Սովետահայ էստրադան, այդ շրջանի ռադիո և հեռուստատեսային եթերն անհնար է պատկերացնել առանց Ռաիսա Մկրտչյանի(1942-2026 թթ․)։ Իր կատարողական բարձր վարպետությամբ, ինքնահատուկ տեմբրով, անկեղծ ու հուզական կատարումներով, երգչուհին սիրվել է տարբեր սերունդների հանդիսատեսի կողմից։ Ավելի քան կես դար նրա ձայնը հնչել է Հայաստանի և աշխարհի հեղինակավոր բեմերից՝ դառնալով հայկական երգարվեստի խորհրդանիշներից մեկը։ Ներկայացնում ենք սիրված երգչուհու կենսագրության 5 ուշագրավ փաստ, նրա 5 նշանակալի երգերի ուղեկցությամբ։
1.Ռաիսա Մկրտչյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, սակայն դեռևս ուսանողական տարիներին երգը հաղթեց, և նա այդպես էլ չդարձավ դաշնակահարուհի, այլ ընտրեց երգչուհու ճանապարհը։
Մայրամուտ, հեղ․ Է․ Մակարյան, Գ․ Բանդուրյան
2. Իր երկարատև և հաջող ստեղծագործական ընթացքում Ռաիսա Մկրտչյանն ավելի քան 400 երգ է ձայնագրել։ Դրանց մեծ մասը տարիներ շարունակ հնչել են ռադիո և հեռուստատեսային եթերներում և ընդգրկված են հայկական էստրադային ժառանգության ոսկե ֆոնդում։
Քո աչքերի հետ, հեղ․ Ռ․ Ամիրխանյան, Ա․ Կիրակոսյան, 1968
3. Ռաիսա Մկրտչյանը եղել է հայ նշանավոր կոմպոզիտորների՝ Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի և այլոց ստեղծագործությունների առաջին կատարողը։
Արդյոք հիշում ես, հեղ․ Ա․ Սաթյան, Դ․ Հովհաննես, 1986
4. Երգչուհին հայկական եստրադային երգը ներկայացրել է աշխարհի մեծ բեմերում։ Նա համերգներով հանդես է եկել Նյու Յորքի «Metropolitan Opera»-ում, «Carnegie Hall»-ում, ինչպես նաև Սիդնեյում, Մոնրեալում, Բեյրութում, Բուենոս Այրեսում և այլուր։
Լուսնյակը ցոլաց, ժողովրդական, 1979
5. Ռաիսա Մկրտչյանը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ էր։ Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով և արժանացել Երևանի պատվավոր քաղաքացու կոչման։
Դու ինչպես մի աստղ, հեղ․ Ռ․ Ամիրխանյան, Գ․ Բանդուրյան, 1970