«Բաց քո կեղևը ծառ» սկսվածքով բանաստեղծությունը, որը նաև երգի է վերածվել, Ռազմիկ Դավոյանի թերևս ամենահայտնի գործն է։ Այն բյուրեղացնում ու ամբողջացնում է բանաստեղծի ստեղծագործության հիմնական միտումները, պատկերացում տալիս նրա պոեզիայի առանցքային թեմաների ու մոտիվների մասին։ Սկսած առաջին գրքից՝ «Իմ աշխարհը» (1963), ապա նաև «Ստվերների միջով» (1967) «Մեղրահաց» (1973), «Կեղևդ բաց արա» (1973), «Տաք սալեր»(1978) նաև «Ռեքվիեմ» (1969) պոեմում, բանաստեղծին հաջողվում է ինքնահատուկ կերպով համադրել հայ դասական բանաստեղծության ավանդներն ու 20-րդ դարի մոդեռնիստական պոեզիայի սկզբունքները։ Ռ․ Դավոյանի ստեղծագործություններին բնորոշ են հանդարտ ու քնարական տրամադրությունները, որոնք որոշակի հոգեվիճակ ու մթնոլորտ են ստեղծում հետագա խորացումների ու բարդ թեմաների ներկայացման համար։ Տիեզերքի գաղտնիքներ, մարդ և բնություն, ժամանակ և հավերժություն, պատմություն և իրականություն, մարդ և բանաստեղծ․ պոեզիայի ավանդական այս թեմաները Ռ․ Դավոյանի բանաստեղծություններում ներկայացվում են դարի փիլիսոփայական ընդհանրացումների համատեքստում, սակայն բերում են նաև բովանդակային ու ոճական նորություններ, որոնք ինքնահատուկ են հենց Ռ․ Դավոյանի գրչին։ Ներկայացնում ենք Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների մի ծաղկաքաղ։
Բա՛ց քո կեղևը, ծա՛ռ․․․
Բա՛ց քո կեղևը, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ…
Անցան օրեր մեկ-մեկ,
Անցան օրեր զույգ-զույգ,
Ճաշակեցինք և՛ սեր,
Ե՛վ տառապանք, և՛ սուգ:
Հոգնեցրին ինձ արդեն
Օրերը լայն ու նեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Մեղավոր ու անմեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Տխրությունն այս ցանցառ,
Եվ կարոտներն այս խեղճ,
Դե բա՛ց կեղևդ, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ:
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ.-
Այս անծաղիկ դարում
Ես կձուլվեմ քեզ հետ`
Որպես փոքրիկ գարուն:
Որպես թաքուն թախիծ,
Տերևներիդ խորքում
Ես կփայլեմ տխուր
Ու կմտնեմ խոր քուն:
Ու հողմերը թե գան`
Ինձ խլեն քո ձեռքից,
Ես կարթնանամ, ծա՛ռ իմ,
Կըորոտանք մեկից:
Ես կձգվեմ քեզ հետ,
Ես կճկվեմ քեզ հետ
Ու հողմերի ձեռքից
Ես կփրկվեմ քեզ հետ:
Ու մի թաքուն գիշեր,
Երբ բոլորը քնեն,
Ես քեզ կախարդական
Բառեր կըկրկընեմ.
Կերթանք կամա՜ց-կամա՜ց,
Կելնենք թաքու՜ն-թաքու՜ն,
Ու քնի մեջ նրան
Կդարձընենք անքուն:
Նրա երազի մեջ
Կախարդական մի ծառ
Մարդկային ձև կառնի,
Կշնկշնկա կամաց,
Եվ մարդկային լեզվով,
Որպես լեգենդ պայծառ,
Կբարբառի նրան
Անհու՜ն, կորած մի սեր
Եվ մի կարոտ անծայր:
Հետո կամաց-կամաց,
Ցավով մեր շողշողուն,
Որպես կորած տեսիլք,
Մենք կթաղվենք հողում:
Փաթաթվեմ աշնան թափանցիկ օդով․․․
Փաթաթվեմ աշնան թափանցիկ օդով,
և սահեմ աշնան տերևների հետ
Հայրենի երկրի դաշտ ու արոտով:
Տեսնեմ, որ ոչինչ չի փոխվել կրկին,
որ Հայրենական ամեն թուփ ու քար
կարոտ են իրենց երգչին ու երգին:
Եվ աշնանն անգամ ծաղիկները հեզ
պայծառությամբ են նայում աշխարհին,
որ այնպես տխուր գուրգուրում է քեզ:
Որ այնպես տխուր գուրգուրում է քեզ
և հավատում է այնպես սրտագին,
որ իր թախիծը դու պիտի երգես:
Քանի որ հոգիդ լցրել է թախծով,
և ինքն է տերը իր պարգևածի. —
- Գոհանամ առ քեզ, Տեր, քո տվածով։
Չէ՞ր լինի, որ ինձ մի ծաղիկ տայիր,
որ աշնան մեջ էլ ծաղկեր ու ժպտար,
որ սիրեր նա ինձ, գուրգուրեր, գթար,
և դու էլ թավի՜շ, թավի՜շ ժպտայիր:
Փաթաթեիր մեզ թափանցիկ օդով,
որ մենք սահեինք տերևներիդ հետ
քո հեքիաթային դաշտ ու արոտով:
Աստըծո նման խաղաղ պահիր քեզ
Աստըծո նման խաղաղ պահիր քեզ,
աստըծո նման եղիր բարեսիրտ,
նրա պես եղիր հավասարատես
և ծաղկեցըրու նշխարը լույսիդ:
Աստըծո նման եղիր գթառատ,
շուրջդ բարություն ու սեր սերմանիր,
ձեռքդ տար զգույշ, և հոգիներից
չարի, պղծության արմատը հանիր:
Հանիր, քանի դեռ ուշ չէ հավիտյան,
քանի դեռ ցավ կա հոգում բզկտված,
և հավատա, որ քեզ էլ հավատան,
և հավատա, որ խեղճ են ու լքված։
...Քո լեռան վրա չի ծաղկում ոչինչ,
քո լեռն՝ ամայի, և հուզումդ՝ մերկ,
լուսնի տակ շփոթ մի՛ կանգնիր այդպես,
Մի՛ սարսռեցրու կարոտներդ մեղկ:
Եվ թե քեզ ուտեն, դու մի՛ վշտանա,
մի՛ տրտմիր ցավով, այլ լոկ իմացիր,
որ զեռունները մարմինդ կերան՝
նրանք, որ միայն ապրում են հացիվ:
Եվ թեև սուտ է,
թեև չի լինի,
սակայն հավատա կրկին ու կրկին,
որ քո մասունքը նրանց մեջ մի օր
աշխարհ կբերի Հրաշք-Մանուկին:
Եվ հավատալով բաշխիր քեզ, օրհնյա՛լ,
մատուցվիր՝ ինչպես սերն է մատուցվում.
ոգեղեն խոսքը և լույսն աստղերի
ահա գալիս են, քո մեջ ագուցվում։
Հասմիկին
Երբ ուրիշ կլինեն օրերն արդեն,
Երբ ցնդած կլինեմ ցնորքի պես,
Բիբերիդ խոնավ ճանապարհով
Ես անակնկալ կմտնեմ ներս։
Մի օր իմ դարձի անհույս պահին
Կբացես դուռն՝ իմ հուշի դիմաց,
Կդողան մատները քո երկնային,
Կդողան սերերը մատներիդ մեջ,
Չկորցրած ու չգտնըված:
Դու մեղմ կթեքվես իմ տողերին,
Ինչպես որ լքված հուշն են կարդում,
Եվ մի կողմ թողած խոհ ու տարիք,
Մի կապո՜ւյտ-կապո՜ւյտ ակնթարթում
Կհառաչես դու հազար անգամ,
Ինչպես հազար կողմից խուժող ալիք:
Քեզ ընդառաջ, ոնց կապույտ միրաժ,
Իմ պատկերով իմ ձայնը կգա՝
Լքված խոհերից ու աշխարհից,
Հասմի՜կ, Հասմի՜կ, Հասմի՜կ, — խո՜ւլ կզնգա:
Եվ հնչյունները մանրահատիկ
Քո ամեն ներվից կարձագանքվեն,
Եվ ես կլցվեմ կողերիդ մեջ,
Որ անդառնալի փակվեմ, փակվեմ։
Եվ ես չեմ ելնի էլ ոչ մի օր։
Ոչ մի ակնթարթ չեմ լքի քեզ,
Քո կողերի մեջ կննջեմ խոր
Սիրահարի ու մեռյալի պես:
Եվ ոչ մի աղետ, ոչ մի մրրիկ
Ինձ քո կողերից էլ չի հանի,
Ավեր աշխարհում կշրջենք մենք,
Որպես առասպելից պոկված քամի:
Անցանք թեթև
Անցանք թեթև ու
տրտմորեն
անմիտ անցանք,
անցանք՝ որպես
մութ օրերի
մռայլ հանցանք:
Անցանք տխուր
երազելով,
օրերի դեմ
կակազելով,
կյանքի թելին
ուլունքների
նման անգին
շարելով մեր
օրերը որբ
ու տրտմագին:
Հիմա էլ ո՞վ
գուրգուրելով
պիտի կրծքին
տանի հպարտ
ուլունքաշարն
այդ շափյուղա,
հիմա էլ ո՞ւմ
կրծքի վրա
տրտմությունն այդ
պիտի շողա...
Վայրկյանները ջարդված ծառեր են
Վայրկյանները ջարդված ծառեր են—
կախվել են օդի մեջ:
Վայրկյաններն արցունքի զրնգուն կաթիլներ են —
մեր ծանր ոտքերի տակ
տափակում են նրանք,
ու դառնում են աշուն՝ նախշուն կամ ոչ նախշուն:
Անցնող տարիները կտրված մատներ են մեր ձեռքերի վրա. —
անցնող տարիները
կտրված ձեռքեր են,
կտրված ծառեր են.—
մենք քանի՞ ձեռքեր ենք կորցրել աշխարհում:
Ասում են՝ չի եղել, ասում են՝ չունեինք. —
մենք մի սիրտ ունեինք,
դարձրինք դամբարան,
և մեր սիրտը հիմա լիքն է այնքան,
որ օդ չկա անգամ աճյունների համար:
Մենք քանի՞ ձեռքեր ենք
կորցրել աշխարհում: