• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Շեքսպիր․ 7 սոնետ՝ նոր թարգմանությամբ

Շեքսպիր․ 7 սոնետ՝ նոր թարգմանությամբ

 Նշանավոր  ողբերգությունների ու կատակերգությունների կողքին, ոչ պակաս սիրված են Ուիլյամ Շեքսպիրի սոնետները։ Թվով 154 սոնետները գրվել են  1590-ականներին։ Դրանք փոքրիկ բանաստեղծություններ են՝  անգլիական (շեքսպիրյան) չափով՝ 14 տող, երեք քառատող և եզրափակիչ երկտող։ Ունեն  հատուկ հանգավորում։ Քնարական այս ինքնահատուկ ստեղծագործությունների հիմնական թեմաներն են՝ սերը, ժամանակի անցողիկությունը, գեղեցկությունը, անմահությունը, բանաստեղծի մուսան ու հռչակը։ Շեքսպիրագիտության մեջ քննարկման առարկա է եղել այս ստեղծագործությունների հասցեատերը։ Այս առումով սոնետները երկու խմբի են բաժանվում՝ սոնետներ ուղղված  «Գեղեցիկ երիտասարդին»(ենթադրաբար գրողի ազգականին)   (1–126) և «Մութ տիկնոջը» նվիրված սոնետներ (127–152)։ Վերջին՝ 153-րդ և 154-րդ սոնետները այլաբանական են և կապված հունական առասպելաբանության հետ։ 
Այս ստեղծագործությունների հայերեն  թարգմանությունը հարյուրամյա  ավանդույթ ունի։  Հայտնի են սոնետների ժողովածուի հայերեն 5 ամբողջական թարգմանություններ և նաև հատվածական այլ բազամաթիվ անդրադարձներ։  Այս շարքում ժամանակագրորեն վերջինը Ռուբէն Թարումեանի թարգմանություններն են, որոնք լույս են տեսել 2022 թվականին «Շեյք-Սպիրի հնչյակները» գրքով։ Թարգմանիչը հիմնվելով սոնետների առաջին հրատարակության վրա՝ հեղինակի անունը թարգմանել է այլ կերպ։ Բացի այս, հետևելով արևմտահայ իրականության մեջ սոնետի ժանրանվանման ընդունված ձևին՝ դրանք անվանում է  հնչյակ։ Ներկայացնում ենք Վիլյամ Շեքսպիրի 7 սոնետ՝  Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ։
 

1․

Sենչում ենք բերք չքնաղ էակներից,

Որ չմեռնի կյանքի գեղեցկությունը,

Իսկ երբ թոշնի հասունը նրանցից

ժառանգն իր նուրբ պահի հիշողությունը.

Բայց դու լույս աչերիդ սիրահարված,

Քո էության բոցով քեզ հրկիզում ես,

Այնտեղ, ուր լիություն է` սով սփռած.

Քո քաղցր անձի բիրտ թշնամին հենց դու ես:

Դու, որ այսօր պերճանքն ես աշխարհի

Եւ գույնզգույն գարնան ավետաբերը,

Թաղում ես քեզ քո բողբոջում բերրի

Եւ, նուրբ ժլատ, մսխում ես շնորհներդ։

Խղճա. եւ մի թաղիր գերեզմանում,

Մի զարդ, որ աշխարհին է պատկանում։

 

2․

Երբ կգերեն քառսուն ձմեռ ճակատդ

Եւ հանդը գեղության քո կակոսեն,

Կյանքիդ գարնան հպարտ քո հանդերձանքդ

Մի անարժեք քուրձի կվերածեն.

Այդժամ, թե հարց տան, ո՞ւր են գեղությունդ,

Գանձերն ամեն ծաղկուն քո օրերի,

Ասել, թե՝ փոս ընկած աչաց խորքում են,

Դա դառն ամոթ, փուչ գովք լոկ կլինի:

Ինչ լավ կարտահայտվեր խոհեմությունդ,

Թե ասեիր. «Զավակս այս չքնագեղ

Իմ ծերության օրվա արդարացումն է»,

Որ քո պերճանքը նա է ժառանգել:

Եւ թարմ ես դու ժամին քո ծերության

Եւ զգում ես տաք արյուն, երբ սառն է այն:

 

3․

Ասա դեմքին, որ հայելում տեսնում ես.

Եկել է ժամ կերտել այն նոր մարմնում,

Իսկ այլապես՝ աշխարհն արհամարհում ես,

Ինչ-որ մի մոր ես դու դժբախտացնում։

Եւ ո՞ւր է նե, ում անաղարտ ալուցքը

Քո հերկագործությունը չվերցնի:

Կամ ո՞վ է նա, ում եսասեր մոլուցքը

Անմիտ դարձնի՝ սերունդը կասեցնի:

Դու հայելին ես մորդ ու քեզնով

Նա իր կյանքի Ապրիլն է հետ դարձնում.

Եւ դու կնճռոտ տարիներիդ միջով,

Քեզ կտեսնես ոսկի քո օրերում:

Բայց թե կապրես, որ չհիշվես հավետ,

Մեռի՛ր մենակ, պատկերն էլ քո՝ քեզ հետ:

 

19․

Ոհ ժամանակ, հատիր ճանկն Առյուծի,

Պոկիր վայրագ Վագրի սուր ժանիքները

Եւ Փյունիկին իր արյան մեջ այրի՛ր,

Թող հողն ուտի անգին իր պտուղները.

Վազքով կերտիր ուրախ եւ գարշ օրեր.

Արա ուզածդ Ժամանակ անհագ

Բեր պերճանքին այս աշխարհի ավեր

Ես արգելում եմ քեզ սոսկ մեկ հանցանք.

ժամերդ չակոսեն սիրուս նուրբ դեմքը

Հետքով քո հին գրչի գծագրության.

Թող անվնաս թողնի իրեն քո զենքը,

Որպես չքնաղ նմուշ գեղեցկության:

Կամ թե արա՛ սեւ գործդ ժամանակ

Տաղում իմ նա կայտառ է շարունակ։

 

43․

Տեսնում եմ լավ` աչքերս երբ գոցված են,

Զի օրն ամբողջ իրեր են պիղծ դիտում.

Սակայն նայում են քեզ երբ ես քնած եմ,

Եւ մութ լույսով դեպի խավարն ուղղվում։

Իսկ դու, ում ստվերը ստվեր է լուսացնում,

Ի՞նչ պերճ հանդես քո ստվերը կկազմեր

Օրվա եւ քո պայծառագույն լույսում,

Երբ ստվերը քո տեսնում են կույր աչքեր։

Ի՜նչ օրհնություն է աչքերիս համար,

Նայել քեզ պարզ օր-ցերեկով կենդան,

Երբ կույր աչքին քո ստվերը անկատար

Փայլում է նույնիսկ գիշերով դաժան։

Գիշեր է օրը, երբ քեզ չեմ տեսնում,

Եւ օր՝ գիշերը, թե դիտեմ քնում։

 

58․

Չանի աստված, ինձ` ստրուկը ձեր դարձրած,

Որ զվարճությանը ես ձեր հետեւեմ,

Կամ լինելով ավատառուն երդված,

Ձեր ժամերի հաշիվը պահանջեմ։

Ոհ, թող որ, դիմանամ (ձեզ սպասելով)

Բանտված, մինչեւ որ ինձ կնկատեք,

Եւ ընդունեմ ամեն մերժում պատվով,

Եւ ձեզ հանկարծ չմեղադրեմ երբեք:

Եղեք ուր կամենաք` ձեր իրավունքն է,

Դուք ձեզ ձեր ժամանակն եք արտոնում.

Ինքներդ եք ընտրում ուզած զբաղմունքը

Եւ ձեր իսկ զանցանքի համար ներում։

Սպասում եմ ես, դժոխային ցավով,

Ձեր վատ, թե՝ լավ զվարճանքն ընդունելով։

 

141․

Իրավ, ես չեմ սիրում քեզ աչքերով,

Նրանք հազար արատ են նկատում,

Բայց սիրտս իմ սիրում է այլ ձեւով,

Եւ հակառակ` պաշտել է ցանկանում։

Ոչ իմ ունկերն են քո ձայնով գերվել,

Ոչ շոշափումն է` խիստ հակված հպման,

Ոչ համն ու ռունգը կուզեին կանչվել

Քեզ հետ խրախճանքի մի զգայական.

Բայց միտքն ու հինգ զգայարաններն անզոր են,

Երբ մեկ հիմար սիրտ քեզ է ենթարկվում,

Դառնում է մարդն այդ կամազուրկ` անձով իր,

Գոռոզ սրտիդ ստրուկն, ավատառուն։

Իմ փորձանքում մեկ շահ, սակայն, տեսնում եմ.

Մեղքի է նե դրդում, ով եւ պատժում է:

Art 365

23.04.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.