«Ռոսլին» արվեստի հանդեսի 2025 թվականի գարնանային համարի շապիկը հիացնում է իր գարնանային գունագեղությամբ, ոսկու առատությամբ ու թագավորական հանդիսավորությամբ։ Այս ճոխությունը պատահական չէ, քանի որ շապիկին նշանավոր Մալաթիայի Ավետարանի ընծայագիրն է։ Հայկական մանրանկարչության այս գլուխգործոցը ստեղծվել է Կոստանդին Բարձրաբերդցի կաթողիկոսի պատվերով 1268 թ․ Կիլիկիո մանկահասակ արքայազն Հեթում Բ-ին ընծայելու համար։ Իսկ ձեռագիրը ծաղկել է հանճարեող մանրանկարիչ Թորոս Ռոսլինը, որի պատվին է իր անունը ստացել արվեստի հանդեսը։
«Ռոսլինի առավել նշանակալից նորույթներից է մարդկային դեմքերի անհատականացումն ու զգացմունքային, հուզական լարվածության պատկերումը: Զգացմունքային շերտերի խտացում ենք տեսնում նրա մեզ հայտնի առաջին իսկ նկարազարդած մատյանի մանրանկարներում: Այս տաղանդաշատ արվեստագետը դրսևորում է կառուցվածքային ռիթմի արտակարգ զգացողություն, որը շեշտվում էր գույների և գծերի միջոցով ստեղծված թաքնված երկրաչափականությամբ», -գրում է արվեստաբան Սաթենիկ Չուգասզյանը ամսագրի գարնանային համարը բացող «Թորոս Ռոսլինն ու կիլիկյան նշանավոր մանրանկարիչները» հոդվածում։
Սակայն մինչ Թորոս Ռոսլինի արվեստի յուրահատկությունները, իր ընդգրկուն անդրադարձում արվեստաբանը ներկայացնում Կիլիկյան մանրանկարչության զարգացման պատմական ու մշակութային նախադրյալները, ձեռագրական կենտրոնները՝ Հռոմկլա, Դրազարկ, Սևկռա, Ակներ, Թորոս Ռոսլինին նախորդած մանրանկարիչներին ու պահպանված նշանավոր մատյանները՝ Ճաշոցներ, Մաշտոցներ, Ավետարաններ, «Մատյան ողբերգություն»։ Ի թիվս մանրանկարչական այլ նորույթների, Ս․ Չուգասզյանը առանձնացնում է կիլիկյան մանրանկարիչների, ի մասնավորի Թորոս Ռոսլինի արվեստում ակնառու դիմանկարների անհատականացումն ու հուզական լարվածության պատկերումը, որն իհարկե, միջնադարի համար նորույթ էր և մեծ զարգացում է ապրում հետագա շրջանի գեղանկարչության մեջ։
Դիմանակարային արվեստի առանձնահատկություններին, բայց արդեն 20-րդ դարասկզբի հայ գեղանկարչության մեջ, նվիրված է արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի Ստեփան Աղաջանյանի (1863-1940) դիմանկարներին նվիրված անդրադարձը։ Ծնունդով Շուշեցի նկարիչը, կրթություն է ստանում Մարսելում, ապա Փարիզի Ռուդոլֆ Ժյուլիանի գեղարվեստի ակադեմիայում՝ հատկապես մասնագիտանալով դիմանկարի ժանրի մեջ։ Երկար տարիներ նկարիչն ապրում է Դոնի Ռոստովում, ապա վերադառնում Հայաստան՝ ստեղծելեվ իր արվեստի դիմագիծը ներկայացնող տպավորիչ նկարներ․
Ստեփան Աղաջանյանը նաև երկար տարիներ դասավանդել է Երևանի գեղարվեստատեխնիկական դպրոցում և մեծ ազդեցություն ունեցել հայ գեղանկարչության մեջ դիմանակարային արվեստի զարգացման գործում։
Դիմանկար մեկ այլ վարպետի է նվիրված մշակութաբան Մարիաննա Մանուչարյանի հոդվածը։ Աշոտ Մելքոնյանի նկարչությունը բնորոշվում է ռեալիստական ուղղվածությամբ, որոշակի քնարականությամբ, հատկապես վաղ շրջանում, իսկ ստեղծագործության ավելի ուշ շրջանի պատկերները խորհրդանշական երանգներ են ստանում․
«Մելքոնյանի դիմանկարները զուրկ են իդեալականացման ակնհայտ նշաններից: Նրա հերոսներն իրական են իրենց թերություններով և կենցաղային մանրամասներով հանդերձ, ինչը ռեալիստական դպրոցների ազդեցության արտացոլումն էր ինչպես 19-րդ դարի ռուսական ակադեմիական ռեալիզմի (օրինակ` Կրամսկի, Ռեպին), այնպես էլ ֆրանսիական ռեալիստական հոսանքների», -գրում է հոդվածագիրը։
«Ռոսլինի» այս համարի դիմանկարային արվեստին նվիրված ուղղությունն իր յուրահատուկ շարունակությունն է գտնում նկարիչներին նվիրված դիմանկար-հոդվածներում։ Ճանաչված դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի՝ «Իր երազները նկարող նկարիչը» էսսեն նվիրված է ծնունդով Գյումրեցի, սակայն Բելգիայում ապրող և ստեղծագործող նկարիչ Լեո Ավա դե Շիրակի (Լևոն Ավագյան) «L’Ange Passe» ցուցահանդեսին, որն անցյալ տարի տեղի է ունեցել Երևանում։ Հեղինակը նկարչի կտավները վերլուծում է պոեզիայի հետ կապերով, շեշտելով և գրականության և գեղանկարչության համար առանցքային ժամանակի անցողիկության մոտիվը:
Մարտին Հուրիխանյանի անդրադարձը նվիրված է լրագրող, նկարիչ Լևոն Լաճիկյանի գործունեությանն ու ստեղծագործությանը։ Մասնավորապես ներկայացվում են նրա` Կ․ Պոլսի ու Գյումրիի գծանկարները, «Գյումրի, իմ սեր» և «Հայկական եկեղեցիներ» բացիկաշարերը, նրա գծանկարներով ձևավորված նամականիշերը։ Հեղինակը շեշտում է գծանկարչի նուրբ դիտողականությունն ու պատկերվող պատմական կամ ժամանակակից միջավայրերի խորն իմացությունը։
Մեկ այլ դիմանկար-հարցազրույցի հերոս է նկարիչ Խաչիկ Աբրահամյանը։ Հրապարակագիր Վրեժ Առաքելյանի և արվեստաբան Հռիփսիմե Վարդանյանի հեղինակած երեք արարից բաղկացած «Եռաչափ խոստովանանք»-ում Խ․ Աբրահամյանը ներկայացվում է որպես նկարիչ, նաև որպես «Հայ նկարիչների կենտրոնի» և «Հայ կերպարվեստի հիմնադրամի» ղեկավար, որը 1990 թվականից ի վեր մեծ գործունեություն է ծավալում հայ գեղանկարչությունը արտասահմանում հանրահռչակելու ուղղությամբ։
Մեկ այլ դիմանկար էլ նվիրված է դիզայներ նկարիչ, պլակատիստ Արթուր Մանուկյանի ստեղծագործական ընթացքին, մասնավորապես Թեհրանում բացված նրա ցուցահանդեսին։ Հոդվածագիր Սիլվիա Մանուչարյանը մանրամասն ներկայացնում նկարչի տարբեր տարիների աշխատանքները, առանձնապես շեշտելով արվեստագետի քաղաքացիական դիրքորոշումը, որն հատկապես արտահայտվում է պլակատներում։
Հանդեսի այս համարի ճարտարապետական անդրադարձի հերոսը Լևոն Կուրեղյանն է։ Աշոտ Հայկազուն Գրիգորյանի հոդվածում ներկայացվում է հայազգի ճարտարապետի կյանքի ու գործունեության ուրվագիծը։ Լ․Կուրեղյանը 20-րդ դարասկզբին բազմաթիվ նախագծեր է իրականացնում Կ․ Պոլսում, ապա գործունեություն ծավալում Իտալիայում։ Ընդ որում, այնտեղ հիմնում է Հայ ուսանողների միություն, նաև մեծ աշխատանք տանում Հայկական հարցի մասին բարձրաձայնման, Հայաստանի առաջին հանրապետությանն աջակցելու գործում։
Հայ դատի, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերստին բարձրացվում է Հայաստանում 1965 թվականին։ Այս օրերին է, որ Աշտարակի Ուջան գյուղում որոշվում է կանգնեցնել Զորավար Անդրանիկի արձանը։ Չլսված բան Խորհրդային իրականության մեջ։ Այս հայրենասեր ու հանդուգն արարքի, ինչպես նաև արձանի հեղինակ՝ Միքայել Ավետիսյանի կյանքի ու ստեղծագործության դրվագներ են ներկայացվում Դավիթ Մկր Սարգսյանի «Զորավարի անհրազեն զինվորը» էսսեում։ Մեծ դժվարությամբ, գաղտնիության պայմաններում հայրենասեր մարդկանց մի խումբ կարողանում է Մ․ Ավետիսյանի հեղինակած արձանը տեղափոխել Ուջան և 1967 տեղադրել մի բարձունքի վրա։
«Հեղափոխական Ուջանը, մեծ զորավարի կիսանդրու շնորհիվ, դարձավ ինքնատիպ ուխտատեղի, վերածվեց հայրենասիրության և հահանջատիրության, հույսի և արոտի ամոքման էպիկենտրոնի: Այստեղ են շտապում ինչպես տեղի, այնպես էլ արտերկրից եկած մեր հայրենակիցներն ու օտարազգի հյուրեր», -ամփոփում է Դ․ Սարգսյանը։
Նույն թվականներին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի շենքում տեղադրված Հովհաննես Մինասյանի «Ներփակ կորեր» և «Երկրաչափական տարածություն» (1968-1970) խճանկարների ստեղծման պատմությանը, դրանց խորհրդաբանությանն ու նշանակությանն է անդրադառնում արվեստաբան Օվսաննա Քարամյանը:
Հանդեսի նոր համարի երաժշտական բաժնում Դավիթ Ղազարյանի «Պատառիկներ հայ երգչախմբային արվեստի էջերից» ընդգրկուն ակնարկն է։ Հեղինակը ներկայացնում է հայ երգչախմբային արվեստի երկարատև ճանապարհը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչ մեր օրեր, սկսած հայ պատմիչների, մասնավորապես Մովսես Խորենացու ու Փավստոս Բուզանդի խմբային երգեցողության մասին հիշատակումներից, մինչ Երգչախմբային ընկերության գործունեություն։
Պատմահայր Խորենացու փոխանցած հին հայոց բանաստեղծության գլուխգործոց «Վահագնի ծնունդը» երգի մի անչափ հետաքրքիր ընթերցմանն է նվիրված Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի գրախոսությունը։ «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» ուսումնասիրության հեղինակը գործարար, բարերար Գրիգոր Մովսիսյանն է։ Գիրքը լույս է տեսել 2016 թվականին։ Հեղինակը սուրբգրային վկայություններով մեկնաբանում է «Վահագնի ծնունդը»՝ այնտեղ տեսնելով Փրկչի երկրորդ գալստյան նշաններ։
Ըստ Գրիգոր Մովսիսյանի, հայ ժողովրդի բանահյուսական հնագույն հուշարձանները ունեն ոչ միայն պաշտամունքային, գեղագիտական, այլև խորհրդապաշտական ու մարգարեական նշանակություն․
«Հեղինակը, լավագույնս յուրացնելով հազարավոր տարիների խորքից մեզ հասած «Վահագնի ծնունդը» հրաշապատում քերթուածը եւ շաղկապելով այն Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան հետ, թողնում է վախճանաբանական մի կարեւոր պատգամ` ուղղուած համայն հայ ժողովրդին. հոգեպես մաքրազարդվելու, վերականգնվելու տիղմից եւ ապականությունից, որպեսզի արժանի լինենք ճակատաբաց դիմավորելու մեր Տիրոջ հրաշափառ եւ ահեղ զորությամμ վերադարձը դեպի երկիր, երբ պիտի գալարվեն երկինքն ու երկիրը եւ հրդեհվեն ծովերը ծիրանի», -գրում է Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանը։
Կից ներկայացվում է նաև Գրիգոր Մովսիսյանի այս ուշագրավ աշխատության Նախաբանը։
«Ռոսլին» արվեստի հանդեսի 2025 թվականի գարնանային համարը կարող եք ընթերցել այստեղ։