հերոսը վերգտնում է իր ինքնությունն ու բացվում է առավոտը։ Տխրության հոգեվիճակը երաժիշտը թերևս ընկալել է որպես բանաստեղծին հոգու մշտական կամ հաճախադեպ վիճակ, ըստ այդմ էլ երգը վերնագրել է «Բանաստեղծը» անունով։