2026 թվականի ապրիլի 18-ին լրանում եմ հայ նշանավոր ճարտարապետ,1971–1981 թվականներին Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակը (1926–2014)։ Նրա ճարտարապետական ձեռագիրը բնութագրվում է ազգային ճարտարապետության ավանդների և մոդեռնիստական մտածողության ինքնահատուկ համադրությամբ, որի լավագույն արտահայտությունը Երևանի խորհրդանիշերից մեկը դարձած Կասկադ համալիրն է։ Ջիմ Թորոսյանին՝ Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի հետ միասին հաջողվեց ստեղծել մի ունիվերսալ կառույց-հանրային տարածք, որտեղ հատվում են ճարտարապետությունն ու բնությունը, արվեստն ու քաղաքաշինությունը, գործառնականությունն ու գեղագիտությունը։ Ներկայացնում ենք 7 փաստ Կասկադի մասին։
1․ Թամանյանից՝ Թորոսյան
Քչերը գիտեն, որ Կասկադի նմանվող կառույցի նախագիծը քննարկվել է դեռևս 1920-ական թվականներին։ Ալեքսանդր Թամանյանի Երևանի հատակագծում կար կենտրոնը և հյուսիսային բարձունքները կապելու գաղափարը։ Այդ ծրագիրն էլ իր զարգացումը ստացավ 1976 թվականին, երբ Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Կասկադի նախագծը։ Եվ պատահական չէ, որ Կասկադը սկսվում է 1974 թվականին տեղադրված Ալեքսանդր Թամանյանի արձանից ու Երևանի հատակագծից (հեղ․ Ա․Հովսեփյան, Ս․ Պետրոսյան)։ Ավանդույթն ու նոր ժամանակները կապվում են։

2․Ոչ միայն գեղեցիկ աստիճանաշար
Համալիրը նախագծվել էր ոչ թե միայն որպես անցում կամ տեխնիկական կապ քաղաքի տարբեր մասերի միջև, այլ հանրային բաց հարթակ, որտեղ ճարտարապետությունը, արվեստը, կանաչ միջավայրը և քաղաքային կյանքը միավորվում են մեկ ամբողջության մեջ։ Նախագծի սկզբնական նպատակը եղել է ցուցասրահներ ստեղծելն ու կենտրոնը «Հաղթանակ» զբոսայգուն կապելը։ Նախագծում ի սկզբանե ներառված էին ցուցասրահներ, շարժասանդուղքներ, անցումներ՝ ստեղծելով «երկշերտ» քաղաք՝ արտաքին և ներքին տարածքների գործնական ու գաղափարական միասնությամբ։

3․ Միշտ դեպի վեր
Կասկադի առանցքային գաղափարը ուղղահայաց շարժումն է։ Քայլ առ քայլ վեր բարձրանալը դառնում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև ազգային ու մշակութային վերելքի փոխաբերություն։

4․ Կասկադը որպես տեքստ
Համալիրը կառուցված է սպիտակ տրավերտինից, հարթակներում կան շատրվանային ու հանգստի գոտիներ, քանդակներ և հայկական մոտիվներով հարդարանք, ինչը Կասկադին տալիս է ոչ միայն ճարտարապետական նշանակություն, այլև դարձնում մեր մշակույթի խորհրդանշաններով լեցուն յուրօրինակ թանգարան կամ տեքստ։ Վերելքի ընթացքում՝ տեսադաշտի փոփոխության, եղանակային պայմանների ու ժամերի փոփոխությամբ, այն ամեն անգամ կարելի է ընթերցել նորովի։
5․ Վերածնված Հայաստան
Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ 1967 թվականին բացված Վերածնված Հայաստան օբելիսկը Երևանի հյուսիսային առանցքի զարգացման լայնածավալ քաղաքաշինական նախագծի մի մասն էր։ Օբելիսկի շնորհիվ կենտրոնից սկսվող, Կասկադով դեպի վեր շարժումը ստանում է իր խորհրդանշական նպատակն ու գաղափարական ամփոփումը։

6․Ընդհատված վերելք
Համալիրի կառուցումը սկսվել է 1970-ականներին, սակայն 1988 թվականի երկրաշարժն ու հետագա իրադարձությունները թույլ չտվեցին ավարտել համալիրի կառուցումը։ Համալիրի դեպի վեր տանող ընթացքը կարծես ընդհատվեց երկար տարիներ։ 2002-ին Ջերարդ Գաֆեսճյանի նախաձեռնությամբ սկսվեց Կասկադի վերանորոգումը, իսկ 2009-ին համալիրը վերաբացվեց որպես ժամանակակից արվեստի կենտրոն։ Այսօր Կասկադի վերևի հատվածի կառուցապատումը սկսվել է։ Դժվար է ասել ինչպես կշարունակվի կիսատ մնացած վերելքը, արդյոք նոր շինությունները կիրականացնեն հեղինակների կիսատ մնացած գաղափարը։

7․ Որպես անհաս փառքի ճամփա․․․
572 աստիճան և 302 մետր հեշտությամբ չտրվող վերելքը անընդհատ ուղեկցվում է Երևանի համայնապատկերի փոփոխությամբ և եղանակային լավ պայմանների դեպքում՝ Արարատի առինքնող պատկերով։ Յուրաքանչյուր նոր աստիճան ու հարթակ դառնում է վերելք ոչ միայն տարածության, այլև ժամանակի մեջ։ Յուրաքանչյուր քայլ ուղեկցվում է դիտմամբ, դիտումը՝ ամեն նոր հարթակում արվեստի հետ հանդիպման, իսկ արվեստը՝ բնապատկերի հետ հարաբերությամբ վեհացնում է հոգին։

