• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հրեշտակ մարդկանց մեջ․․․ Սուրբ Աստվածածնին ուղղված աղոթքները  Նարեկում

Հրեշտակ մարդկանց մեջ․․․ Սուրբ Աստվածածնին ուղղված աղոթքները Նարեկում

Սուրբ Գրիգոր Նարեկացին բացի Սուրբ Աստվածածնին նվիրված իր հիասքանչ տաղերը, Տիրամորն ուղղված սրտառուչ աղոթքներ է ընգրկել նաև Նարեկում՝ Մատեան ողբերգության մեջ։ Մասնավորապես Նարեկի Ձ Բան-ի Ա-Գ գլուխները զորավոր աղոթք-մաղթանքներ են ուղղված Սուրբ Մարիամ Աստվածածնին։ Ինչպես և իր Մատյանի բոլոր գլուխներում, այստեղ ևս Նարեկացու խոսքը սկսվում է փառաբանությամբ, ապա շարունակվում խնդրանքներով, ապաշխարությամբ, ապա կրկին ամփոփվում փառաբանությամբ։  Սուրբ Գրիգորը Տիրամորը դիմում է որպես բարեխոսի՝ խնդրելով իր «թևավոր աղոթքներում» հիշել մեղավորների մասին, օգնել հոգիներին հեշտությամբ անցնել երկնային հանգրվանները, օգնության ձեռք մեկնել, մեղմել ցավերն ու հուսահատությունը։ Ներկայացնում ենք Սուրբ Գրիգոր Նարեկացու Մարիամ Աստվածածնին ուղղված զորավոր մաղթանք-աղոթքները՝ Վազգեն Գևորգյանի թարգմանությամբ։

 

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

 

Ա

 

Եվ արդ, այսքան հուսահատությունների և ահարկու սրտաբեկության,
Ահաբեկիչ սաստկությամբ աստվածային բարկության ենթարկվելուց հետո,
Թախծալից ոգով, իսպառ տագնապած՝
Քեզ եմ աղաչում, սուրբ Աստվածածին,
Հրեշտակ մարդկանց մեջ, մարմնատեսիլ քերովբե,

Երկնավոր արքայուհի.
Անխառն, ինչպես օդ, մաքուր, ինչպես լույս,
Անշաղախ՝ նման բարձր արուսյակի պատկերին պայծառ,
Գերազանց, քան սրբությունների բնակարան անկոխելի,
Խոստացված դու վայր երանավետ,
Եդեմ շնչավոր,

Անմահ կենաց ծառ՝ բոցեղեն սրով պարունակված,
Բարձրյալ Հորից զորացած և հովանավորված,
Հանգստությամբ Հոգու պատրաստված և մաքրագործված,
Բնակությամբ Որդու հարդարված և տաղավարված,
Հոր համար միածին և քեզ՝ անդրանիկ,
Որդիդ՝ ծնունդով և Տերդ՝ արարչությամբ,
Անաղտ մաքրությանդ հետ և՛ անբիծ բարի,
Անարատ սրբությանդ հետ և՛ բարեխոս խնամակալ,
Ընդունի՛ր աղոթքն այս աղերսալից քեզ դավանողիս,
Եվ այն ընծայիր Աստծուն իբրև պաղատանքը քո,
Խառնելով նրան՝ մեծիդ մատուցված իմ պաղատալից ներբողն առաջին.
Հյուսիր, միացրու դառն հեծությունն իմ մեղավորի
Քո երանելի և նվիրական խնդրվածքի հետ,
Կյանքի տունկդ դու օրհնված պտղի,

Որպեսզի քեզնից միշտ բարերարված
Եվ ապավինած մաքուր մայրությանդ ու լուսավորված՝
Ապրեմ ես Քրիստոս Որդուդ միածին և Տիրոջդ համար:

 

Բ

 

Օգնի՛ր թևավոր քո աղոթքներով, ո՜վ խոստովանված մայրդ ողջերի.
Որ երբ դուրս ելնեմ այս երկրի հովտից,
Առանց տանջալից չարչարանքների գնամ դեպի կյանք,
Դեպի պատրաստված օթևաններդ:
Թող թեթև լինի վախճանն իմ, զի ես ծանրացել եմ խիստ անօրենությամբ,
Օրն իմ տագնապի դարձրու ինձ համար տոն ուրախության,
Դու, որ բուժեցիր երկունքն Եվայի:
Խնդրի՛ր, աղաչիր ու բարեխոսիր,
Զի անճառելի մաքրությանդ համար հավատում եմ ես՝ խոսքդ կընդունվի:
Արցունքով օգնիր դու վտանգվածիս, գովյա՜լդ կանանց մեջ.
Ծնկաչոք խնդրիր հաշտությանս համար, ծնո՜ղդ Աստուծո.
Հոգատար եղիր թշվառիս հանդեպ, խորա՜ն բարձրյալի.
Ձեռք տուր ընկածիս, տաճա՜ր երկնային.
Եվ փառավորիր Որդուդ քեզանով,
Որ աստվածորեն հրաշագործե ինձ ի քավություն և ողորմություն,
Ո՜վ դու Աստուծո աղախին և մայր.
Բարձրանա պիտի պատիվդ ինձանով
Եվ փրկությունն իմ՝ ցույց տրվի քեզնով:

 

Գ

 

Եթե ինձ գտնես, տիրամա՜յր,

Թե ինձ ողորմես, սրբուհի՛,
Թե կորուսյալիս շահես, անարա՛տ:
Եթե խրտնածիս խնամարկես, երջանի՛կ,
Եթե ամոթահարիս առաջ տանես, բարեշնո՛րհ,
Եթե միջնորդես հուսահատվածիս համար, մի՜շտ սուրբ կույս,
Եթե մերժվածիս ընտանեցնես, Աստծո՛ւց մեծարված,
Եթե ցույց տաս ինձ գթությունդ, լուծի՛չդ անեծքների,

Եթե տատանյալիս ամրապնդես, հանգի՛ստ,
Եթե հուզումներս ու խռովքներս հանդարտեցնես, խաղաղարա՛ր,
Եթե մոլորյալիս մի ճար գտնես, գովյա՜լ,
Եթե ինձ համար մտնես ասպարեզ, մահվա՛ն նահանջիչ,
Եթե դառնությունս անուշացնես, քաղցրությո՜ւն,
Եթե բաժանման արգելքը քանդես, հաշտությո՛ւն,
Եթե անմաքրությունս վերացնես, եղծմա՛ն ընդոտնիչ,
Եթե փրկես ինձ՝ մահվան մատնվածիս, կենդանի՜ լույս,
Եթե իմ լացի ձայնը կտրես, բերկրությո՛ւն,
Եթե խորտակվածիս կազդուրես, կյանքի՛ դարման,
Եթե կործանվածիս մի ակնարկ գցես, հոգելի՛ց,
Եթե ողորմությամբ ինձ պատահես, նվիրակա՛ն կտակ,
Օրհնյալդ միայն երջանկալեզու անբիծ շուրթերից,
Ահա կաթիլ մի կուսությանդ կաթից
Մեջս անձրևելով՝ կյանք է տալիս ինձ,
Ո՜վ դու մայր բարձրյալ Տիրոջդ-Հիսուսի,
Երկնի և համայն երկրի արարչի, որին ծնեցիր դու անճառորեն,
Բովանդակ մարմնով և ամբողջովին իր աստվածությամբ,
Որ փառավորված է Հոր և Սուրբ Հոգու հետ
Էությամբ համակ և անքննությամբ մեր բնության հետ միացած,
Ամենայն է նա և ամեն ինչում, Երրորդությունից մեկը,
Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն:

Art 365

07.09.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.