Օգյուստ Ռոդենի ամենից նշանավոր քանդակներից մեկը հայտնի է տարբեր անուններով՝ «Առևանգում», «Մարմնական սեր», «Կատուն» և «Ես գեղեցիկ եմ»։ Այս տպավորիչ քանդակում տղամարդու հզոր, մկանուտ մարմինը կորանում է անսովոր լարվածությամբ։ Նա բարձրացրել է կնոջը, որի մարմինը ծալված է, գրեթե գնդաձև։ Կնոջ դիրքը միաժամանակ ներկայացնում է ինքնամփոփություն, պաշտպանվածություն, բայց նաև ամբողջությամբ տրված-հանձնված լինելու տպավորություն է ստեղծվում։ Տղամարդու մարմնի կորությունը մի կողմից ցույց է տալիս աննկարագրելի ուժ ու կիրք, մյուս կողմից կարծես մատնանշում կնոջ դժվարությամբ պահվող ծանրությունը։ Քանդակը կնոջ ու տղամարդու հավերժական պայքարի՝ սիրո, կրքի, ներշնչման ու հուսահատության, թեթևության ու ծանրության, հեռացումների ու մերձեցումների մարմնացում է։ Եվ այս պայքարը տառապալից լինելով հանդերձ անչափ գեղեցիկ ու պոետիկ։ Սա թերևս պատահական չէ, քանի որ քանդակն իր ծագմամբ կապված է գրական հայտնի ստեղծագործությունների հետ։

Դանտեի Դժոխքի դարպասները
Քանդակի պատմությունը սկսվում է 1880 թվականին, երբ Ռոդենը ձեռնամուխ է լինում իր ամենահավակնոտ նախագծերից մեկին՝ «Դժոխքի դարպասները» (La Porte de l'Enfer) հսկայական քանդակային հորինվածքին։ Ֆրանսիայի կառավարությունը նրան պատվիրել էր ստեղծել դարպասներ՝ նախատեսված Փարիզում կառուցվելիք դեկորատիվ արվեստների թանգարանի համար։ Թանգարանն այդպես էլ չբացվեց, սակայն Ռոդենի ստեղծած դարպասները մնացին։ Ընդ որում, այդ մեծածվալ քանդակից առանձնացվեցին առանձին քանդակներ, որոնք ինքնուրույն կյանք ստացան։ Ի մասնավորի, այդ հորինվածքից է Ռոդենի «Մտածողը» քանդակը»։ Այս նախագծի շրջանակում էլ ձևավորվեց նաև «Ես գեղեցիկ եմ» քանդակը։ Ի սկզբանե «Դժոխքի դարպասների» աջ հենասյան վերին հատվածում տեղադրված «Կքանստած կինը» և «Ընկնող տղամարդը» միահյուսվեցին և ստեղծվեց այս քանդակը, որն իր անունը ստացավ մեկ այլ գրական ստեղծագործությունից։

Շառլ Բոդլերի բանաստեղծությունը
Քանդակի «Ես գեղեցիկ եմ»(Je suis belle) վերնագիրը Ռոդենը վերցրել է Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» ժողովածուի «Գեղեցկություն» (La Beauté) բանաստեղծությունից, որի առաջին տողը թարգմանվում է այսպես․
«Ես գեղեցիկ եմ, ո՜վ մահկանացուներ, ինչպես քարե երազը»/
Je suis belle, ô mortels, comme un rêve de pierre
Շ․ Բոդլերի բանաստեղծության մեջ Գեղեցկությունը խոսում է առաջին դեմքով։ Նա իրեն ներկայացնում է որպես անշարժ, սառը, հավերժական մի էություն, որին մարդկային կրքերը չեն կարող փոխել։ Նրա գեղեցկությունը գրեթե անտարբեր է մարդկային տառապանքի և ցանկությունների նկատմամբ։
Ռոդենի քանդակում, սակայն, այս գաղափարը ստանում է անսպասելի մարմնավորում։ Եթե Բոդլերի Գեղեցկությունը քարե երազ է, ապա Ռոդենի Գեղեցկությունը, թեև քարի մեջ է ամփոփված, սակայն անչափ կենդանի է, շարժուն ու ներշնչող։

Դանիել Վարուժանի թարգմանությունը
Դժվար է ասել, արդյո՞ք Դանիել Վարուժանը տեսել էր Ռոդենի այս քանդակը, սակայն ծանոթ էր ու հիանում էր քանդակագործի ստեղծագործություններով։ Դանիել Վարուժանի հեթանոսական գեղագիտությունը շատ գծերով համեմատելի է Օգյուստ Ռոդենի հայացքների ու արվեստի հետ։ Մեծ քանդակագործին ու հայ մեծ բանաստեղծին միմյանց կապում է նաև Շառլ Բոդլերի բանաստեղծությունը, որը Գենտում ուսանելու շրջանում թարգմանել է Դանիել Վարուժանը․
ԳԵՂԵՑԿՈԻԹՑՈԻՆԸ
Գեղեցիկ եմ, ով մարդիկ, իբրև երազ մը կըճյա(մարմարե, քարե),
Եվ ծոցըս՝ (ուր մեն մի ոք կը սպաննվի ըստ կարգին)
Ըստեղծված է որ շընչե բանաստեղծին համար սեր,
Սեր մը Նյութին պես անխոս, հավերժական Անոր պես։
Ես կապույտին մեջ կիշխեմ իբրև ըսփինքս մանհասու
Կարապներուն ճերմակին կը զուգեմ սիրտ մը ձյունե,
Կատեմ շարժումն՝ որ կընե ճերմակեղեն ըզգեստեն
Իրանը մերկ․ ու երբեք չեմ լար, երբեք չեմ խնդար։
Կեցվածքիս դեմ հոյակապ, որ ինձ տըրված կը թվի
Անդրիներեն վեհադետ, բանաստեղծները բոլոր
Օրերն իրենց պիտ վատնեն ուսմունքներու մեջ դաժան․
Զի դյութելու համար այդ սիրահարները հընազանդ
Ունիմ ամեն բան չըքնադ պատկերող ջինջ հայլիներ,
Որ աչքերս են, լայն աչքերս հավերժորեն լուսավոր։
