Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ամենից վաղ ստեղծված նկարազարդ ձեռագրերի մեջ առանձնանում է Էջմիածնի Ավետարանը։ Այս բացառիկ ձեռագիրը ստեղծվել 989 թվականին է Սյունիքի Բղենո Նորավանքում։ Մատյանի գրիչը՝ Հովհաննեսն է, իսկ ստացողը՝ Ստեփանոս քահանան: Հայտնի է, որ 1173 թվականին Գուրժին անունով մի մարդ մատյանը նվիրաբերել է Մաղարդայի վանքի Սուրբ Ստեփանոս Նախավկայի եկեղեցուն, որտեղ էլ այն երկար դարեր հանգրվանել է մինչ Էջմիածին բերվելը 19-րդ դարում։ Ձեռագրի պատմության այլ փաստեր հայտնի չեն, սակայն այս մատյանն ուշագրավ է նաև նրանով, որ գրքի վերջում իբրև պատառիկ–պահպանակ թերևս 10-րդ դարում կցվել է երկու թերթ՝ չորս մանրանկարով, որոնք մասնագետները թվագրում են 6-7-րդ դարերով։ Ըստ այդմ էլ՝ այդ մանրանկարները՝ Զաքարիայի ավետումը, Աստվածածնի ավետումը, Մոգերի երկրպագությունը և Մկրտությունը, հայ մանրանկարչության մեզ հասած հնագույն մանրանկարներն են։
Այս բացառիկ շարքի երկու մանրանկարները նվիրված են Նոր Կտակարանի երկու ավետումներին՝ Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի և Սուրբ Տիրամոր Ավետմանը։ Այս մանրանկարները կոմպոզիցիայով նման են․ երկու դեպքում էլ միջավայրը գրեթե նույնն է՝ ետին պլանում սյունազարդ կամարակապ շինություն է, Գաբրիել հրեշտակը ձախ կողմում է և այլն։ Սուրբ Տիրամոր Ավետման պատկերումը համապատասխանում է ավետարականական նկարագրությանը․
Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»: Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը: Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես:
Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի: Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ» (Ղուկաս Ա, 26-33)
Իհարկե, Ավետարանում գործողությունների միջավայրի ու հերոսների նկարագրություն չկա, սակայն դա էլ լրացվում է Ավետման պատկերագրության ավանդույթով ու անհայտ նկարչի երևակայությամբ ու վարպետությամբ։ Պատկերում Ավետումը ներկայացվում է ոչ այնքան ռեալիստական գծերով, որքան շեշտված հանդիսավորությամբ ու հանդարտությամբ։ Թեև ետևում գտնվող կառույցի կամարներներն ու սյուները զարդարված են թանկարժեք ու գույնզգույն քարերով, սակայն ընդհանուր առմամբ պատկերը զուսպ է։ Գույներն ու երանգները՝ կանաչը, կապույտ, ոսկին գործածվում են ներդաշնակությամբ ու առանց շռայլության։ Կերպարները՝ Տիրամայրն ու Գաբրիել հրեշտակապետը, արտահայտիչ են իրենց վեհությամբ ու հանգստությամբ։ Ունեն ինքնահատուկ, ընդգծված ազգային դիմագծեր։